Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-743-22.11.2005-ՍԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 1996 թվականի, ՀՕ-55 (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածը լրացնել 71 ,72 ,73 ,74 մասերով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«71 . Դեղերի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի դեղերի Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը: Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով:

72 . Բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը:

73 . Բժշկական օգնություն եւ սպասարկում, դեղատնային գործունեություն, դեղերի արտադրություն, բժշկական միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդման ժամանակ գովազդի մեջ պարտադիր պետք է նշվի կազմակերպության կան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը եւ տրամադրման ամսաթիվը:

74 . Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «դեղամիջոցների» բառերը փոխարինել «դեղերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպառողների իրավունքները պաշտպանելու եւ բնակչությանը որակյալ բժշկական օգնություն եւ սպասարկում ապահովելու անհրաժեշտությունից: Խնդիրն այն է,, որ ներկայումս զանգվածային լրատվամիջոցներով եւ արտաքին գովազդային վահանակների միջոցով հաճախ գովազդվում են համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, հեքիմներ, բժշկական կրթություն չունեցող անձինք: Բացի դրանից գովազդվում են բուժման այնպիսի մեթոդներ, որոնք ակնհայտորեն մշակված են բնակչությանը խաբելու եւ ծանր ու անբուժելի հիվանդներից մեծ գումարներ ստանալու նպատակ: Լրատվամիջոցներով գովազդվում են դեղեր, որոնց գովազդը, համաձայն օրենքի, արգելված է:

Նշված վիճակը շտկելու, սպառողներին թյուրիմացության մեջ գցող անբարեխիղճ գովազդը կանխելու նպատակով մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, որով գովազդի վրա պարտադիր պետք է նշվի համապատասխանաբար լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության, դեղի գրանցման համարը, ինչպես նաեւ լիցենզավորած սուբյեկտի գովազդի համարը, որի արդյունքում կբացառվի չլիցենզավորված սուբյեկտների եւ չգրանցված դեղերի գովազդը: Պետք է նշել, որ նման պրակտիկա ընդունված է աշխարհի շատ երկրներում:

Միեւնույն ժամանակ կառավարությանը լիազորություն է վերապահված հաստատել գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները, որը թույլ կտա սահմանել գովազդի թույլտվության տրամադրման հստակ կարգ եւ պահանջներ: