Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3492-27.07.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 80-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 80. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ՝ սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության

Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց արտանետման թույլտվության՝

առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 81.1-ին հոդվածի առաջին պարբերության «սորուն նյութերը» բառերը փոխարինել «ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաեւ շինարարական աղբը» բառերով, իսկ «եւ» բառը՝ «կամ» բառով, երկրորդ եւ չորրորդ պարբերությունների «քաղաքացիների» բառը փոխարինել «ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց» բառերով, իսկ «պաշտոնատար» բառը՝ «իրավաբանական» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածում «ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ սորուն նյութերի» բառերը փոխարինել «ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաեւ շինարարական աղբի» բառերով, երկրորդ եւ չորրորդ պարբերությունների «քաղաքացիների» բառը փոխարինել «ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց» բառերով, իսկ «պաշտոնատար» բառը՝ «իրավաբանական» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 85.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 85.1. Արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը

1. Արտադրության կամ սպառման կամ տերեւաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները, որոնք կատարվել են թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումները, որոնք կատարվել են կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: