Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7441-14.12.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն իրականացնելը եւ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնց եզրափակիչ մասերը ենթակա են հրապարակման.»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.

«21.1) Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն եւ ներկայացնում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ, որոնց եզրափակիչ մասերը ենթակա են հրապարակման.»:

Հոդված 3. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1. 2-րդ մասում՝

1) 1-ին կետում «անդամների» բառից հետո լրացնել «(սույն հոդվածում այսուհետ՝ ընտանիքի անդամներ)» բառերը, իսկ «գույքի եւ եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն» բառերը փոխարինել «գույքի եւ եկամուտի վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ եւ 41-րդ հոդվածներով նախատեսված տեղեկատվություն» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) թեկնածուի քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, վերջինիս նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն.»:

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներկայացվող տվյալների մանրամասները, ինչպես նաեւ բարեվարքության ուսումնասիրության եւ գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հանձնաժողովը:».

3. 5-րդ մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, վերջինիս նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն.».

2) 4-րդ կետում՝ «անձի» բառը փոխարինել «անձի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների» բառերով.

4. 7-րդ մասում՝ «հարելու հնարավորության» բառերից հետո լրացնել «, գույքային դրության ուսումնասիրության շրջանակում՝ գույքի փաստացի տիրապետման, անձի հետ համատեղ բնակության, ինչպես նաեւ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելու կամ անձի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալու կամ այդ գույքը տնօրինելու փաստերի » բառերը:

5. 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Հանձնաժողովը բարեվարքության հարցաթերթիկում ներառված եւ ձեռքբերված տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքում կազմում եւ իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական, դրական վերապահումով կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն:»:

6. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-14-րդ մասերով.

«10. Անձի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքում չեն հայտնաբերվում սույն հոդվածով ուսումնասիրության առարկա հանդիսացող գործոններ, կամ թեեւ հայտնաբերվում են անհամապատասխանություններ, սակայն դրանք անձի բարեվարքության գնահատման համար բացասական ազդեցություն չունեն:

11. Անձի բարեվարքության վերաբերյալ դրական վերապահումով եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքում հայտնաբերվում են տվյալներ, որոնք առանձին-առանձին անձի բարեվարքության գնահատման համար բացասական ազդեցություն չունեն, սակայն այդպիսի ազդեցություն ձեւավորում են համակցության մեջ,  մասնավորապես.

1) անձի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ արձանագրված այնպիսի տվյալներ, որոնք պարունակում են վերջիններիս գույքի ծագման, փոփոխության կամ իրականացված գործարքների, հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության կամ օրինականության առնչությամբ ռիսկ.

2) անձի կողմից նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու, վերջինիս նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ կայացված լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով արարքի բնույթը եւ դրա հնարավոր ազդեցությունը անձի հետագա մասնագիտական գործունեության վրա.

3) անձի վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, անձի կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների պահպանման վերաբերյալ տվյալներ, որոնք, ձեւավորում են բարեվարքության առնչությամբ ռիսկ՝ հաշվի առնելով արարքի բնույթը, դրա հնարավոր ազդեցությունը անձի հետագա մասնագիտական գործունեության վրա, խախտումների քանակը եւ դրանց առնչությամբ հնարավոր հանրային ընկալումը.

4) անձի աշխատանքային գործունեության ընթացքում դրսեւորած վարքագծի, այդ թվում՝ իրականացրած գործողությունների (անգործության), կայացրած որոշումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք վկայում են մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում առկա այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վերաբերյալ ձեւավորել կասկած եւ անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանությանմարմինների հեղինակությունը:

12. Անձի բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացվում է այն դեպքում, երբ տվյալների ուսումնասիրության, համադրման եւ ամփոփման արդյունքում հայտնաբերվում են տվյալներ, որոնք ինքնին հանդիսանում են բավարար գործոն՝ անձի բարեվարքության վերաբերյալ բացասական բնույթի եզրակացության տրամադրման համար, մասնավորապես.

1) անձի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ արձանագրված այնպիսի տվյալներ, որոնք ձեւավորում են ողջամիտ կասկած առ այն, որ վերջիններիս գույքի ծագումը, փոփոխությունը, իրականացված գործարքները, կամ հայտարարագրման ենթակա տվյալները օրինական եւ արժանահավատ չեն կամ գույքային դրության եւ փաստացի ստացած եկամուտների միջեւ առկա է էական եւ ակնհայտ անհամապատասխանություն.

2) սույն հոդվածի 11-րդ մասի բ-դ կետերում նշված տեղեկությունները, որոնց բնույթը, քանակը կամ դրանց ամբողջությունն էական ազդեցություն ունեն անձի մասնագիտական գործունեության անկախության, անաչառության վրա կամ ձեւավորում են հանրային անվստահություն՝ նվազեցնելով հանրային իշխանության մարմինների հեղինակությունը:

13. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց: Հանձնաժողովը, ինչպես նաեւ անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

14. Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում եւ կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված: Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում) չի կարող տրամադրվել անձին (թեկնածուին):»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.2-րդ հոդվածով.

«Հոդված 26.2 Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը

1. Հանձնաժողովը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն:

2. Հանձնաժողովը սահմանում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձեւանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները:

3. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը իրականացվում է սույն օրենքի 26.1-ին հոդվածով սահմանված կարգով եւ պայմաններով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Հանձնաժողովին է ներկայացվում էլեկտրոնային համակարգի միջոցով:

5. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը իրականացվում է եռամսյա ժամկետում:

6. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, եւ վերջինիս բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացությունը ներկայացվել է բացառապես գույքային դրության հիմքով, ապա Հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ: Վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ:

7. Այն դեպքում, երբ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձը դատավոր է, բարեվարքության ուսումնասիրության արդյունքում բացասական եզրակացություն ներկայացնելու համար գույքային դրությունից բացի այլ հիմքերի առկայության դեպքում  (այդ թվում՝ գույքային դրության հիմքով խախտումների հետ համակցությամբ) Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունը ուղարկում է դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով:

8. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական բնույթի եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման խորհրդատվական եզրակացությունը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, իսկ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում համապատասխան մարմինների կողմից հարուցված կարգապահական վարույթի (ծառայողական քննության) հրապարակված արդյունքները ենթակա են հրապարակման նաեւ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ համապատասխան որոշումները հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 26.2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:

4. Մինչ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը, բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացվում են թղթային եղանակով: