Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-733-02.11.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքային թատրոնների /այսուհետ` թատրոն/ եւ թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերարվեստի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները եւ թատրոններին ու թատերական կազմակերպություններին պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու միջոցները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին

Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացութունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները

թատրոն ` մշակութային կազմակերպություն, որի հիմնական գործունեությունը թատերական բեմադրությունների եւ այլ ներկայացումների ստեղծումն ու կենդանի կատարմամբ հրապարակային ցուցադրումն է,

պետական թատրոն ` պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հիմնադրված պետական ոչ առեւտրային կազմակերպություն,

համայնքային թատրոն ` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիմնադրված համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն,

թատերական կազմակերպություն ` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը թատերական գործունեության իրականացումն է,

թատերական գործունեություն ` թատերական արվեստի ստեղծմանը, տարածմանն ու զարգացմանը նպաստող գործունեություն,

թատերական բեմադրություն` միեւնույն գաղափարով եւ կոնկրետ անվանումով դրամատիկական կամ երաժշտադրամատիկական երկի հիմքով ստեղծված թատերարվեստի ստեղծագործություն,

ներկայացում ` թատերական բեմադրության հրապարակային ցուցադրում` կենդանի կատարմամբ,

բեմադրիչ /ռեժիսոր, նկարիչ, բալետմայստեր, դիրիժոր/` գեղարվեստական ինքնատիպ լուծմամբ թատերական բեմադրությունը կամ նրա առանձին մասն իրականացնող անձ,

դերասան ` դրամատիկական կամ երաժշտադրամատիկական երկի որեւէ գործող անձ/եր/ը մարմնավորող:

ԳԼՈՒԽ 2

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմնի իրավասությունները թատրոնների եւ թատերական գործունեության բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) իրականացնում է թատերական արվեստի բնագավառում իրավական ակտերի ընդունումը,

բ) ապահովում է թատերական արվեստի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,

գ) աջակցում է թատրոնների եւ թատերական գործունեության պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը:

Պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է թատերական արվեստի բնագավառում պետական քաղաքականությունը, մասնակցում է թատերական արվեստի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրերի մշակմանը,

բ) ապահովում է թատրոնի բնականոն գործունեությունը,

գ) աջակցում է թատրոնների ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, միջազգային փառատոնների ու մրցույթների մասնակցությանը,

դ) հաստատում է թատրոնի ստեղծագործական եւ սպասարկող կազմի պաշտոնական որակավորման բնութագրերը,

ե) իր իրավասությունների շրջանակում նպաստում է թատրոնների եւ թատերական կազմակերպությունների միջազգային կապերի զարգացմանը:

Հոդված 5. Թատրոնի գործունեության հիմնական նպատակը

Թատրոնի գործունեության հիմնական նպատակն է`

ա) թատերարվեստի բնագավառում հասարակության հոգեւոր պահանջների ձեւավորումն ու բավարարումը,

բ) ազգային թատերարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,

գ) դասական եւ ժամանակակից լավագույն դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունների բեմադրումը:

Հոդված 6. Թատրոնների ֆինանսավորումը

Թատրոնների ֆինանսավորումը կատարվում է համապատասխան բյուջեներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Թատրոնների ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված »Հայաստանի Հանրապետության մշակութային կազմակերպությունների ֆինանսավորման սկզբունքների վերաբերյալ հիմնադրույթներին« համապատասխան:

Թատրոններին ամրացված գույքի վարձակալությունից ստացված եկամուտները օգտագործվում են այդ թատրոնների կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել թատրոնների համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը:

Հոդված 7. Թատրոնների վերակազմակերպումը

Թատրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Վերակազմակերպման հետեւանքով թատրոնների ստեղծման նպատակների փոփոխումն արգելվում է:

Հոդված 8. Թատրոնների լուծարումը

Թատրոնների լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները եւ պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Թատրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 3.

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները

Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

ա) թատրոոների եւ թատերական կազմակերպությունների ստեղծագործական գործունեության ազատության եւ ինքնուրույնության ապահովումը,

բ/ թատերական արվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը,

գ/ թատերական արվեստի պահպանման, տարածման եւ զարգացման համար պետական աջակցությունը,

դ/ թատերական հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովումը մշակույթի բնագավառում պետական քաղաքականության մշակմանը,

ե/ բեմադրիչների, դերասանների մասնագիտական վերապատրաստման եւ կատարելագործման ապահովումը:

Հոդված 10. Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձեւերը

Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձեւերն են`

ա/ թատերարվեստի բնագավառում իրավական ակտերի ընդունումը,

բ/ թատերական բեմադրության ստեղծման եւ հրապարակային ցուցադրման պետական մասնակի ֆինանսավորումը,

գ/ թատրոնների եւ թատերական կազմակերպությունների գործունեության տնտեսական եւ ֆինանսական կարգավորումը:

Հոդված 11. Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական միջոցառումները

Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական միջոցառումներն են`

ա/ թատրոնների եւ թատերական գործունեության զարգացման համար պայմանների ստեղծումը,

բ/ թատերական շենքերի եւ շինությունների վերանորոգումը կամ հիմնանորոգումը, սարքավորումների արդիականացումը,

գ/ ստեղծագործական նախագծերի լրիվ ֆինանսավորումը` ազգային բարձրարժեք թատերական բեմադրությունների ստեղծման նպատակով,

դ/ դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունների ստեղծման, գնման, բեմադրման եւ հյուրախաղային գործունեության իրականացման համար բյուջետային միջոցների ամենամյա հատկացումը,

ե/ բնակչության համար նախատեսված սակագներով թատրոնների եւ թատերական կազմակերպությունների էլեկտրականության, ջեռուցման եւ օդափոխման համակարգ, ջրամատակարարման եւ այլ կոմունալ ծախսերի վարձավճարների սահմանումը,

զ/ հարկային եւ այլ արտոնությունների տրամադրումը թատրոններին եւ թատերական կազմակերպություններին, ինչպես նաեւ թատերական գործունեությանն աջակցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` օրենքով սահմանված կարգով եւ չափով,

է/ պետական աջակցությամբ մրցութային կարգով թատրոնների ստեղծագործական ծրագրերի եւ այլ միջոցառումների իրականացումը,

ը/ մասնակցությունը հանրապետական, միջազգային թատերական փառատոնների, մրցույթների, ստուգատեսների եւ միջազգային թատերական փոխանակումների կազմաերպմանը եւ ֆինանսավորմանը:

ԳԼՈՒԽ 4.

Հոդված 12. Թատրոնների կառավարումը

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այլ հիմնադիրների հետ միասին մասնակցում է պետական եւ համայնքային թատրոնների կառավարմանը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական եւ համայնքային թատրոնների գործունեության անմիջական ղեկավարումը նրանց հիմնադիրների կողմից նախատեսված կարգով իրականացվում է`

ա/ միանձնյա ղեկավարման սկզբունքով.

Տնօրեն-գեղարվեստական ղեկավարի կողմից, որի հետ լիազորված պետռական մարմինը կնքում է աշխատանքային պայմանագիր` մինչեւ հինգ տարի ժամանակով:

բ/ Լիազորությունների սահմանազատման սկզբունքով.

Տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի կողմից, որոնցից յուրաքանչյուրի հետ լիազորված պետական մարմինը կնքում է աշխատանքային պայմանագիր` մինչեւ հինգ տարի ժամանակով:

Ոչ պետական թատրոնների կառավարումն իրականացվում է նրանց հիմնադիր փաստաթղթերով, օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 13. Թատրոնի տնօրենի իրավասությունները

Պետական եւ համայնքային թատրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը, որին նշանակում, նրա աշխատանքային պայմանագիր է կնքում եւ ազատում է համապատասխանաբար` լիազորված պետական մարմինը /կամ համայնքի ղեկավարը/` հիմնադրի կողմից նախատեսված կարգով:

Թատրոնի տնօրենը`

ա/ աշխատանքի է նշանակում եւ աշխատանքից ազատում թատրոնի աշխատողներին` աշխատանքային եւ /կամ/ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցների եւ նշանակում կարգապահական տույժեր` միայն գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ:

բ/ կազմակերպում եւ իրականացնում է թատրոնի անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային շինարարական վերանորոգման եւ այլ աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում թատրոնի գողարվեստական ստեղծագործական գործունեությանը,

գ/ հաստատում է թատրոնի, նրա առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական եւ այլ կանոնները,

դ/ որոշում է այլ թատրոնների հյուրախաղային ներկայացումների եւ այլ միջոցառումների համար բեմահարթակի տրամադրման նպատակահարմարությունը,

ե/ հաստատում է թատրոնի հաստիքացուցակը եւ ֆինանսական-արտադրական գործունեության ծրագիրը,

զ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

Հոդված 14. Թատրոնի գեղարվեստական ղեկավարի իրավասությունները

Թատրոնի գեղարվեստական ստեղծագործական ղեկավարումն իրականացնում է գեղարվեստական ղեկավարը, որը`

ա/ առաջարկություն է ներկայացնում տնօրենին` թատրոնի ստեղծագործական աշխատողի նշանակման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ,

բ/ թույլատրում է նոր եւ վերականգնվող ներկայացումների հրապարակային ցուցադրումը,

գ/ կատարում է նոր եւ վերականգնվող ներկայացումներում դերաբաշխում,

դ/ նշանակում է դերակատարներ ընթացիկ խաղացանկի ներկայացումներում

ե/ իրականացնում է գեղարվեստական ստեղծագործական գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ:

Հոդված 15. Թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի համատեղ իրավասությունները

Թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը համատեղ իրականացնում են հետեւյալ իրավասությունները`

ա/ որոշում են թատրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վարձակալությամբ հանձնելու հարցերը

բ/ որոշում են ընդունում թատրոնի ստեղծագործական գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ,

գ/ որոշում են ընդունում ներկայացումների ցուցադրման ծրագրի հաստատման կամ փոփոխման վերաբերյալ,

դ/ հաստատում են ներկայացումների խաղացանկը, դեկորացիաների էսքիզներն ու մակետները, ինչպես նաեւ բեմադրական գործունեության այլ արդյունքները,

ե/ որոշում են թատրոնի հյուրախաղային խաղացանկի, հյուրախաղերի ժամկետների, վայրերի եւ մասնակիցների կազմը:

ԳԼՈՒԽ 5.

ԹԱՏՐՈՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Թատրոնի իրավունքները գեղարվեստական գործունեության բնագավառում

Թատրոնն անկախ է իր գործունեության գեղարվեստական ստեղծագործական ուղղության եւ խաղացանկի ընտրության մեջ:

Թատրոնի գեղարվեստական ստեղծագործական գործունեության սահմանափակումը գրաքննության նկատառումներով արգելվում է, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Պետական իրավասու մարմինները կարող են արգելել թատերական բեմադրության հրապարակային կատարումը, նրա օգտագործման այլ տեսակները, ինչպես նաեւ տեղեկատվական եւ գովազդային նյութերի հրապարակումը` միայն դատարանի որոշման հիման վրա` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Հոդված 17. Թատրոնի իրավունքները կազմակերպչական, տնտեսական գործունեության բնագավառում

Թատրոնը`

ա/ ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը, որոշում գործունեության զարգացման հեռանկարային ծրագրերը` իր կանոնադրությանը համապատասխան,

բ/ ինքնուրույն է որոշում ներկայացումների տոմսերի գները,

գ/ ինքնուրույն է սահմանում հաստիքները, դրույքաչափերը, նյութական խրախուսման ձեւերը, հավելավճարները` օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ/ ինքնուրույն է սահմանում աշխատանքի պայմանակարգը, եթե նրա կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Այլ վճարովի ծառայությունների եւ թատերական արտադրանքի գները /սակագները/ սահմանվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 18. Թատրոնի պարտականությունները

Թատրոնը պարտավոր է`

ա/ ներկայացումների ազդագրերում տեղադրել թատրոնի, թատերական ներկայացման անվանումների, դրամատիկական, երաժշտադրամատիկական ստեղծագործության հեղինակ/ներ/ի, ներկայացման բեմադրիչ/ներ/ի մասին լրիվ տեղեկատվությունը,

բ/ հանդիսատեսին տեղեկացնել ներկայացման անցկացման տեղի, ժամանակի, տոմսերի գների, նրանց ձեռքբերման վայրերի, հանդիսատեսի առանձին խմբերի համար նախատեսված արտոնությունների, ներկայացումը դիտելու սահմանափակումների մասին,

գ/ ներկայացման տոմսի վրա նշել դրա գինը, ցուցադրման տեղը, ժամը եւ ամսաթիվը, հանդիսասրահում նստատեղի համարը, թատրոնի, հնարավորության դեպքում նաեւ ներկայացման անվանումը,

դ/ վերադարձնել քաղաքացուն նախորոք ձեռքբերված տոմսի արժեքը կամ նրա ցանկությամբ տոսմը փոխարինել նորով, եթե ներկայացումը փոխվել կամ հետաձգվել է, կամ նախապես հայտարարված գլխավոր դերակատար/ներ/ը փոխարինվել է,

ե/ ապահովել հանդիսատսից ի պահ վերցված գույքի պահպանությունը:

Սույն հոդվածով նախատեսված նորմերը տարածվում են թատերական բեմադրությունների հրապարակային ցուցադրում իրականացնող այլ կազմակերպությունների վրա:

Հոդված 19. Թատերական ստեղծագործական աշխատողների հետ պայմանագրերը

Ստեղծագործական աշխատողի եւ թատրոնի ղեկավարության միջեւ կնքված պայմանագրում օրենսդրությամբ սահմանված պարտադիր նորմերից բացի, նշվում են նաեւ հեղինակային, հարակից եւ թատերական բեմադրության կենդանի կատարմամբ ցուցադրման իրավունքների իրացման պայմանները եւ կարգը:

Հոդված 20. Թատրոնների ստեղծագործական աշխատողների սոցիալական պաշտպանությունը

Թատրոնների ստեղծագործական աշխատողների սոցիալական պաշտպանությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը վերաբերում է թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական մշակութային քաղաքականության ճիշտ իրականացմանը, թատրոնների եւ թատերական կազմակերպությունների ստեղծագործական ազատության եւ ինքնուրույնության ապահովմանը: Մասնավորապես, թատերական կազմակերպությունների ակտիվ գործունեության համար օրենքի նախագծով առաջարկվում է պետության կողմից տնտեսական եւ ֆինանսական կարգավորումը, թատրոնների ստեղծագործական գործունեության զարգացման համար պայմանների ստեղծումը, ինչը կհանգեցնի աղգային թատերարվեստի բարձրարժեք բեմադրությունների ստեղծմանն ու պահպանմանը, մասնակցությանը միջազգային փառատոններին եւ մրցույթներին: