Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-660-11.09.2023-ՏԵ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 321-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 321.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 321.1. 1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը

1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, որի հետեւանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որի հետեւանքով առաջանում է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում)՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանք՝ չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը, որն առաջացնում է արգելքների եւ սահմանափակումների չկիրառում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան հարյուր հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: