Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8141-27.02.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123.2-րդ, 157.13-րդ եւ157.14-րդ հոդվածներով.

1) «Հոդված 123.2 Ավտոբուսային երթուղիում հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելի ավտոբուսի բացակայությունը

Ներքաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային փոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր ավտոբուսային երթուղիում հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելի մեկից ոչ պակաս ավտոբուսի բացակայությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարվել է կրկին անգամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

2) «Հոդված 157.13 Նախագծային փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը հաշվի չառնելով հաշմանդամների համար մատչելիության եւ ազատ տեղաշարժի ապահովման հետ կապված քաղաքաշինական նորմերի պահանջները

Նախագծային փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը առանց հաշվի առնելու հաշմանդամների ու սակավաշարժ այլ անձանց համար մատչելիության եւ ազատ տեղաշարժի ապահովման հետ կապված քաղաքաշինական նորմերի պահանջները`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարվել է կրկին անգամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

3) «Հոդված 157.14 Հաշմանդամների համար մատչելիությունը եւ ազատ տեղաշարժը ապահովող նորմատիվ իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվների կիրառումից կառուցապատողների, սեփականատերերի եւ շինարարական կազմակերպությունների խուսափելը

Շենքերի, շինությունների, տարածքների բարեկարգման, հանգստյան գոտիների, փողոցների եւ մայթերի նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման ժամանակ հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելիությունը եւ ազատ տեղաշարժը ապահովող նորմատիվ իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվների կիրառումից կառուցապատողների, սեփականատերերի եւ շինարարական կազմակերպությունների խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Նույն խախտումը, որը, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կատարվել է կրկին անգամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի 1-ին կետը ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:
 
 

Հիմնավորում

«Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստան Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ:

Ներկայումս աշխարհում 600 միլիոնից ավելի մարդ ունի հաշմանդամություն. Եվրամիության երկրներում` 37 միլիոնից ավելի, Հայաստանում` 115000-ից ավելի: Գիտական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նույնիսկ զարգացած երկրնում վերոգրյալ ցուցանիշները զգալիորեն աճելու միտում ունեն եւ առանց պետական աջակցության հաշմանդամների հիմնախնդիրները չեն կարող լուծվել, առավել եւս` հաշմանդամների հավասար իրավունքների ապահովման խնդիրները: Այդ խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ միջոցառումներ, որոնցից առավելապես կարեւորվում է հաշմանդամությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը:

«Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ուղղված են հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, հասարակական տրանսպորտից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը, հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն:

Դրա հետ մեկտեղ հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող 22 հասարակական կազմակերպություններ օրինագծի քննարկման ընթացքում հավանություն են տվել օրենքի նախագծին եւ ուղերձով դիմել են Ազգային ժողովին եւ Կառավարությանը` ընդունելու այն: