Armenian ARMSCII Armenian
23.03.2006-

2005Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում»:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի իմաստով, Պաշտպանի զեկույցը ամփոփում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաեւ  այդ գործունեության արդյունքներով բացահայտված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների, դրանք ծնող պայմանների եւ պատճառների վերաբերյալ  Պաշտպանի կողմից տրված գնահատականները:

Այս տեսակետից կարծում եմ, որ հանրապետության առաջին Պաշտպանին կարելի է հնարավորություն տալ ներկայացնելու 2005 թվականի իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը՝ իր կողմից կատարված համապատասխան վերլուծություններով, հետեւություններով ու գնահատականներով:

Իմ խնդիրն եմ համարում Ձեզ ներկայացնել հակիրճ զեկույց այն մասին, թե ինչպիսին են եղել 2005թ. Պաշտպանին ուղղված բողոքների ընդհանուր ուղղվածությունը, վիճակագրությունը, դրանց քննարկման ընթացքը, Պաշտպանի գործունեությունը միջազգային համագործակցության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հանրային իրազեկության բարձրացման  եւ այլ բնագավառներում, ինչ կարող են նախանշել այդ աշխատանքի արդյունքները հաստատության հետագա գործունեության համար,  ինչպես եմ տեսնում իմ հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

Առաջին հերթին կարեւորում եմ այն, որ պետք է արժանին մատուցել Մարդու իրավունքների առաջին պաշտպանին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է 2004թ.: Լինելով առաջինը եւ որակապես տարբերվելով մինչ այդ գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից եւ ՀՀ այլ պետական մարմիններից ու հաստատություններից, այն իր վրա  է վերցրել ինստիտուտի կայացման հետ կապված հիմնական դժվարությունները:

Պաշտպանն իր աշխատակազմը ձեւավորելիս հնարավորինս փորձել է պահպանել մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարգավիճակին եւ գործունեությանը վերաբերող Փարիզյան սկզբունքներով ամրագրված բազմակարծության /պլյուրալիզմի/ պահանջը: Աշխատակազմի ձեւավորումը չափազանց կարեւորվում է մարդու իրավունքների  ազգային հաստատությունների անկախության եւ արդյունավետ գործունեության ապահովման տեսակետից, եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպանին  ընդհանուր առմամբ այս խնդրի լուծումը հաջողվել է:

Ձեւավորված է Պաշտպանին առընթեր փորձագիտական խորհուրդ, որը նախորդ տարվա ընթացքում քննարկել է մի շարք վիճահարույց խնդիրներ: Օրինակ, քննարկումներ են անցկացվել նախկինում մահապատժի դատապարտվածների մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու, սոցիալական ապահովության քարտերի հետ կապված խնդիրներով, ՀՀ Հողային օրենսգրքում, սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող օրենքներում որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության եւ այլ հարցերով:

Լայնորեն օգտագործվել է Եվրոպական օմբուդսմանների դրական փորձը եւ    մշակվել ու ներդրվել են որոշակի սկզբունքներ` բողոքների ընդունման եւ հաշվառման, դրանց ընթացքի լուծման վերաբերյալ որոշումների կայացման, քննարկվող բողոքներով ուսումնասիրությունների անցկացման, դիմումատուների ընդունելության, ինչպես նաեւ աշխատանքի հետ կապված այլ հարցերի վերաբերյալ:

 Ծավալուն աշխատանքներ են տարվել  հաստատության գործունեության մասին հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Պաշտպանի հաստատության  դերի եւ նրա գործառույթների համարժեք ընկալման, միջազգային համագործակցության զարգացման եւ միջազգային ճանաչման ձեռք բերման, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ համագործակցության ուղղությամբ եւ այլն:

 Հաստատվել է արդյունավետ համագործակցություն երկրում գործող եւ հատկապես  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակակական կազմակերպությունների հետ, ինչի վկայությունն են տարվա ընթացքում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հիմնահարցերի համատեղ քննարկումների, անցկացված սեմինար պարապմունքների եւ ընդհանրապես  հասարակական  կազմակերպությունների կազմակերպած միջոցառումներին Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների մասնակցության հենց միայն քանակական տվյալները: Որոշ հասարակական կազմակերպությունների հետ կնքվել են համաձայնագրեր, որոնք առավել գործնական են դարձրել Պաշտպանի հաստատության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությունը:

Որպես իմ գործունեության հետագա ուղղություն կարեւորում եմ հասարակական կազմակերպությունների հետ գործնական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման առաջին իսկ օրվանից այն ակտիվ համագործակցություն է ծավալել մարդու իրավունքներին առնչվող համապատասխան միջազգային կազմակերպությունների, մարմինների եւ մարդու իրավունքների այլ ազգային հաստատությունների հետ: Հաստատությունը միջազգային նման կառույցների շարքում արդեն ունի լայն ճանաչում եւ իր հաստատուն տեղը՝ շնորհիվ այդ ուղղությամբ առաջին Պաշտպանի իրականացրած հետեւողական աշխատանքի:

Հաստատությունն անդամակցում է Եվրոպական Օմբուդսմանի եւ Միջազգային Օմբուդսմանի ինստիտուտներին, մշտապես մասնակցում է վերջիններիս կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Պաշտպանը եւ աշխատակազմի անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների եւ Օմբուդսմանի հաստատության հիմնախնդիրներով կազմակերպված կլոր սեղաններին, կոնֆերանսներին եւ քննարկումներին, փորձի փոխանակման նպատակով այլ երկրների Օմբուդսմանի հաստատություններ այցելություններին: Կարելի է վկայակոչել սերտ կապը Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի, Լեհաստանի, Շվեդիայի եւ  Եգիպտոսի օմբուդսմանների հաստատությունների  հետ:

2005թ. Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հայտ է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման  ազգային հաստատությունների միջազգային կոորդինացիոն խորհրդին անդամակցելու համար:   Անդամակցության հարցը պետք է քննարկվի սույն թվականի ապրիլին:

Պաշտպանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ կոնստրուկտիվ առաջարկություններով, այդ թվում Կովկասյան Օմբուդսմանի ինստիտուտի ստեղծման միջոցով: Այդ կապակցությամբ Պաշտպանի կողմից ներկայացվել է ծրագրային առաջարկ համապատասխան միջազգային կազմակերպություններին:

Կարեւորելով Օմբուդսմանի հաստատությունների միջեւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, որպես  իմ գործունեության հետագա ուղղություն,  նախատեսում եմ նաեւ այս համագործակցության հետագա ընդլայնումը:   Կարեւորում եմ նաեւ Հայաստանում տարածաշրջանային եւ միջազգային կոն??ֆերանսների կազմակերպումը:

Այս ուղղությամբ առաջին Պաշտպանի կողմից կատարվել են զգալի աշխատանքներ, օրինակ` 2005թ. Երեւանում կազմակերպվել է «Հանուն հանդուրժողականության եւ ընդդեմ խտրականության ու քսենոֆոբիայի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում (Կովկասյան չափում)» թեմայով միջազգային կոնֆերանս եւ կոնֆ?երանսի արդյունքում ընդունվել է  բանաձեւ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկովյան գրասենյակը, բարձր գնահատելով միջազգային կոնֆերանսի կազմակերպման մակարդակը, իր 2006թ. ծրագրերում ընդգրկել է «Էթիկայի եւ մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված մոտեցումների ինտեգրումը կրթական քաղաքականության մեջ եւ ուսումնական ծրագրերում» թեմայով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Երեւանում:

Իմ հետագա անելիքների մեջ կարեւորում եմ նաեւ այս կոնֆերանսի բարեհաջող անցկացումը:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ ընդհանրապես մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման նպատակով Պաշտպանի աշխատակազմի կողմից պարբերաբար անցկացվել են կլոր սեղաններ, սեմինարներ եւ քննարկումներ` առավելապես մարզեր կատարվող այցելությունների ժամանակ: Հասարակական կազմակերպությունների հետ Պաշտպանի կողմից անցկացվող քննարկումների ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվել են մարդու իրավունքների եւ Պաշտպանի հաստատության վերաբերյալ տեղեկատվական նյութեր` նրանց շահառուներին տրամադրելու նպատակով:

Հանրային իրազեկման բարձրացմանն է ուղղված նաեւ Պաշտպանի աշխատակազմի անդամների կողմից քաղաքացիներին մշտապես տրամադրվող իրավական խորհրդատվությունը ինչպես աշխատակազմում, այնպես էլ հեռախոսով եւ   աշխատակիցների կողմից մարզեր կատարվող այցելությունների ժամանակ:

Նպատակ ունենալով ապահովել Պաշտպանի եւ  նրա աշխատակազմի գործունեության առավելագույն թափանցիկությունը` պարբերական աշխատանք է իրականացվել տեղեկատվական նյութերի ու մամուլի հաղորդագրությունների պատրաստման եւ տարածման, մամուլի ասուլիսների կազմակերպման, սեփական նախաձեռնությամբ կամ մամուլի ներկայացուցիչների խնդրանքով տպագրության համար նախատեսված տարբեր նյութերի պատրաստման ուղղությամբ: Հատուկ տեղ է գրավում (տարվա երկրորդ կեսից) աշխատանքը Պաշտպանի պաշտոնական վեբ-կայքի վրա, որը սկսել է գործել 2005 թվականի հուլիսից: Այցելուների թիվը վկայում է կայքի հանդեպ աճող հետաքրքրության մասին:

Ի թիվս այլ բաժինների,  կայքի վրա գործում է «Գործ #...» բաժինը, որտեղ տեղադրվում են Պաշտպանի կողմից քննության առնված գործեր, որոնց վերաբերյալ արդեն ընդունվել են որոշումներ: Գործերը տեղադրվում են դիմումատուների համաձայնությամբ:  «Պաշտոնական նամակներ» բաժնում զետեղվում է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ Պաշտպանի նամակագրությունը:

Որպես իմ գործունեության ուղղություն կարեւորում եմ հանրային իրազեկության բարձրացումը, հաստատության գործունեության թափանցիկության ապահովումը` կայքի օգտագործման, ԶԼՄ-ների հետ արդյունավետ համագործակցության  եւ այլ եղանակներով: Կարեւորում եմ նաեւ առաջին Պաշտպանի կողմից արդեն իսկ առաջ քաշված եթերային ժամի ապահովման անհրաժեշտությունը:

Այն, որ մեր հանրապետության բնակչությունը չափազանց մեծ հույսեր է կապում Պաշտպանի հետ եւ ցանկացած խնդրով դիմում է Պաշտպանին,  երկրի ներսում Պաշտպանի հաստատության ճանաչված լինելու վկայություն է:

 2005 թվականին երկրում մարդու իրավունքների խախտումների մասին որոշակի պատկերացում կազմելու նպատակով, ես ուսումնասիրել եմ տարվա ընթացքում Պաշտպանին տրված բողոքների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ հաստատությունում առկա վիճակագրական տվյալները, ծանոթացել եմ բողոքներով կազմված մի շարք գործերի, լիովին ծանոթացել եմ հաստատությունում աշխատանքի կազմակերպմանը:

Նախ վիճակագրական տվյալների մասին.

2005 թվականի ընթացքում Պաշտպանը ստացել է 1551 գրավոր բողոք, որոնց դիմումատուների թիվը կազմել է 1824: Նման տարբերությունը խմբակային բողոքների առկայության արդյունք է:

Տրված 1551 բողոքներն ունեցել են հետեւյալ ընթացքը.

1. ընդունվել են քննարկման`  533

2. դիմողին ներկայացվել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները`  188

3. փոխանցվել են այլ մարմնի քննարկմանը`  159

4. չեն ընդունվել քննարկման` 594

5. գտնվում են ուսումնասիրման փուլում` 77

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ստացված բողոքների 34 տոկոսից ավելին ընդունվել է քննարկման, ինչը դրական ցուցանիշ է: Եվրոպական երկրների օմուդսմանների զեկույցների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  այլ երկրներում նույնպես քննարկման ընդունված բողոքները բարձր տոկոս չեն կազմում եւ չեն անցնում 20-25 տոկոսի սահմանը:

Զգալի թիվ են կազմում այնպիսի բողոքները, որոնցով իրավունքի խախտումն ակնհայտ է, սակայն իրավունքի վերականգնումը, իրավունքի իրականացումն ապահովելը պայմանավորված չէ մեկ հանրային ծառայողի կամ մարմնի կամքով:

Օրինակ՝ Ադրբեջանից բռնագաղթվածների եւ աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդիրների վերջնական լուծումը, բռնադատվածներին եւ նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային շինարարության համար հողատարածք հատկացնելու, արտոնյալ վարկեր տրամադրելու, անվճարունակ ճանաչված կազմակերպությունների աշխատողներին աշխատավարձի գծով պարտքերը մարելու, նման կազմակերպությունների աշխատանքային խեղում ստացած նախկին աշխատողներին փոխհատուցում տրամադրելու, հաշմանդամների տեղաշարժի իրավունքի իրականացման համար պայմաններ ապահովելու խնդիրները եւ այլն:

Ստացված 1551 բողոքներն ըստ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ունեցել են հետեւյալ պատկերը.

1. Ոստիկանություն՝  191

2. Սոցիալական ապահովության մարմիններ`  179

3. Դատարաններ՝  166

4.  Երեւանի քաղաքապետարան՝  139

5.  Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 146

6.  Դատախազություն՝ 94

7.  Արդարադատության  նախարարություն՝  93

8.  Պաշտպանության նախարարություն՝  72

9.  Մարզպետարաններ՝  73

10. Կադաստրի ստորաբաժանումներ՝  50

11. Քաղաքապետարաններ  59
/բացի Երեւան քաղաքից/

12.Միգրացիայի եւ փախստականների վարչություն 49

13. Ջրտնտպետկոմ՝ 19

14. Կրթության եւ գիտության նախարարություն՝  22

15. Առողջապահության նախարություն՝ 19

16. Առեւտրի եւ տնտ. զարգացման նախարարություն՝ 9

17. Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ 12

18. Հարկային պետական ծառայություն՝  9

19. Քաղաքաշինության նախարարություն` 6

20. ՀՀ Կառավարություն՝   9

21. Էներգետիկայի նախարարություն՝ 3

22. Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝  3

23. Այլ՝  129

Ստացված 1551 բողոքներն ըստ մարզերի ունեցել են հետեւյալ պատկերը.

1. Երեւան՝  978

2. Շիրակի՝  106

3. Լոռու՝  104

4. Կոտայքի՝  67

5. Արարատի՝  66

6. Գեղարքունիքի՝  64

7. Արմավիրի՝  58

8. Տավուշի՝  31

9. Սյունիքի՝  34

10. Վայոց ձորի՝  22

11. Արագածոտնի՝ 21

Թվական այս տվյալները վկայում են, որ ստացված բողոքների շարքում գերակշռում են ոստիկանության, դատարանների եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ տրված բողոքները:

Սոցիալական ապահովության ոլորտի մարմինների դեմ  ուղղված 141 բողոքների թիվը ցույց է տալիս, որ հատկապես սոցիալական ապահովության խնդիրների բնագավառը կարիք ունի առանձնակի ուշադրության: Պաշտպանի աշխատակազմում ձեւավորված է առանձին խումբ, որը մասնագիտացված է եւ զբաղվում է սոցիալական իրավունքների խնդիրներին վերաբերող բողոքներով:   Մեծ թիվ են կազմել բողոքները` կապված աղքատության նպաստների տրամադրման հետ. դիմումատուները հայտնել են, որ նախկինում ստացել են աղքատության ընտանեկան նպաստ, սակայն բազային կենսաթոշակի, ինչպես նաեւ ապահովագրական ստաժի յուրաքանչյուր տարվա համար վճարի ավելացման արդյունքում 2005թ. իջել է ընտանիքի կարիքավորության միավորը, որի հետեւանքով նախկինում նպաստառու ընտանիքը կամ միայնակ նպաստառուն զրկվել է աղքատության ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից: Փաստորեն, 1000 կամ 2000 դրամ կենսաթոշակի ավելացման պայմաններում քաղաքացին զրկվել է ավելի մեծ` 6000 դրամ կազմող աղքատության ընտանեկան նպաստի գումարից, ինչն էլ ավելի է խորացրել քաղաքացու աղքատությունը:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 76-ամյա բնակչուհի  Ա.Դ.-ին տրվող նպաստը դադարեցվել է այն հիմքով, որ նրա անապահովության միավորը 43.08-ից իջել է
33.94-ի` կենսաթոշակը միայն 1000 դրամով ավելացվելու պատճառով: Դիմումատուն զրկվել է 6000 դրամ ստանալու իրավունքից 1000 դրամ կենսաթոշակին ավելացված լինելու պատճառով:

Ոստիկանության դեմ ուղղված 191 բողոքները վերաբերում են անձին բերման ենթարկելու, անազատության մեջ պահելու, խուզարկություն, առգրավում եւ նման բնույթի այլ գործողություններին, որոնց օրինականությունը վիճարկվում է նման բողոքներով:

Զգալի թիվ են կազմում նաեւ ոստիկանության անձնագրային բաժինների դեմ ուղղված բողոքները՝ կապված անձնագրային հաշվառումների հետ:

Օրինակ, մի գործով դիմումատուն գանգատվել է, որ 1993 թվականից բնակվում է Արմավիրի մարզում, ամուսնացել է եւ ունի մեկ երեխա, սակայն արդեն 6 տարի է, չի կարողանում անձնագիր ստանալ, քանի որ եկել է ՌԴ-ից եւ չունի հաշվառման վայր: Երեխային նույնպես չի տրվում ծննդյան վկայական իր անձնագրի բացակայության պատճառով: Այս դիմումատուին անձնագիր տրամադրելու հարցով անտեսված է եղել  փաստացի բնակության վայրով նրան անձնագիր տրամադրելու հանգամանքը: Խնդիրը լուծվել է Պաշտպանի միջնորդությունից հետո:

Դատարանների դեմ ուղղված 166 բողոքները հիմնականում վերաբերում են դատարանների վճիռներից, դատավճիռներից եւ որոշումներից դժգոհությանը, ինչը քննարկելը դուրս է Պաշտպանի իրավասություններից: Եղել են նաեւ բողոքներ՝ գործով կայացված վճիռը կողմին ժամանակին չտրամադրելու, գործի քննությունն անհիմն ձգձգելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի դեմ տրված 139 բողոքների շարքում մեծ թիվ են կազմում Երեւանի կառուցապատման ծրագրերով քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործընթացներին վերաբերող բողոքները: Դրանց զուգահեռ այլ բողոքները վերաբերում են ինքնակամ կառույցներին, սեփականության իրավունքի ճանաչման, հողհատկացման եւ ինքնակամ զբաղեցրած հողատարածքի նկատմամբ իրավունքի ճանաչման, նախկին քաղխորհրդի գործկոմի կնքած պայմանագրերով պետության կարիքների համար վերցված բնակարանների դիմաց բնակարանի տրամադրման եւ նման այլ խնդիրների:

Դատախազության դեմ ուղղված 94 բողոքները վերաբերել են դատախազության վարույթում քննվող քրեական գործերով ընտրված խափանման միջոցներին, մեղադրանքի էությանը, քննությանը խորթ մեթոդներ կիրառելուն եւ նման այլ հարցերի:

 Շատ է խոսվել Երեւան քաղաքում քաղաքացիների գույքի հարկադիր օտարման ընթացքում իրավունքի խախտումների մասին: Օրինակ, իրացնողի կողմից բազմաբնակարան շենքի մի մասը պայմանագրով վերցնելուց հետո, երբ բնակիչներ են եղել դեռեւս չվերցված բնակարաններում, ձեռնարկվել է ամբողջ շինության քանդումը` քանդվել է տանիքը, անօգտագործելի է դարձվել ճանապարհը, դադարեցվել է ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ այլն: Այս կապակցությամբ դիմում է ներկայացվել Կենտրոնի դատախազին՝ իրացնողի գործողությունները գնահատելով որպես ինքնիրավչություն: Դատախազության կողմից քաղաքացու բողոքը չի դիտվել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին եւ առաջարկվել է դիմել դատարան` քաղաքացիական հայցի կարգով խնդիրը լուծելու: Նման մոտեցման հետ Պաշտպանի անհամաձայնությունից հետո, դիմումն ուղարկվել է ոստիկանություն՝ նրանց միջոցով հաղորդումն ստուգելու: Այստեղ նույնպես ցույց է տրվել ձեւական մոտեցում եւ բողոքը պատշաճ ընթացք չի ստացել՝ դիմումատուին դարձյալ ցույց է տրվել քաղ. հայցի կարգով դատարան դիմելու ճանապարհը:

  Ուշադրության արժանի խնդիր կա` կապված ՀՀ այն նախկին քաղաքացիների հետ,  որոնք մինչեւ զինակոչի տարիքի հասնելը կամ ընդհանրապես մինչեւ զորակոչվելն ընդունել են այլ երկրի քաղաքացիություն՝ շրջանցելով  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով քաղաքացիությունից դուրս գալու  սահմանված կարգը: Այսպիսի անձինք մնացել են զինկոմիսարիատների եւ ոստիկանության անձնագրային բաժինների հաշվառումներում: Զինկոմիսարիատների ներկայացմամբ նրանք դատախազությունում դիտվում են որպես զորակոչից խուսափողներ, նրանց նկատմամբ հարուցվել եւ  հարուցվում են քրեական գործեր, եւ հայտարարվել ու  հայտարարվում է հետախուզում: Այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը հիմք չեն ընդունվում եւ քրեական գործերը չեն կարճվում: Այս խնդրի լուծումը չափազանց կարեւորվում է այն տեսակետից, որ այլ երկրներում, հատկապես հետխորհրդային երկրներում, բնակվող մեր հայրենակիցները հետապնդվում են որպես հետախուզվողներ,  պարբերաբար տարվում են ոստիկանության բաժիններ եւ պահվում՝ մեր իրավապահ մարմիններին հարցում կատարելու անվան տակ:

Արդարադատության նախարարության դեմ եղած 93 բողոքները վերաբերում են նախարության համակարգի ԴԱՀԿ ծառայության եւ քրեակատարողական հիմնարկների գործունեությանը: Այդ բողոքների 80 տոկոսից ավելին վերաբերում են ԴԱՀԿ ծառայության կողմից դատական ակտերի ոչ պատշաճ կատարմանը, կատարողական վարույթի անհիմն կասեցմանը, կատարողական գործողությունների ընթացքում անհարկի հարկադրանք կիրառելուն եւ այլն:

Զգալի թիվ են կազմել բողոքները հարկադիր կատարման ծառայության գործողություններից` կապված Երեւան քաղաքի օտարման գոտիներում բնակվող քաղաքացիներին դատարանների վճիռներով իրենց բնակարաններից վտարման հետ: Նման բողոքներով քաղաքացիները դժգոհել են դատարանների վճիռներից եւ հենց այդ դժգոհությունները տեղափոխել են հարկադիր կատարողների վրա, նրանց կողմից հարկադրանքի կիրառումը համարելով անօրինական՝ մանավանդ, երբ հարկադիր կատարողը վտարմանը մասնակից է դարձրել նաեւ ոստիկանությանը:

Նման դժգոհություններն արդյունք են եղել նաեւ այն բանի, որ հաճախ հարկադիր կատարողները  ժամանակ չեն տրամադրել բնակարանը կամավոր ազատելու համար կամ չեն տեղեկացրել կատարողական գործողությունների իրականացման ժամանակի մասին: Եղել են դեպքեր, երբ անտեսվել են կատարողական գործողությունը կասեցնելու մասին դատարանների որոշումները:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ ուղղված 50 բողոքները վերաբերել են գույքային իրավունքների գրանցումը մերժելու, ինքնակամ կառույցների եւ ինքնակամ զբաղեցրած հողատարածքների օրինականացման վերաբերյալ դիմումներին պատշաճ ընթացք չտալու խնդիրներին:

Մարզերից ստացված բողոքները վերաբերել են բնակչության սոցիալական եւ աշխատանքային չլուծված խնդիրներին: Շիրակի եւ Լոռու մարզերից ստացված բողոքների հիմնական մասը վերաբերում է բնակարանային խնդիրներին՝ դժգոհություն բնակարանների բախշման կարգի, աղետի հետեւանքով կորցրած բնակարանի դիմաց ոչ համարժեք բնակարան տրամադրելու, որպես կարիքավոր հաշվառված չլինելու վերաբերյալ եւ այլն:

Ուշադրության արժանի են գյուղական դպրոցների տնօրենների հետ դպրոցի մանկավարժների ունեցած աշխատանքային վեճերը՝ աշխատանքից ազատման, խտրական մոտեցման, տնօրենի կողմից չարաշահումներ թույլ տալու եւ նման այլ հարցերով:

Նախորդ տարում ստացված բողոքների վիճակագրությունը, հաստատության իրականացրած աշխատանքների վերլուծությունը հնարավոր է դարձնում հաստատության գործունեության շարունակականությունն ապահովելով հանդերձ, որոշակիացնելու հետագա գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:

Հաստատության հիմնական աշխատանքը եղել եւ մնալու է աշխատանքը` ստացված գրավոր  եւ բանավոր բողոքներով:

Այս աշխատանքներում նախատեսում ենք որակական փոփոխություն այն առումով, որ բողոքի ուսումնասիրությունը կատարվի ոչ միայն հարցումներով, այլ նաեւ  իրավունքի խախտման համար պատասխանատու հանրային ծառայողի, մարմնի ղեկավարության հետ հանդիպման, համատեղ քննարկումների եւ իրավունքի վերականգնման ելքեր համատեղ փնտրելու միջոցով:

Կարծում եմ, որ նման գործելակերպը կնպաստի գրագրությունների պակասեցմանը, կնվազեցնի բողոքի վերջնական լուծման համար պահանջվող ժամանակը, իսկ դրական արդյունքները կարող են լինել առավել շոշափելի:

Հենց այսպիսի համագործակցություն է առաջարկվելու Երեւանի քաղաքապետին, մարզպետներին, այլ քաղաքների քաղաքապետերին, հանրապետության դատախազությանը, ոստիկանությանը:

Հանրապետության դատախազի հետ քննարկվելու են քննչական մարմնի վարույթում գտնվող քրեական գործով Պաշտպանին տրվելիք տեղեկությունների կարգն ու պայմաններն այն հաշվով, որ Պաշտպանը կարողանա  հիմնավոր հետեւության հանգել դատավարական խախտումների մասին իրեն տրված բողոքով:

Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի հետ քննարկվելու են դատական նիստերի դիտարկումների, դատարանների դեմ տրված բողոքների, ուսումնասիրած դատական ակտերի տվյալներով Դատարանների նախագահների խորհրդին առաջարկներ ներկայացնելու եւ դրանց քննարկմանը Պաշտպանի կամ Պաշտպանի ներկայացուցչի մասնակցության հետ կապված խնդիրները:

Հանրապետության ոստիկանության հետ կնքված է համագործակցության հուշագիր: Այն համատեղ վերանայվելու է` առավել արդյունավետություն ապահովելու նպատակով, մասնավորապես, նախատեսվելու են համագործակցության ապահովման համար պատասխանատու անձինք, եւ պարբերաբար անդրադարձ է կատարվելու համագործակցության արդյունքներին:

Սերտացվելու է համագործակցությունը քրեակատարողական հիմնարկների` արդարադատության նախարարության կազմում գործող հասարակական դիտորդական խմբի հետ:

Նման համագործակցություն հաստատվելու է նաեւ այլ գերատեսչությունների ու ծառայությունների հետ, ինչպիսիք են օրինակ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր ստորաբաժանումներով, ԴԱՀԿ ծառայությունը, Հարկային եւ Մաքսային պետական տեսչությունները եւ այլն:

Կարեւորվելու է մարզեր եւ ծայրամասային բնակավայրեր պարբերական այցելությունների եւ բնակչության հետ հանդիպումների հաստատված ավանդույթը:

Հաստատության մարզային ներկայացուցչություններ ստեղծելու խնդիրը համարում եմ շատ հրատապ եւ անհրաժեշտ: Նկատի ունենալով մարզերից ստացված բողոքների ցուցանիշները, հաճախ հեռավոր մարզերի բնակիչների կողմից Պաշտպանին դիմելու անհնարինությունը, որպես իմ գործունեության հետագա ուղղություն նախատեսում եմ մարզային ներկայացուցչությունների ստեղծումը: Մարզային ներկայացուցչությունների ստեղծումը նախատեսված է եղել Պաշտպանի աշխատակազմի 2006-2008թթ. ՄԺԾԾ հայտում, սակայն այդ նպատակով համապատասխան  միջոցներ չեն հատկացվել:

Առաջնային խնդիրներից է համարվելու Պաշտպանի ակտիվ մասնակցությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին վերաբերող օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը:

Այդ տեսակետից խիստ կարեւոր է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, եւ օրենքում տեղ գտած մի շարք հակասություններն ու անորոշությունները վերացնելու, այլ իրավական ակտերի հետ այն ներդաշնակեցնելու գործընթացը: Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նման նախագիծ մեր կողմից արդեն նախապատրաստված է:

Սա այն նվազագույնն է, ինչ նախատեսվում է հաստատության հետագա գործունեության ծրագրով:

Հաստատության գործունեությունը լինելու է բաց, եւ Ազգային ժողովը, նաեւ հանրությունը հնարավորություն կունենան կարծիք կազմելու այդ գործունեության մասին եւ տալու իրենց գնահատականները:

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ