Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-6091-01.06.2023,08.09.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ հայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով.

2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

3. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

4. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում  ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

5. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն եւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից եւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից:

6. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող, ինչպես նաեւ   մարզային հոգեկան առողջության կենտրոնի  գործադիր մարմնի ղեկավարը, տվյալ կազմակերպությունում, կարող է կատարել թերապեւտի, մանկաբույժի, ընտանեկան բժիշկի կամ հոգեբույժի վճարովի աշխատանք:

Հոդված 32.1 Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը

1.Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:

2. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների եւ հարցազրույցի հարցաշարերը կազմում եւ հաստատում է լիազոր մարմինը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի եւ մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում եւ ազատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ  համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետության 10 համայնքներում գործում են հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններ, որոնցից 208-ը մարզային ենթակայության են, իսկ 98-ը՝ համայնքային ենթակայության: Շուրջ 82 բժշկական ամբուլատորիաներ իրենց կազմակերպաիրավական ձեւով համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնք համարվում են ընտանեկան բժշկի գրասենյակներ, սահմանված կարգով ունեն ընտանեկան բժշկության լիցենզիա եւ այդ կազմակերպություններում ընտանեկան բժիշկը համատեղության կարգով զբաղեցնում է նաեւ տնօրենի պաշտոնը:

Տեղական ինքնակառավարման համակարգում, համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, գործող օրենքներում նկատվում են դրույթներ, որոնք դժվարացնում են առողջապահական՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կառավարումը: Մասնավորապես՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքներում, ինչպես նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում կան տարբեր կարգավորումներ, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրենների ընտրության համար հնարավորություն չեն տալիս ձեւավորել միասնական մոտեցում:

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝  ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 3-ին ընդունել է «Առողջապահական պետական ոչ առեվտրային կազմակերպությունների եվ հարյուր տոկոս պետությանը սեփականության  իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության նշանակման մրցույթի օրինակելի կարգը հաստատելու եվ  նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեվերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129 որոշումը: Ըստ այդ որոշման  N 1-ին հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից՝ բացառությամբ մարզային հոգեկան առողջության ոլորտի, գյուղական բժշկական ամբուլատորիաների եւ առողջության կենտրոնների գործադիր մարմինների ղեկավարների: Ելնելով այդ որոշումից, հաստատվել են համատեղ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը եւ համապատասխան մարզերի մարզպետների  որոշումները: Համաձայն այդ իրավական ակտերի գյուղական բժշկական ամբուլատորիների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմինների ընտրությանը ներկայացվող պահանջներն են՝ բարձրագույն  բժշկական կրթություն, ներքին հիվանդություններ, թերապիա, մանկաբույժ եւ ընտանեկան բժիշկ: Ստացվում է, որ գյուղական բժշկական ամբուլատորիաները եւ առողջության կենտրոնները համարվում են համայնքային ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ներ, սակայն դրանց գործադիր մարմինների ղեկավարները կարող են ընտրվել համապատասխան մարզպետի որոշմամբ:

Մյուս կողմից, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված է՝ Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են ՊՈԱԿ-ների օրենքի պահանջները: Հետեւաբար, բոլոր իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, տարածվում են նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին:

Վերոգրյալից հետեւում է, որ անհրաժեշտ է առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող կամ պետական կամ  համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների   ընթացիկ գործունեության ղեկավարումը դարձնել կառավարելի:  Մյուս կողմից, անհրաժեշտ է  հաշվի առնել Հայաստանում առողջապահության ոլորտի կադրային ներուժի պատկերը: Ելնելով վերը նշված արձանագրումներից, նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

ա)  Առողջապահության ոլորտի  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների գործադիր մարմինների պաշտոնում ընտրությունները (նշանակումները) իրականացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.

բ) Առողջապահության ոլորտի  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ.

գ) Առողջապահության ոլորտի  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը.

դ) Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների   ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտություն.

ե) Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենները կարող են  կատարել հետեւյալ մասնագիտությունների այլ վճարովի աշխատանք՝ Դրանք են՝ թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի  մասնագիտությունները:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի նպատակն է առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող, պետական կամ  համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների   համար սահմանել իրավակազմակերպչական միասնական ձեւեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել նրանց աշխատանքները:  Միաժամանակ, առաջարկվում է ստեղծել միասնական օրենսդրական դաշտ: Վերջինս իրավաչափ կդարձնի առողջապահական ոլորտի կազմակերպությունների կառավարումն ու արդյունավետ՝  բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ նոր օրենքների եւ կառավարության որոշումների փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանա:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ