Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76413-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում, պարզվում է, որ պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով եւ կատարողական վարույթի կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին:

Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի: Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական ծախսերը եւ գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պարտավորությունները:»:

Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «կարճվում է» բառերը փոխարինել «ավարտվում է» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասում «կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը անհապաղ ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 77.1-րդ հոդվածում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «է» կետում «պարտավորությունները,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները,» բառերով.

2) «ը.1» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-ից 5-րդ հոդվածները «կատարողական թերթ» բառերը «հարկադիր կատարման դիմում» բառերով համապատասխան հոլովաձեւերով փոխարինելու մասով գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը: