Հոդված 1. «Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.1-ին հոդվածի 1-ին մասը մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների) տեղադրելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ, եւ տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈւԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը, վերասարքավորված կամ լրացուցիչ տեղադրված խլացուցիչների ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնել շչակների ձայնը լսելը, արձագանքելն արտակարգ տրանսպորտային միջոցների ազդանշաններին եւ երթեւեկել:
1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Մեքենաներում բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների բարձր ձայնը չի կարգավորվում որեւէ օրենքով, ինչի արդյունքում շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը եւ խլացուցիչների ձայնը խանգարում է հասարակական անդորրը եւ բարձրացնում աղմուկային աղտոտումը:
Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների եւ ազդել մարդկանց ֆիզիկական, մտավոր առողջության վրա հանգեցնելով՝ սթրեսի, քնի խանգարումների եւ առողջական այլ խնդիրների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ճանաչում է աղմուկի աղտոտումը, որը սահմանվում է որպես մարդու գործունեության հետեւանքով առաջացած անբարենպաստ աղմուկ, որպես հանրային առողջության լուրջ խնդիր: Աղմուկային աղտոտվածությունը համարվում է երրորդ ամենավնասակար գործոնը խոշոր քաղաքներում:
Որպես այդպիսին, Աշխատանքի անվտանգության եւ առողջության ասոցիացիան (OSHA) սահմանել է 90 դբ որպես ժամանակի կշռված միջին (TWA) 8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում աղմուկի ազդեցության համար, մինչդեռ Աշխատանքի անվտանգության եւ առողջության ազգային ինստիտուտը (NIOSH) սահմանում է սահմանը 85 դբ-ով:
Համաշխարհային մասշտաբով երթեւեկության աղմուկը շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրն է եւ գնահատվում է, որ օրինակ Եվրոպայի արեւմտյան մասում տարեկան մեկ միլիոն առողջ կյանքի տարիներ կորչում են երթեւեկության հետ կապված աղմուկի պատճառով: Շվեդիայում երթեւեկության աղմուկին վերագրվող հաշմանդամության եւ վաղաժամ մահացության հետեւանքով կորցրած տարիների (DALY -Դեիլի) թիվը գնահատվում է 41,033 տարի, մինչդեռ Գերմանիայում, ընդհանուր առմամբ, 26,501 Դեիլի վերագրվում է ճանապարհային երթեւեկության աղմուկին:
Բացի աղմուկային աղտոտումից անվտանգային տեսանկյունից բարձր աղմուկը կարող է շեղել ուշադրությունը, ինչը դժվարացնում է լսելը, թե ինչ է կատարվում մեքենայից դուրս եւ շեղում է վարորդների կենտրոնացումը ճանապարհից: Այս շեղումը կարող է մեծացնել ճանապարհային վթարների վտանգը:
Բրիտանացի հոգեբան Սայմոն Մուրի 2017 թվականի ուսումնասիրության համաձայն՝ արագ տեմպով երգերը կարող են ստիպել վարորդներին արագացնել իրենց ընթացքը՝ համապատասխանեցնելով այն երգի ռիթմին: Նա պարզել է, որ րոպեում 100-ից ավելի զարկ (բիթեր) ունեցող երգերը ստիպում են վարորդներին ավելի արագ վարել: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ երբ վարորդները 95 դբեցիբելից ավելի երաժշտություն են լսում, նրանց արձագանքման արագությունը դանդաղում է 20%-ով:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հասարակական անդորրը չխախտելու, աղմուկի աղտոտում չառաջացնելու համար առաջարկում ենք արգելել տրանսպորտային միջոցներում տեղադրել լրացուցիչ ուժեղացուցիչներ եւ բարձրախոսներ, դրանցից հնչող բարձր երաժշտությունն արգելելու համար, ինչպես նաեւ արգելել տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ տեղադրել:
Միաժամանակ առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ օրենքը խախտելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կիրառելու համար:
2. Կարգավորման առարկան
Օրենսդրական նախագիծը թույլ չտալով մեքենաներում լրացուցիչ ուժեղացուցիչների եւ բարձրախոսների տեղադրումը եւ արգելելով դրանցից հնչող բարձր երաժշտությունը, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ տեղադրել արգելելը կարգավորում է հասարակական անդորրի պահպանումը, նվազեցնում երթեւեկության ընթացքում վարորդների ուշադրության հնարավոր շեղումը, նպաստում է ճանապարհային անվտանգության ապահովմանը, աղմուկի աղտոտվածության նվազեցմանը եւ համայնքներում կյանքի ընդհանուր որակի բարձրացմանը: