Armenian ARMSCII Armenian
Կ-101916-05.03.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 16-րդ եւ 17-րդ կետերը «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.

«17.1) կրիպտոակտիվ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ, այդ թվում՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների.».

3) 38-րդ կետը «գուդվիլից» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվներից» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները

1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Կրիպտոակտիվների օտարման գործարքների մասով եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաեւ կրիպտոակտիվների ձեռքբերման ծախսերը կարող են փաստաթղթավորվել նշված գործարքները հիմնավորող՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «գ» ենթակետը «ակտիվի» բառից հետո լրացնել «, ֆինանսական ակտիվի, կրիպտոակտիվի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.»:

Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59-րդ կետով.

«59) կրիպտոակտիվի օտարումը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) կրիպտոակտիվի օտարման գործարքի դեպքում կրիպտոակտիվի սկզբնական արժեքի այն մասը, որը գերազանցում է կրիպտոակտիվի օտարման գործարքի դիմաց հաշվեգրված եկամտի գումարը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում «(այդ թվում՝ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների)» բառերը փոխարինել «(այդ թվում՝ հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, կրիպտոակտիվների)» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 16-րդ կետը «օտարումից ստացվող եկամուտները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն մասի 16.1-ին կետով սահմանված՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  16.1-ին կետով.

«16.1) կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, բացառությամբ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների.»:

Հոդված  9. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի «11-րդ մասով» բառերը փոխարինել «9.1-ին եւ 11-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է մեկ տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը եւ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը «ապահովագրական բրոկերները,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք,» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասը «ակտիվների» բառից հետո լրացնել «, ֆինանսական ակտիվների, կրիպտոակտիվների» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: