Հոդված 1.
«Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի
ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 16-րդ, 18-րդ եւ 19-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել .
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-րդ կետով.
«23.1) ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate)՝ ֆիլմարտադրողների կողմից ՀՀ ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից, ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձ.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. 1.1-ին կետով.
«1.1) ֆիլմարտադրության մեջ ներդված դրամական միջոցների մասնակի վերադարձը.»
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու, դադարեցնելու եւ բողոքարկելու կարգն ու պայմանները.»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) ազգային մարմնի ներկայացված ներդրումների մասնակի վերադարձի մասին եզրակացությունների եւ վերադարձը տրամադրելու հիմքերի ուսումնասիրության տվյալների հիման վրա որոշում է կայացնում վերադարձը տրամադրելու կամ մերժելու, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաեւ՝ վերադարձը պետական բյուջե հետգանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու եւ վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետգանձելու մասին.»:
2) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) իրականացնում է պետական բյուջեից եւ դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիտորինգ (մշտադիտարկում).».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով.
«12.1) ուսումնասիրում է ներդումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, նաեւ՝ վերադարձը պետական բյուջե հետգանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու եւ վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետգանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար.»:
Հոդված 6. Օրենքի Գլուխ 6-ում՝
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« ԳԼՈՒԽ 6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՄ ԴՐԱ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԵՏԳԱՆՁՈՒՄԸ, ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ»
2) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ներդրումների մասնակի վերադարձի տրամադրումը, մերժումը, դադարեցումը, հետգանձումը
1. Ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի մինչեւ քսան տոկոսը կարող է հետ վերադարձվել՝ եթե.
1) ֆիլմարտադրողը ներդրումները վերադարձնելու հայտով դիմել է Ազգային մարմին,
2) առկա են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերն հիմնավորող փաստաթղթերը,
3) ազգային մարմինը ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու մասին իր դրական եզրակացությամբ դիմել է լիազոր պետական մարմին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը սահմանում է Ազգային մարմինը՝ յուրաքանչյուր հայտի վերլուծության հիման վրա:
3. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսումներում չի հաշվարկվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ դրամագլխի հաշվին տվյալ ֆիլմարտադրությանը հատկացված ֆինանսական միջոցների չափով կատարված ապրաքների, ծառայությունների եւ աշխատանքների ծախսերը՝ առկայության դեպքում:
4. Ներդրումների մասնակի վերադարձ ստանալու հայտը մերժվում է, եթե՝
1) հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներկայացվել են անարժանահավատ տեղեկություններ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում.
4) ֆիլմարտադրողը իր գործունեության ընթացքում ոչնչացրել կամ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը, հնագիտական օբյեկտները, խախտել է պետության կողմից հատուկ պահպանվող բնական տարածքի կամ օբյեկտի օրենսդրությամբ սահմանված ռեժիմը՝ առաջացնելով քրեական օրենսդրությամբ սահմանված խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս, կամ հրաժարվել է հատուցել հանրային կամ մասնավոր անձանց գույքին պատճառված վնասը կամ վերականգնել դրա նախկին վիճակը:
5. Ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում, իսկ հատկացված միջոցները հետ է գանձվում պետական բյուջե, եթե ազգային մարմնի մշտադիտարկման կամ այլ հիմնավորված փաստերով բացահայտվում է, որ սույն հոդվածի առաջին մասով սահմանված վերադարձ ստացած (ստացող) ֆիլմարտադրողը.
1) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
2) խախտվել է սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.
6. ֆիլմարտադրության աշխատանքների ընթացքում կատարել է ապօրինի գործողություն կամ այնպիսի գործողություն, որը հասցրել է գույքայի մասնակի կամ լրիվ ոչնչացման:
7. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում, դարադեցվում եւ պետական բյուջե է վերադարձվում լիազորված պետական մարմնի որոշումով՝ ազգային մարմնի եզրակացության կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:
8. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) եւ բողոքարկելու ընթացակարգերը սահմանվում է սույն օրենքի
7-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումով:»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ համաձայն սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթների:».
2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:»:
Հոդված 8.
Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
4.1.-րդ մասով.
«4.1. Մինչեւ սույն օրենքով սահմանված Ազգային մարմնի կազմավորումը ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման, մերժման եւ այդ գործընթացի դադարեցման հետ կապված գործառույթներն իրականացնում է լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: