Armenian ARMSCII Armenian
Կ-5302-10.03.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասնմեկերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, սահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «կարգադրություն» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը).»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.5-րդ հոդվածով.

«Հոդված 31.5. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը վերադարձնելը

1. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը եւ կից փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է ներկայացնող վարչական մարմին, եթե այն չի համապատասխանում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ եւ «Հրդեհային անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածների պահանջներին, ինչպես նաեւ եթե լրացել է վարչական ակտը (կարգադրագիրը, որոշումը) հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: