Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7742-06.02.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 1.12-րդ կետի 6.1-ին ենթակետում «ընկերության» բառից հետո լրացնել « կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում «ընկերությունների» բառից հետո լրացնել « կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների» բառերը:

Հոդված 3  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 17-րդ կետի կարգավորումներով, որոնցով նախատեսվում է հստակեցնել նաեւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները:

Միաժամանակ, Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 16-րդ՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը» նպատակի 16.3-րդ միջոցառումից:

3. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացվեցին մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված էին շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ առկա իրավական կարգավորումների կատարելագործմանը:

Իրականացված փոփոխություններով, ի թիվս այլնի, Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսվել է, որ պաշտոնատար անձի կողմից առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում վերջիններս պարտավոր են մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Ընդ որում, Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվել է, որ հավատարմագրային կառավարիչ կարող են հանդես գալ անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները: Նշված կարգավորումներն ուղղված էին պաշտոնատար անձանց բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը մասնագիտացված կառույցների կողմից իրականացնելն ապահովելուն: Մասնագիտացվածության ապահովման նպատակով քայլեր իրականացվեցին ինչպես բաժնետիրական ընկերությունների, այնպես էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարման ուղղությամբ:

Մասնավորապես, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետը, որը պաշտոնատար անձի կողմից տնօրինվող առեւտրային կազմակերպության մասնաբաժնի կառավարումը դուրս էր թողնում այդ օրենքի 3-րդ բաժնի (ներդրումային ծառայությունների մատուցումը) կարգավորումներից, ուժը կորցրած ճանաչվեց: Արդյունքում, այդպիսի ծառայությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից:

Միաժամանակ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող գործունեության տեսակների մեջ որպես ծանուցվող գործունեության տեսակ նախատեսվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը:

Օրենքի կարգավորումներից բխում է, որ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմինների կողմից եւ վերջիններիս ներկայացվում է ծանուցում:

Վերոգրյալ փոփոխությունների իրականացման շրջանակներում փորձ կատարվեց հասնելու ռազմավարական այն նպատակին, համաձայն որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու դեպքում այն հավատարմագրային կառավարման հանձնեն մասնագիտացված կազմակերպություններին:

Սակայն, անդրադառնալով ներկա իրավակարգավորումներին՝ հարկ է նշել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի ձեւակերպումները գործնականում առաջացնում են տարընկալումներ: Մասնավորապես՝ գործնականում Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը մեկնաբանվում է նաեւ այն համատեքստում, որ պաշտոնատար անձանց պարագայում հավատարմագրային կառավարիչ կարող են հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձինք, որոնք հանդես չեն գալիս որպես անհատ ձեռնարկատեր, այնպես էլ կարող են լինել առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը:

Դրանցից խուսափելու համար առաջարկվում է Օրենքում կատարել  փոփոխություն եւ հստակ սահմանել, թե սահմանափակ եւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում եւ բաժնետիրական ընկերությունների դեպքում ովքեր կարող են հանդես գալ որպես հավատարմագրային կառավարիչներ:

Միեւնույն ժամանակ, առաջարկվում է լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կունենան այնպիսի բովանդակություն, ինչպիսին առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

4. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայումս գործող օրենսդրությամբ առեւտրային կազմակերպությունները կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների եւ ընկերությունների ձեւով:

Տնտեսական ընկերակցությունները, ըստ քաղաքացիական օրենսգրքի, լինում են երկու տեսակի՝ լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության):

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ եւ իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:

Նման պայմաններում ստացվում է, որ անձը պաշտոնը զբաղեցնելուց հետո պետք է հրաժարվի լիակատար ընկերակցությանը մասնակցելուց, քանի որ լիակատար ընկերակցության պարագայում կարեւորվում է անձի կողմից մասնակցությունը եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող եւ իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը եւ չեն մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը:

Նման պայմաններում ստացվում է, որ անձը պաշտոնը ստանձնելիս չի կարող լինել վստահության վրա հիմնված ընկերակցության լիակատար ընկեր, որովհետեւ կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ կոմանդիստի դեպքում կարծում ենք խնդիր չի առաջանում, քանի որ անձը միայն ավանդատու է հանդիսանում : Ըստ էության ստացվում է, որ կոմանդիստները ավանդատուներ են եւ նրանք ի սկզբանե ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվում:

Միաժամանակ, հարկ է նշել, որ քաղաքացիական օրենսգրքի համաձայն լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Նման ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով:

Ստացվում է, որ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունն ունի նույն իրավական բնույթը, ինչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, միայն այն տարբերությամբ, որ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցները կրում են սուբսիդիար պատասխանատվություն ընկերության պարտավորությունների համար:

Ստացվում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի շրջանակներում լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարումը եւս պետք է տրվի հավատարմագրային կառավարման՝ ինչպես ՍՊԸ-ների դեպքում:

Ուստի առաջարկվում է լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումը եւս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ:

Սույն դեպքում հավատարմագրային կառավարիչ կարող են լինել օրենքով սահմանված կարգով որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի՝ բաժնետիրական ընկերություններում ունեցած բաժնետոմսերի կառավարումը իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից:

Նշված փոփոխությունը կնպաստի առկա գործնական խնդիրների լուծմանը եւ օրենսդրական կարգավորումների տարընկալումների բացառմանը միեւնույն ժամանակ ապահովելով պաշտոնատար անձանց հավատարմագրային կառավարման իրականացումը առավել մասնագիտացված կառույցների կողմից:

Միեւնույն ժամանակ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծով առաջարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 11-րդ կետում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների » բառերից հետո լրացնել «կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների» բառերը:

Այդպիսով լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների համար սահմանվում է  նույնաբովանդակ կարգավորում, ինչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

Միաժամանակ, առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում իրականցնել լրացումներ, որով կսահմանվի պետական տուրք լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու եւ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը եւ դրանց՝ գործնականում կիրարկման խնդիրների հաղթահարումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն