Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 136. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը
1. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈԻՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության 23.08.1990 թվականի անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, իսկ 12-րդ կետի համաձայն հռչակագիրը հիմք է սահմանդրության եւ հանրապետության օրենսդրության մշակման, ինչպես նաեւ պետական մարմինների գործունեության համար:
Ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանդրության նախաբանում, այն ընդունվում է՝ հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, հիմնական օրենքով փաստելով պետականորեն Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղեգծի ամրագրումը:
Հատկանշական է, որ դեռեւս 1988 թ. նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է օրենք «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» եւ ապրիլի 24-ը հայտարարել «Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Թեեւ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, սակայն այն չունի հատուկ մոտեցում Հայոց Ցեղասպանությանը, ինչը կարծում ենք այս դեպքում արդարացված չէ, քանի որ նախ բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել եւ դատապարտել են հայ ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունը: Բացի այդ, ուսումնասիրելով միջազգային փորձը, հարկ է արձանագրել, որ ցեղասպանությունը հերքելը, մերժելը կամ ուրանալը քրեորեն պատժելի արարք է համարվում աշխարհի շատ երկրներում:
Այս առումով հարկ է նշել, որ Եվրոպական միությունը 2008թ փետրվարի 26-ին ընդունված 16771/07 օրենսդրական ակտ կամ այլ գործիքներ փաստաթղթով հորդորում է անդամ երկրներին հարմոնիզացնել եւ քրեորեն պատժելի արարք համարել մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, հրապարակայնորեն քաջալերելը, ժխտելը, հերքելը, մերժելը, ուրանալը եւ այլն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայոց պատմության քառուղիներում Հայոց ցեղասպանությունը ամենաողբերգական ու չսպիացող վերքն է: Հայ ժողովրդի բնաջնջունից բացի, տեղի ունեցավ նաեւ հայրենազրկում: Այն իր ծավալով ու հրեշային ծրագրով աննախադեպ էր նաեւ համաշխարհային պատմության ընթացում:
Ցավոք, ժամանակին Հայոց ցեղասպանության անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրեցին մարդկության դեմ նորանոր ոճիրների:
Մասնավորապես, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների ցեղասպանության համար:
Ռաֆայել Լեմկինը, որը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը եւ որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, Հայոց ցեղասպանությունը վկայակոչում էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իրագործվել է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմին ներհատուկ բոլոր ձեւերի գործադրմամբ՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի բնաջնջմամբ տեր դառնալ նրա բնօրրանին: Բացի այդ, Հայոց ցեղասպանության հերքումը, ի տարբերություն մյուս ցեղասպանությունների, որոնք իրականացվում են հիմնականում մասնավոր անձանց կամ կազմակերպությունների կողմից, կատարվում է որոշ պետությունների (Թուրքիա, Ադրբեջան եւ այլն) պաշտոնական եւ բազմակողմանի աջակցությամբ: Նրանք խոշոր միջոցներ են ծախսում այդ նպատակով՝ ներգրավելով նաեւ այլ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, կրթական ու գիտական հաստատությունների, քաղաքական գործիչների ու այլ անձանց:
Հետեւաբար, սույն նախագծով սահմանվում է քրեական պատասխանատվության դրույթ՝ հատուկ Հայոց ցեղասպանության հերքման համար, որը բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության նկատառումներից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծի ընդունումը հատկապես հրատապ է ներկայումս Հայոց ցեղասպանությունը ուրանալու բազմաթիվ փորձերի լույսի ներքո: Այն համահունչ կլինի եվրոպական օրենսդրությանը եւ օրենսդրորեն կամրապնդի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը: