Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-698-07.11.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «կարգապահական» բառից հետո լրացնել «հարցերի, Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական» բառերը:

Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կարգապահական հարցերի հանձնաժողով,» բառերից հետո լրացնել «Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողով,» բառերը.

2) 4-րդ մասում՝

ա) «ութ» բառը փոխարինել «տասնմեկ» բառով.

բ) «երկուսը» բառը փոխարինել «հինգը» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-10.3-րդ մասերով.

«10.1. էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավոր անդամներ, իսկ երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկն ընտրվում է առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանի դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից:

10.2. էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով եւ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

10.3. էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության ժամանակ հաշվի են առնվում թեկնածուի կրթությունը, նրա՝ սույն հոդվածով սահմանված պահանջներին եւ նրան ներկայացրած կազմակերպության՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջներին համապատասխանությունը: Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամը գործում է անհատույց հիմունքներով:».

4) 16-րդ եւ 17-րդ մասերում «Դատավորների գործունեության գնահատման» բառերից առաջ լրացնել «էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական,» բառերը.

5) 19-րդ մասում «դատավոր չհանդիսացող անդամին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի անդամի, » բառերը:

Հոդված 3. Օրենքի ողջ տեքստում «հասարակական կազմակերպություններ» բառերի եւ դրանց համապատասխան հոլովաձեւերից հետո լրացնել « կամ հիմնադրամներ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ մասերով.

«2.1. էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովը՝

1) դատավորին տրամադրում է գաղտնի խորհրդատվություն դատավորի էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով,

2) ապահովելով խորհրդատվություն ստացած դատավորի անձի գաղտնիությունը՝ տարեկան առնվազն մեկ անգամ մշակում եւ իր գործունեության կարգով սահմանված կարգով Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է ուղեցույց, որը ներառում է տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով բարձրացված խնդիրների եւ առաջարկված լուծումների մասին:

2.2. Դատավորներին էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի կողմից խորհրդատվությունը տրամադրվում է դիմումի հիման վրա՝ եզրակացության տեսքով: Դիմումները կարող են ներկայացվել անանուն եւ առանց դատավորին նույնականացնելու հնարավորության:

2.3. Դիմումների, այդ թվում՝ անանուն եւ առանց դատավորին նույնականացնելու հնարավորության ներկայացման եւ գաղտնի խորհրդատվության տրամադրման կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից՝ էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կարգով:

2.4. Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելիս կամ Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս կաշկանդված չեն Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացություններով:»:

Հոդված 5. Օրենքի 84-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Եթե սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ չի ընտրվում, նոր ընտրությունը պետք է կազմակերպվի՝

1) նախորդ ընտրությունից հետո՝ եռամսյակն առնվազն մեկ անգամ՝ մինչեւ նոր նախագահի ընտրությունը.

2) խորհրդի նոր անդամի ընտրության դեպքում՝ նոր անդամի պաշտոնը ստանձնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում.

3) խորհրդի անդամներից առնվազն հինգի առաջարկությամբ` այն Բարձրագույն դատական նախագահի պարտականությունները կատարողին ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Սույն կետով նախատեսված առաջարկությունը մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայացվել ոչ ավելի քան մեկ անգամ:».

2) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է՝

1) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում առավել երկար փորձառություն ունեցող անդամը.

2) դատարանի նախագահի պաշտոնում առավել երկար փորձառություն ունեցող անդամը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի անդամի առկայության կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում փորձառություն ունեցող անդամի բացակայության դեպքում.

3) մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող անդամը՝ դատարանի նախագահի պաշտոնում փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի անդամի առկայության կամ դատարանի նախագահի պաշտոնում փորձառություն ունեցող անդամի բացակայության դեպքում.

4) տարիքով ավագ անդամը, եթե սույն մասի 1-3-րդ կետերով հնարավոր չէ որոշել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող անդամին:»:

Հոդված 6. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.2-44.3-րդ կետերով.

«44.2) uահմանում է դատարանում գտնվող վարույթներով եւ գործերով հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման եւ համակարգի պահպանության կարգը.

44.3) uահմանում է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով մինչդատական ակտերի դեմ բողոքի եւ դատական վերանայման բողոքի էլեկտրոնային տարբերակի (էլեկտրոնային կրիչի) ներկայացման ձեւի պահանջները.»:

Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 5-րդ մասից հանել « , նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու» բառերը:

Հոդված 8. Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասում, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում, 116-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերում, 128-րդ հոդվածի 4-րդ մասում «ծննդաբերության,» բառից հետո լրացնել «փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու,» բառերը:

Հոդված 9. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին կետը.

2) 4-5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) չորրորդ հերթին` սույն օրենսգրքի 110.1-ին հոդվածով նախատեսված հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին` ըստ հատուկ կարգով որակավորման ստուգումը հանձնելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող անձին.

5) հինգերորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին, այդ թվում՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուներին եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.».

3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 116-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում՝ «3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքում, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ`

1) հղիության եւ ծննդաբերության, փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքի,

2) այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման նույն տարվա շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ: Սույն կետը չի տարածվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի վրա:».

3) 6-րդ մասում «4-րդ կետով սահմանված դեպքում» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված դեպքում (բացառությամբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի եւ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի)» բառերով:

Հոդված 11. Օրենքի 119-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1. մասով.

«2.1. Դատավորն իր դիմումով կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին՝ դիմումի քննարկումը անցկացնելու խորհրդակցական սենյակում: Դատավորի միջնորդությունը բավարարելու դեպքում քվեարկությունը անցկացվում է խորհրդակցական սենյակում:»:

Հոդված 12. Օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը:

Հոդված 13. Օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Դատավորին ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ Գլխավոր դատախազը:»:

Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի եւ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող այն անդամները, որոնք հանդիսանում են փաստաբան եւ ունեն գործողության մեջ գտնվող փաստաբանական գործունեության արտոնագիր, Ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահին են ներկայացնում իրենց փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը: Ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահի կողմից գրավոր արձանագրվում է վերը նշված որոշումը ստանալու հանգամանքը: Սույն մասով սահմանված ժամկետում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը Ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողովի նախագահին չներկայացնելու դեպքում Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի լիազորությունները համարվում է դադարած օրենքի ուժով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հիմնադրամներին ներկայացվող պահանջները, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի անցկացման եւ ընտրության անցկացման կարգն ու մանրամասները:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում Ընդհանուր ժողովը հաստատում է Էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կարգը:

6. Սույն օրենքի 9-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաստատված դատավորների թեկնածուների ցուցակներից առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնելու նկատմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ, մասնավորապես՝

1) Նախագծերի համաձայն նախատեսվում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների գործունեությունը հատուցելի է:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 7-ի թիվ 1282-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:»:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «2023 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:

Այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող մեկ անդամի գործունեության համար հատուցման ամսական չափը կազմում է 582.400 ՀՀ դրամ /83.200*7/: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում դատավոր չհանդիսացող անդամների թիվը 3-ով ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս 1.747.200 ՀՀ դրամի չափով /582.400*3/:

2) Նախագծերի համաձայն՝ դիմումների, այդ թվում՝ անանուն եւ առանց դատավորին նույնականացնելու հնարավորության ներկայացման եւ գաղտնի խորհրդատվության տրամադրման կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կարգով:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դատավորներին գաղտնի խորհրդատվություն տրամադրելու կարգը առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա դատավորներին իրենց մուտքանվան եւ գաղտնաբառի միջոցով մուտք գործել հարթակ եւ ներկայացնել դիմում, միաժամանակ, հարթակը հնարավորություն կտա անանուն գեներացնել դիմումը՝ խորհրդատվության գաղտնիությունը ապահովելու համար:

Էլեկտրոնային հարթակը մշակելու եւ գործարկելու համար պետական բյուջեում նախատեսվում են լրացուցիչ ծախսեր, որոնց հաշվարկը տվյալ պահին հնարավոր չէ կատարել:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն