Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7295-28.11.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-211-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2024 թվականի» թվերը եւ բառերը փոխարինել «2025 թվականի» թվերով եւ բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) գործող կանոնակարգումների համաձայն Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն (29-րդ հոդվածի 1-ին մաս): 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Ընտրական օրենսգրքի հիշատակված 29-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվում է (ուժի մեջ մտնելու ժամկետ՝ 2024 թվականի հունվարի 1-ը), ինչի արդյունքում վերը նշված գործառույթների իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:Սակայն, հարկ է նկատել, որ Սահամանդրության 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:»: Այսպիսով Սահմանադրությունն ընտրական գործընթացի բոլոր փուլերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ժողովրդավարական երկրներում քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության կամ, այլ կերպ ասած, նրանց կողմից ծախսված ռեսուրսների եւ դրանց ձեռքբերման աղբյուրների մասին հանրությանը իրազեկելու արդարացի եւ կարեւոր պահանջմունք կա: Քաղաքականության համար ծախսվող կապիտալը, որպես կանոն, բաժանվում է երկու հիմնական բաղադրիչի՝


Մինչեւ 2011 թվականի Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով ստեղծվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, քաղաքականության համար ծախսվող ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն իրականացվել է երկու տարբեր ինստիտուցիոնալ կառույցների կողմից, եւ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս էր ընտրական մարմինների, մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ նրա կողմից ստեղծված որեւէ մարմնի իրավասությունից եւ իրականացվում էր Արդարադատության նախարարության կազմում գործող տեսչական մարմնի կողմից:

Մյուս բաղադրիչի՝ ընտրությունների եւ հանրաքվեների մասնակցության ընթացքում քարոզարշավի համար ծախսվող ռեսուրսների վերահսկողությունն ի սկզբանե եղել է ընտրական հանձնաժողովների լիազորությունների շրջանակներում, ինչը տրամաբանական է, քանզի ընտրական մարմինները պատասխանատու են ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման համար: Քարոզարշավը հանդիսանում է ընտրությունների եւ հանրաքվեների բաղկացուցիչ եւ անբաժան մասը, եւ քարոզչության նկատմամբ վերահսկողությունը, անկասկած, իր մեջ ներառում է քարոզչության համար ծախսվող գումարների նկատմամբ վերահսկողությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների եւ հանրաքվեների քարոզարշավի ժամանակ պարտավոր է իրականացնել քարոզչության նկատմամբ վերհսկողություն, որն իր մեջ ներառում է թե ընթացիկ վերահսկողությունը, թե այս կամ այն խախտման վերաբերյալ վերջնական գնահատական տալը, ինչպես նաեւ գնահատականն առ այն, թե որքանով է այդ խախտումն ազդել կամ կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Քարոզչության համար ծախսվող գումարների նկատմամբ պետական վերահսկողության ինստիտուտի առկայությունը պահանջում է մասնագիտական եւ արդյունավետ գործունեություն՝ այդ վերահսկողության շրջանակներում հետապնդվող նպատակներին հասնելու համար: Այս տեսանկյունից մասնագիտական եւ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտացված կառույց, որն իր իրավակիրառական պրակտիկայում կձեւավորի կայուն գործելակերպ, իրավական դիրքորոշումներ եւ տեսակետներ, կկատարի ձեռք բերված տեղեկությունների վերլուծություն, կամփոփի պրակտիկան եւ կառաջարկի նոր մոտեցումներ եւ լուծումներ՝ ոլորտում առկա խնդիրների հաղթահարման համար: Վերոշարադրվածի լույսի ներքո Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ստեղծումը եւ նրան բավարար անկախություն տրամադրելը, ծառայության ղեկավարի ապաքաղաքական լինելու պահանջ սահմանելը կարելի համարել հաջողված փորձ: Այն նաեւ դրական է ընդունվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) կողմից, որն իր 2014 թվականի Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի Գնահատման մեջ՝ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության կապակցությամբ նշել է, որ ընդունվում է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվել են մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ստեղծումը (Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի Գնահատման երրորդ փուլ, կետ 13):

Ընտրական օրենսգրքում ամրագրված կանոնակարգումների համաձայն, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Նշված կանոնակարգումն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ ժամկետը Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ստեղծման պահից սկսած՝ այն իրականացնում էր նաեւ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն, որը 2022 թվականի հունվարի 1-ից վերապահվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այսպիսով, եթե նախկինում կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ վերապահված էր միայն մեկ մարմնի, ապա այս պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվել են քաղաքականության համար ծախսվող կապիտալի երկու հիմնական բաղադրիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնող երկու տարբեր ինստիտուցիոնալ կառույցներ՝ տարանջատելով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ քաղաքական դերակատարների կողմից նախընտրական քարոզչության համար կատարվող ծախսերի նկատմամբ վերահսկողությունից: 2024 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության մեկ միասնական ինստիտուցիոնալ կառույց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսելը: Սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերոնշյալ գործառույթները վերապահելը կարող է գործառնական առումով հանգեցնել սահմանադրականության հետ կապված խնդիրների՝ հաշվի առնելով արդեն իսկ շեշտված հանգամանքը, որ Սահամանդրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

Անվիճելի է, որ ընտրական գործընթացի մաս է կազմում նախընտրական քարոզչությունը, որի վերաբերյալ օրենսդրորեն սահմանված են նախընտրական քարոզչության կարգը եւ նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման եւ իրականացման ֆինանսավորման կանոնները: Ընտրական գործընթացի տվյալ փուլի՝ նախընտրական քարոզչության օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ըստ էության, հանգում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունը օրենքով սահմանված կարգին եւ ֆինանսավորման կանոններին համապատասխան իրականացումն ապահովելուն կամ խախտումները կանխելուն, խախտումն կատարելու դեպքում՝ բացասական հետեւանքները վերացնելուն եւ ըստ անհրաժեշտության սանկցիաներ կիրառելուն: Ընդ որում, հենց նախընտրական քարոզչությանն առնչվող խախտումների հիմքով է հնարավոր ընտրական գործընթացի հիմնական սուբյեկտների՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների նկատմամբ կիրառել բավականին խիստ միջոց՝ դիմել դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Գործնականում ընտրությունների եւ հանրաքվեների քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության իրականացումն առանց նախընտրական քարոզչության կարգի նկատմամբ (վերահսկողության) հսկողության հնարավոր չէ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով:

Նշված խնդրի կապակցությամբ քննարկումները ներկայումս շարունակվում են: Առաջիկայում նախատեսվում են ընտրական օրենսդրության լայնածավալ բարեփոխումներ, ուստի, առաջարկում ենք հետաձգել 2021 թվականի մայիսիս 7-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի եւ հարակից օրենքներում կատարված համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը եւ վկայակոչված իրավահարաբերություններին եւ դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծում տալ ընտրական օրենսդրության նշված բարեփոխումների շրջանակներում:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Ներկայացված օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել գործող կանոնակարգերի պահպանումն առ այն, որ 2024 թականի հունվարի 1-ից հետո եւս ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերհսկողությունն իրականացվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը՝ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից՝ երկարացնելով գործող կանոնակարգումները մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը՝ մինչ քաղաքական միավորումների ֆինանսական գործունեության նմատմամբ վերահսկման իրավահարաբերությունների եւ դրանցից բխող խնդիրներին վերջնական լուծման համար նոր համակարգային մոդելի նախատեսումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն