Հոդված 1. «Առեւտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.
1) 4-րդ կետի առաջին նախադասության «վեճերը» բառից հետո լրացնել
«, ներառյալ՝ դրանց առնչությամբ գործարքների կնքված լինելու կամ անվավերության հետ կապված հարցերը» բառերը.
2) 7-րդ կետի «25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերը փոխարինել
«25-րդ հոդվածի 1-ին կետի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «որեւէ ձեւով» բառերից առաջ լրացնել «սույն մասով սահմանված» բառերը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «իսկ» բառից հետո լրացնել «միջազգային արբիտրաժի դեպքում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ.
1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի(կողմի ներկայացուցչի, արբիտրաժային վարույթում որպես վկա, փորձագետ, մասնագետ ներգրավված անձանց) նկատմամբ.
2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին, սակայն տարբեր փաստական հիմքերով գործի վեճի քննությանը.
3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է կամ հանդիսանում է արբիտրաժի կողմ կամ մասնակից.
4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»:
2) լրացնել նոր 2.1-2.2-րդ մասեր.
«2.1. Սույն oրենքի իմաստով արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում.
1) այն իրավաբանական անձը.
ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը ունեն մասնակցություն.
բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձեւով հնարավորություն ունեն կանխորոշել կամ որին կարող են տալ կատարման համար պարտադիր ցուցումներ.
գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հանդիսանում է կառավարման մարմնի անդամ.
դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը տվյալ արբիտրաժային վարույթի առնչությամբ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
2) այն ֆիզիկական անձը.
ա. ով արբիտրի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինըինչպես նաեւ համատեղ ապրող անձինք).
բ. ում հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:
2.2. Արբիտրաժային հաստատությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի իրենց ներքին կանոններով կարող են նաեւ սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «առ ոչինչ» բառը փոխարինել «անվավեր» բառով:
Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «միջոցը չվնասելու» բառերը փոխարինել «միջոցի կատարումն անհնարին դարձնող գործողությունը չիրականացնելու» բառերով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձեւով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձեւ սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է» բառերը:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «վայրի օրենքը շարունակվում է» բառերը փոխարինել «վայրի օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգային նորմերը շարունակվում են» բառերով:
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի.
1) առաջին նախադասության մեջ «կոլիզիոն նորմերով» բառերից հետո լրացնել «՝ պատճառաբանելով այդ ընտրությունը» բառերը.
2) երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե գտնում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է:»:
Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով:
Հոդված 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: