Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-328-01.07.2022,06.09.2022-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝. «4. Հեռարձակողները, որոնք եթեր են հեռարձակում նաեւ մանկական, կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ եւ ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում` համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, եւ լրատվական տեսալսողական հաղորդում եւ ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին եւ տեխնիկական նվազույն պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2.

Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ նախադասությամբ.

«7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:»:

Հոդված 3.

Օրենքի 22-րդ հոդվածի

I. 6-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետը շարադրել հետեւյալ նախադասությամբ.՝ «գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը:»:

II. 6-րդ մասը լրացնել նոր կետով հետեւյալ նախադասությամբ.՝ «4) ապահովել հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝

ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,

բ. Հայաստանի Հանրապետության տոներին եւ հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները,

գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները եւ նախապես ծրագրված հարցազրույցները,

դ. արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,

ե. սոցիալական գովազդը»: