Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1093-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետի «ա» ենթակետը «բանկերը» բառից հետո լրացնել «եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը» բառերով.

2) 4-րդ կետի «ժդ» ենթակետում հանել «եւ աուդիտորները» բառերը.

3) 4-րդ կետի «ժէ» եւ «ժը» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ կետի «ի»-«իգ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ի. իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք,

իա. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականության եւ հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության եւ 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ
6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,

իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության եւ հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի, 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,

իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության եւ հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման փաստի հրապարակման արգելքի մասով՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվառման պարտականության եւ 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.».

5) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են: Ընդ որում, սույն օրենքի 4-րդ եւ 23-րդ հոդվածները ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում, իսկ սույն օրենքի
25-րդ հոդվածը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում է միայն դրանց՝ 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.».

6) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ տվյալ գործունեությունը կարգավորող ոլորտային օրենսդրության հիման վրա փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինն է.».

7) 10-րդ, 27-րդ, 32-րդ եւ 34-րդ կետերում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

8) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, ում իրականում (փաստացի) պատկանում է իրավաբանական անձ հաճախորդը կամ որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ որի անունից կատարվում է գործարքը: Տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառու են համարվում տրաստի հիմնադիրը, կառավարիչը, շահառուն (այդ թվում՝ շահառուների դասը), շահերի պաշտպանը (առկայության դեպքում) եւ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձինք, իսկ այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք կամ համանման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք: Իրավաբանական անձի իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 եւ ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով.

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.».

9) 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունն է, ինչպես նաեւ տրաստը կամ այլ համանման իրավաբանական կազմավորումը, եթե համապատասխան դրույթի բովանդակությունից չի բխում, որ դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությանը.».

10) 16.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16.1) տրաստը օտարերկրյա իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից կառավարման նպատակով փոխանցված գույքի հետ կապված գործարքներ՝ ի շահ տրաստի շահառուի կամ որոշված այլ նպատակով.».

11) 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«21) բարձր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին.».

12) 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«23) ցածր ռիսկի չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին.».

13) 24-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում հաշվետվություն տրամադրող անձը կարող է իրականացնել գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության՝ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված նվազեցված միջոցառումներ.».

14) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգում զգալի ռազմավարական բացեր ունեցող արտասահմանյան երկիրը կամ տարածքն է, որը ներառվել է լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում.».

15) 31-րդ եւ 32-րդ կետերում «լիազոր մարմնի իրավական ակտերով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից հրապարակված ուղեցույցով» բառերով.

16) 33-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«33) ահաբեկչության հետ կապված անձը ցանկացած անձ է, որն ահաբեկչության կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում.».

17) 33.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հետ փոխկապակցվածության հիմքով ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված ցանկերում.».

18) 37-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«37) գույքի սառեցումը գույքի փոխանցման, փոխարկման, տնօրինման կամ դրա փաստացի շարժի անորոշ ժամկետով արգելքն է, ինչպես նաեւ գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն հասանելի դարձնելու արգելքը.».

19) 41-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«41) հաշվետվություն տրամադրող անձանց խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում եւ համակարգում է խմբի այլ անդամների, այդ թվում՝ դուստր ընկերությունների, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեությունը, եւ որի անդամները ամբողջ խմբի համար կիրառում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր քաղաքականություն եւ ընթացակարգեր.».

20) 42-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական հաստատությունները եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր վերաբերելի գործոնները եւ դրանց հիման վրա որոշեն ռիսկի ընդհանուր մակարդակը եւ կիրառման ենթակա զսպման մեխանիզմների բնույթը: Ռիսկերի գնահատման արդյունքում ֆինանսական հաստատությունները եւ ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ առկա ռիսկերին համապատասխան:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով նախատեսված ռիսկերի գնահատման արդյունքները ֆինանսական հաստատությունների եւ ոչ ֆինանսական հաստատությունների ու անձանց կողմից ենթակա են պահպանման առնվազն 5 տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ աուդիտորները» բառերը, իսկ «բացառությամբ այն դեպքերի, երբ» բառերից հետո լրացնել «հաշվետվություն տրամադրող անձը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 6-րդ մասերում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

2) 4-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «եւ» բառով.

3) 4-րդ մասի 1-ին կետում հանել «եւ աուդիտորների» բառերը.

4) 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հաճախորդի» բառից հետո լրացնել «դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ» բառերով.

5) 4-րդ մասի 2-րդ կետում «միայն հետեւյալ» բառերը փոխարինել «1 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող միայն հետեւյալ գործարքների (փոխկապակցված միանգամյա գործարքների)» բառերով.

6) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ՝ միայն հետեւյալ դեպքերում՝

ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,

բ. որպես ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ), ընկերակցության մասնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,

գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,

դ. տրաստի կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ համանման իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,

ե. որպես այլ իրավաբանական անձի իրավասու անվանատեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).».

7) 4-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

8) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք՝ միայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով:».

9) 5-րդ մասում «ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի» բառերը փոխարինել «հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում՝ խմբի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է» բառերից հետո լրացնել «լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակված» բառերով.

2) 3-րդ մասում «ժամկետում» բառը փոխարինել «ժամկետով» բառով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Լիազոր մարմնում հաշվառման պարտականությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) կամ լիցենզավորման պահանջ նախատեսված չլինելու դեպքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործունեության իրականացումը սկսելուն հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:

2. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձը, ով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, բնակություն հաստատելու կամ համապատասխան գույքի կառավարումը սկսելուն հաջորդող 3-ամսյա ժամկետում պարտավոր է հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «կասկածելի որակելու, կասեցնելու» բառերը փոխարինել «կասկածելի որակելու հարցը դիտարկելու, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետում «այդ թվում՝» բառերը փոխարինել «ինչպես նաեւ» բառերով եւ «հաստատումը» բառը փոխարինել «հրապարակումը» բառով.

3) 1-ին մասի 8-րդ կետում հանել «այլ» բառը.

4) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) ֆինանսական հաստատությունների կողմից փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.».

5) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաեւ տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը.».

6) 1-ին մասի 11-րդ կետում հանել «, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելը» բառերը.

7) 1-ին մասի 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

8) 1-ին մասի 14-րդ կետից հանել «, ինչպես նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը» բառերը.

9) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

«16.1) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության նպատակով համաձայնագրեր կնքելը.».

10) 1-ին մասի 17-րդ կետից հանել «միջազգային կառույցների եւ» բառերը, ինչպես նաեւ հանել «համագործակցության համաձայնագրեր կնքելը,» բառերը.

11) 1-ին մասի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների կամ արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը՝ կազմված ցանկը նախապես կարծիքի ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին.».

12) 2-րդ մասում «կանոնադրության եւ» բառերը փոխարինել «կանոնադրության, ինչպես նաեւ» բառերով.

13) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունման իրավասությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված գործերով վարչական տույժեր նշանակում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:».

14) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցները մինչեւ հրապարակումը ենթակա են համաձայնեցման լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի հետ:».

15) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.

«4.2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված իրավասությունների իրականացման շրջանակներում լիազոր մարմինը կարող է սահմանել տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պայմաններ եւ ժամկետներ, որոնք ենթակա են պահպանման հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:».

16) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին եւ ղեկավարի տեղակալին լիազոր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձի առաջարկով աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի» բառերով.

2) 1-ին մասի 13-րդ կետից հանել «որակավորման կարգը եւ» բառերը.

3) 1-ին մասի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելը առաջարկելու կամ անձանց ներառելու, այդպիսի ցանկերից անձանց հանելը առաջարկելու կամ անձանց հանելու, գույքի սառեցումը վերացնելու, սառեցված գույքը համալրելու, ինչպես նաեւ սառեցված գույքի հաշվին վճարումներ կատարելը թույլատրելու կարգը.»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում

1) 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «30-օրյա ժամկետում» բառերով.

2) 7-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

3) 8-րդ մասի 2-րդ կետում «արգելադրված գույքի արժեքը» բառերը փոխարինել «արգելադրված գույքի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.

4) 8-րդ մասի 5-րդ կետում «բռնագրավված գույքի արժեքը» բառերը փոխարինել «բռնագրավված գույքի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.

5) 8-րդ մասի 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

6) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների, ներկայացված հայցադիմումների եւ կայացված վճիռների թվի, ինչպես նաեւ արգելադրված եւ բռնագանձված գույքի վերաբերյալ տեղեկություններ:»:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «համագործակցում են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ նախորդող հանցագործությունների դեմ պայքարի նպատակով համագործակցում են» բառերով.

2) 2-րդ մասում «փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ նախորդող հանցագործությունների» բառերով:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «արժեթղթեր» բառը փոխարինել «բաժնետոմսեր» բառերով.

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքը 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է իրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն սույն հոդվածով նախատեսված կարգով եւ դեպքերում: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի եւ իրական շահառուի) ինքնությունը ստուգել գործարար հարաբերություն հաստատելուց հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, եւ դա անհրաժեշտ է հաճախորդի բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարքների առնչությամբ:».

3) 5-րդ մասում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

4) 6.1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

5) 7.1-ին մասում «Տրաստի կառավարիչ հանդիսացող» բառերից հետո լրացնել «կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող» բառերով, ինչպես նաեւ հանել «(այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը)» բառերը:

Հոդված 15. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ նախադասությամբ՝

«Բարձր ռիսկի չափանիշի առկայությունը գնահատելիս հաշվետվություն տրամադրող անձը պետք է նաեւ հաշվի առնի կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի շահառուին վերաբերող տվյալները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկի հաճախորդի եւ նրա իրական շահառուի, ինչպես նաեւ կյանքի ապահովագրության շահառուի, իսկ սույն հոդվածի 4.1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում նաեւ նրա իրական շահառուի քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքը պարզելու ուղղությամբ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի եւ կիրառի գործարար հարաբերություն հաստատելուց հետո հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի եւ իրական շահառուի) ինքնության ստուգման դեպքերին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն, որը կներառի առնվազն այն պայմանները (այդ թվում՝ կատարման ենթակա գործարքների սահմանափակ բնույթը, քանակը կամ արժեքը), որոնց առկայության դեպքում հաճախորդը կարող է հաստատված գործարար հարաբերության շրջանակներում գործարքներ կատարել մինչեւ ինքնության ստուգումը:».

4) 4-րդ մասում «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ» բառերը փոխարինել «այլ համանման» բառերով.

5) 4.1-ին մասում «ապահովագրական վկայագրի պայմանագրի» բառերը փոխարինել «ապահովագրական պայմանագրի կամ(վկայագրի» բառերով, իսկ «Ընդ որում» բառերից հետո լրացնել «, հաշվետվություն տրամադրող անձը սույն մասով նախատեսված պարտականությունը կատարում է» բառերով.

6) 4.1-ին մասի 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

7) 4.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում՝ ողջամիտ քայլեր ձեռնարկելով իրավաբանական անձ շահառուների իրական շահառուին նույնականացնելու եւ նրա ինքնությունն ստուգելու նպատակով:»:

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) փաստաթղթավորի իր եւ թղթակից հաստատության փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատասխան պարտականությունները.»:

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ձեռք բերի եւ պահպանի» բառերը փոխարինել «ձեռք բերի, պահպանի եւ փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում ներառի» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) փոխանցում կատարողի եւ փոխանցումն ստացողի հաշիվների համարները, իսկ եթե գործարքը չի կատարվում փոխանցում կատարողի եւ փոխանցումն ստացողի հաշվի օգտագործմամբ՝ փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը.».

3) 1-ին մասի 3-րդ կետում «փոխանցում կատարողի կամ» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող դրամական փոխանցման պահանջի դեպքում նաեւ փոխանցում կատարողի» բառերով.

4) 2-րդ մասից հանել 1-ին նախադասությունը.

5) 3-րդ մասում «հարակից» բառը փոխարինել «համապատասխան» բառով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ֆինանսական հաստատությունը, որը միաժամանակ հանդես է գալիս որպես դրամական փոխանցումն ուղարկող եւ դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատություն կամ վերահսկում է դրամական փոխանցումն ուղարկող եւ դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատությունները.

1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցը դիտարկելիս պարտավոր է հաշվի առնել փոխանցումը կատարողին եւ փոխանցումը ստացողին վերաբերող բոլոր տեղեկությունները.

2) անդրսահմանային դրամական փոխանցման դեպքում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը պարտավոր է, կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան, տրամադրել բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կասկածելի դրամական փոխանցումը:»:

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասում «5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.

3) 4-րդ մասում «վարույթի հանրային մասնակիցների, ինչպես նաեւ աուդիտորների» բառերը փոխարինել «ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների» բառերով:

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ունենա եւ կիրառի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով, իսկ «Ֆինանսական խումբը» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց խումբը» բառերով.

2) 1-ին մասի 7-րդ կետը «ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերից հետո լրացնել «ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության տվյալների համադրման եւ» բառերով.

3) 1-ին մասի 11-րդ կետում հանել «կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ» բառերը.

4) 1-ին մասի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) հաշվետվություն տրամադրող անձանց խմբի դեպքում՝ խմբի անդամների միջեւ տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ հաճախորդների, հաշիվների կամ գործարքների վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը, փոխանակված տեղեկությունների օգտագործման եւ գաղտնիության ապահովման երաշխիքները.».

5) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնում հաշվառվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում եւ լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերը: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը դրանք հաստատման պահից մեկշաբաթյա ժամկետում տրամադրում է լիազոր մարմնին:»:

Հոդված 20. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է համապատասխանեն լիազոր մարմնի սահմանած մասնագիտական համապատասխանության չափանիշներին:»:

Հոդված 21. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերը փոխարինել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության» բառերով.

2) 2-րդ մասը «Լիազոր մարմինն իրավասու է» բառերից հետո լրացնել «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման կամ նախորդող հանցագործության կասկածի առկայության դեպքում» բառերով:

Հոդված 22. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները,» բառերը փոխարինել «օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով, 17-րդ հոդվածով, կամ 18-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 4.1-ին մասերով նախատեսված պարտականություններից որեւէ մեկը» բառերով.

2) 2-րդ մասում «այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունները» բառերը փոխարինել «հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի եւ իրական շահառուի) ինքնության ստուգում» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դրամական փոխանցում ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի դրամական փոխանցման պահանջը, եթե հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները եւ դիտարկի գործարքը սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:»:

Հոդված 23. Օ րենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը

1. Յուրաքանչյուր անձ պարտավոր է անմիջապես սառեցնել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը՝ առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու: Սառեցման է ենթակա Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում ներառված անձանց՝ ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանող կամ նրանց կողմից ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկող գույքը, այդպիսի գույքից ստացված կամ ձեւավորված եկամուտները, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված ցանկերում ներառված անձանց անունից հանդես եկող կամ նրանց ցուցումով գործող անձանց պատկանող գույքը: Սույն հոդվածի իմաստով պարտադիր չէ, որ սառեցման ենթակա գույքը կապված լինի ահաբեկչական կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման գործողության, ծրագրի կամ սպառնալիքի հետ:

2. Յուրաքանչյուր անձի արգելվում է ուղղակի կամ անուղղակի, ամբողջությամբ կամ համատեղ հասանելի դարձնել գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց, նրանց ուղղակի կամ անուղղակի պատկանող կամ նրանց կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող անձանց, ինչպես նաեւ նրանց անունից կամ նրանց ցուցումով գործող անձանց:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պետք է ներդրվեն եւ կիրառվեն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տվյալների համադրումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ:

4. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով նախատեսած հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ ներպետական կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքով կազմում, վերանայում եւ լիազոր մարմնի ինտերնետային կայքում հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ներպետական ցանկեր, ինչպես նաեւ որոշում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն օտարերկրյա իրավասու մարմինների կողմից հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդպիսի ցանկերից հանելը առաջարկելու հիմքերի առկայության հարցը: Եթե առկա են Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն օտարերկրյա իրավասու մարմինների կողմից հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդպիսի ցանկերից հանելը առաջարկելու հիմքեր, լիազոր մարմինը գործընթացը նախաձեռնելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին:

5. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում անձանց ներառելու կամ այդպիսի ցանկերից անձանց հանելու հնարավոր հիմքերի առկայության դեպքում այդպիսի հիմքերի տիրապետող ներպետական եւ օտարերկրյա իրավասու մարմինները, ինչպես նաեւ հաշվետվություն տրամադրող անձինք համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները, ներկայացնում են լիազոր մարմնին:

6. Սառեցումը վերացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերից անձին հանելու, ինչպես նաեւ գույքը սխալմամբ սառեցվելու դեպքում:

7. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով դիմել իրեն ցանկերից հանելու կամ սառեցված գույքի հաշվին ծախսերի դիմաց վճարումներ կատարելը թույլատրելու խնդրանքով:

8. Հաշվետվություն տրամադրող անձը սույն հոդվածի հիման վրա սառեցում կիրառելու դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի եւ տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվությունը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սառեցումը վերացնելու մասին որոշում կայացնելու դեպքերի:

10. Սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները բարեխիղճ կատարած անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված պարտականություններից բխող գործողությունների կատարման համար:»:

Հոդված 24. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց, ոչ առեւտրային կազմակերպությունների, տրաստերի կառավարիչների եւ այլ համանման իրավաբանական կազմավորումների առնչության կառավարման գործառույթներ իրականացնող անձանց նկատմամբ վերահսկողությունը».

2) 1-ին մասում «Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ» բառերը փոխարինել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից» բառերով, իսկ «վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը՝» բառերից հետո լրացնել «սույն օրենքով եւ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից սույն հոդվածով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում՝ վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը՝ սույն օրենքով եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձը, ով բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում պահպանել.

1) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման իրական շահառուներին նույնականացնող տեղեկությունները.

2) այն դեպքում, երբ տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կողմերը իրավաբանական անձինք կամ իրավաբանական կազմավորումներ են, դրանց առնչությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները.

3) տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման անունից հանդես եկող կամ դրան ծառայություններ մատուցող անձանց նույնականացնող   տեղեկություններ:».

5) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցները կարող են ոչ առեւտրային կազմակերպություններից, տրաստի կառավարիչ հանդիսացող կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձանցից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել սույն հոդվածով նախատեսված կամ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներից բխող այլ արդիական եւ հավաստի տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):»:

Հոդված 25. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «4-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ եւ 4.1-ին մասերով» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաեւ վարկային բյուրոների կողմից սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված դեպքերի յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչեւ հինգ հազարապատիկի չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասով.

«4.1. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների եւ անձանց, ինչպես նաեւ վարկային բյուրոների կողմից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ տասը հազարապատիկի չափով:

4.2. Ոչ առեւտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ տրաստի իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

4.3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաեւ խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ՝ սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:».

4) 6-րդ եւ 7-րդ մասերում «նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է» բառերը փոխարինել «կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է» բառերով:

Հոդված 26. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ եւ 16-րդ կետերը եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակման պահից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակման պահից հետո վեց ամսվա ընթացքում: Սույն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ հաստատվող Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դրույթները գործելու են սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական ակտը ենթակա է ընդունման սույն օրենքի հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում: Մինչեւ սույն մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտի ուժի մեջ մտնելը ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի կազմումը, վերանայումը եւ հրապարակումը իրականացվելու է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ներքին իրավական ակտերը հաշվետվություն տրամադրող անձը հաստատում է եւ լիազոր մարմին է ներկայացնում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

6. Լիազոր մարմնում չհաշվառված իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, թանկարժեք մետաղների դիլերները, թանկարժեք քարերի դիլերները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց գրանցման եւ կառավարման ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են հաշվառվել լիազոր մարմնում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: