Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-815-09.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «ավտոտրանսպորտային միջոցի  (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր՝  առեւտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը իրականացնում է ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք ֆիզիկական անձին, երբ վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով) կամ առեւտրի տեսակ, որի դեպքում ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) եւ իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք որեւէ ֆիզիկական անձին:»:

Հոդված 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության ընթացքում առկա խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

2021 թվականի մայիսի 27-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-227-Ն օրենքը, որով հիշյալ օրենքում նախատեսվեց «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին  առեւտրի տեսակի հասկացությունը: Հիշյալ օրենքի ընդունման փաստարկների շարքում առավել ծանրակշիռ նշանակություն ունեին անմիջապես գործարաններից ավտոմեքենաների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաեւ հարակից ոլորտների, առաջին հերթին՝ նման գործարքների վարկավորում իրականացնող կազմակերպությունների գործունեության ծավալի աճը, ինչպես նաեւ ավտոպարկի թարմացման անհրաժեշտությունը եւ ինստիտուցիոնալ լուծումների առաջնահերթությունը: Հիշյալ օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն տալով «ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ» կարգավիճակ ունեցող կազմակերպություններին օգտվել հարկային արտոնություններից՝ որպես հարկային գործակալ վճարվող եկամտային հարկի մասով:

Այսպիսով, օրենսդրական բարեփոխումներով արդյունքում թրեյդ-ին գործարքներ իրականացնելու իրավունք ստանալու համար համապատասխան կազմակերպությունները պետք է օրենքով սահմաված կարգով ձեռք բերեն լիցենզիա:

Ներկա դրությամբ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան ունի տասերկու անդամ, որոնցից թրեյդ-ին առեւտրային գործարքի գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացել է միայն երեք կազմակերպություն, որոնք մինչ օրս իրականացրել են ընդհանուր ոչ ավել, քան տաս թրեյդ-ին գործարք: Նման ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ ակնկալվող կանխատեսումները:

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ խնդիրը պայմանավորված է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմով, ինչը հանգեցրեց գրեթե բոլոր առաջատար ավտոարտադրողների գործունեության դադարեցմանը ՌԴ տարածքում, որտեղից հիմնականում իրականացվում էին մատակարարումները հայաստանյան դիլերներին: Սա իր հերթին ստիպեց որոշ տնտեսավարողների վերանայել մատակարարման աղբյուրները, ինչը, ըստ ավտոմոբիլային բիզնեսում գործող ձեւաչափերի, պահանջում է բավական երկար՝ առնվազն 6-8 ամիս պահանջող  թղթաբանական աշխատանք, որի ընթացքում դիլերը հնարավորություն չունի օգտվելու նոր աղբյուրից այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել նոր պայմանագիրը: Այսպիսով, այդ ողջ ընթացքում տնտեսավարողը պարզապես զրկված է տեսականուց, իսկ առկա սուղ ռեսուրսները ուղղում է հնարավորինս կորպորատիվ հաճախորդներին սպասարկելուն: Հարկ է նշել, որ բերված պատկերը առաջին հերթին բնորոշ է ցածր եւ միջին սեգմենտի ավտոարտադրողներին եւ նրանց ներկայացուցիչներին, իսկ թրեյդ-ին գործիքը առաջին հերթին ուղղված է հենց շուկայի այս հատվածի աշխուժացմանը: Հետեւաբար՝ նշված պայմաններում թրեյդ-ին գործարքների իրականացման հնարավորությունները զգալիորեն նվազել են:

Բացի այդ, կարեւոր ենք համարում արձանագրել, որ ներկայումս «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի  «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին»  առեւտրի տեսակի հասկացությունը տարբեր տնտեսավարողների կողմից Էկոնոմիկայի նախարարություն ստացված հարցադրումների համաձայն՝ ձեւակերպված է ոչ բավարար աստիճանի հստակությամբ, որը տարաբնույթ ընկալման առիթ է տալիս:

Այսպիսով, տնտեսավարողների համար պարզ չէ, թե 1) արդյո՞ք ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի միակողմանի ձեռքբերումը տվյալ  ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից համարվում է ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր, 2) արդյո՞ք կարող է X մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից ձեռք բերել Y մակնիշի ավտոտրանսպորտային միջոց, եւ փոխարենը՝ ֆիզիկական անձին վաճառել X մակնիշի ավտոտրանսպորտային միջոց՝ հիմնվելով «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր» հասկացության վրա, 3) արդյոք կարող է X մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից ձեռք բերել X մակնիշի ավտոտրանսպորտային միջոց, եւ փոխարենը՝ ֆիզիկական անձին փոխանցել  Y մակնիշի ավտոտրանսպորտային միջոց՝ հիմնվելով «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդի-ին առեւտուր» հասկացության վրա:

Այս ամենի համատեքստում  ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի հասկացության տարաբնույթ ընկալումը բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակեցնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին  առեւտրի տեսակի հասկացությունը: Բացի այդ, թրեյդ-ին գործիքի կիրառելիությունը բարձրացնելու եւ լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների թիվը մեծացնելու նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ընդլայնել «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման «թրեյդ-ին» առեւտուր» գործունեության տեսակի սահմանումը:

3. Կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում հստակեցնել եւ ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին  առեւտրի տեսակի հասկացությունը՝ որպես թրեյդ-ին առեւտրի տեսակ դիտարկելով նաեւ այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող ցանկացած տեսակի ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) եւ իրականացնում է այդ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառք որեւէ ֆիզիկական  անձին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրից («2. Տնտեսություն» բաժին՝ «Գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում»):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն