Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասը «հաշվանցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 886.2-րդ հոդվածով.
«Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն
1. Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում եւ պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
2. Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:
3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով:
4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով նաեւ սահմանվում է, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: