Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) կազմակերպությունների կողմից ազդարարների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 8-րդ եւ 9-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8) դիմելու իրավասու մարմնին՝ ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար.
9) դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պաշտոնատար անձին կամ կազմակերպությանը՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության եւ վերականգնման ուղղությամբ միջոցառումներ:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 30.2.-րդ հոդվածով՝
«Հոդված 30.2. Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում
1. Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիթորինգ եւ տվյալների հավաքագրում, ինչպես նաեւ հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը:
2. Պաշտպանը ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝
1) հետեւել պաշտպանական եւ վերականգնողական միջոցառումների իրականացմանը,
2) իրականացնել ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության մոնիթորինգ եւ գնահատում,
3) հանդես գալու ազդարարների պաշտպանության իրականացման վերաբերյալ հրապարակային զեկույցներով,
4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է ազդարարի կամ նրա փոխկապակցված անձի խնդրանքով խորհրդապահական կարգով տրամադրել խորհրդատվություն եւ ներկայացնել անձին իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները:
4. Խորհրդատվության շրջանակում ձեռք բերված տեղեկությունները եւ անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման առանց անձի գրավոր համաձայնության:
5. Մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում եւ հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը եւ վիճակագրությունը՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա:
6. Հաշվետվությունը եւ վիճակագրությունը ամփոփվում եւ հրապարակվում են www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում եւ Մարդու իրավունքերի պաշտպանի պաշտոնական https://www.ombuds.am/ կայքէջում:
7. Հաշվետվությունը եւ վիճակագրությունը պետք է առնվազն տեղեկատվություն պարունակեն ազդարարների կողմից իրավասու մարմիններ ներկայացվող հաղորդումների (ըստ տեսակների եւ ձեւերի) եւ ազդարարներին տրամադրվող պաշտպանության վերաբերյալ:»:
Հոդված 4. Անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշվետվությունը եւ վիճակագրությունը www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորությունը ծագում է միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 30.2-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: