Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-339-13.07.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 11.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությունն իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիրը, որով սահմանվում է նաեւ սույն մասով նախատեսված կարգով ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ տեղամասերի ցանկը:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ տեղամասային կենտրոնի համարը:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում եւ հեռարձակվում են նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը: Կազմակերպության հետ կնքված  պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված նյութերի պատճենները՝ գրավոր դիմումի հիման վրա, կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել մինչեւ ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ դատարանի որոշում ընդունելը: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը եւ պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:».

Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածի  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:».

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք եւ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում:».

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասում «արտահերթ ընտրությունների» բառերը փոխարինել «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «70 000 ու ավելի ընտրող ունեցող՝» բառերը.

Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում «70 000 եւ ավելի ընտրող ունեցող« բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 11.1-րդ կետով.

«11.1) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում).»:

Հոդված 8.  Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ եւ 129-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:».

Հոդված 9. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 140.  Քվեաթերթիկները

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում:

Գրանցման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Նույն օրը նշանակված մեկից ավելի համայնքներում ընտրություններ անցակցվելու դեպքում տարբեր համայնքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալիս նույն համարով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում կիրառվում է նաեւ «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ: «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով ոչ շուտ քան 2022 թվականի նոյեմբերի 1-ը եւ ոչ ուշ քան 2022 թվականի դեկտեմբերի 15-ը կազմավորում է նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շարունակում են գործել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 17-ը: Նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը գումարվում են 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 12.00-ին:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների այն ընտրություններում, որոնց նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվել են  մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ փոփոխության չեն ենթարկվում եւ կիրառվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ եւ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների եւ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի կողմից:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած խնդիրները:

Մ  Համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը ցույց տվեց, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների դեպքում անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներով (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) անցկացվող քվեաթերթիկներով կազմակերպվող ընտրությունների ժամանակ: Մեկ քվեաթերթիկով կազմակերպվող քվեարկությունների ժամանակ պահպանվում են ընտրողի քվեարկությունը վերահսկելու ռիսկերը:

Մ  Քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակման պրակտիկան ցույց է տվել, որ այդ համակարգի կիրառման պայմաններում տեղամասերում ավելի քիչ են խնդիրներ առաջանում, ինչպես նաեւ բարձրանում է ընտրական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը: Սակայն գործող կարգավորումներով քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակումը նախատեսված է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:

Մ  Նոր ձեւավորված ավագանիների առաջին նիստերի շուրջ ծագած դատական վեճերի իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ վարչական դատավարության օրենսդրությունը թերի է եւ պետք է լրացվի:

Մ  Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում:

2. Առաջարկվող կարգավորումները

Մ  Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը: Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) եւ վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Մ  Առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնել  տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում:

Մ  Առաջարկվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը եւս ընտրական վեճեր են եւ, որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ՝ արագացված կարգով, կոլեգիալ կազմով:

Մ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել, ու այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ:

Մ  Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը: Առաջարկվող գործակիցները ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:

3. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքները եւ դիտարկումները:

4.   Ակնկալվող արդյունքներ

Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի շտկել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստելով ընտրական համակարգի էլ ավելի կատարելագործմանը, վերջին չորս տարիներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության բարձր մակարդակի էլ ավելի բարելավմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարմանմասին օրենքում» լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եվ պետականծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագծերը,

2. օրենքի նախագծերի , փաթեթի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքներում լրացվող եւ փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները.

Նախագծի հիմնական զեկուցողն է   Արթուր Հովհաննիսյանը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ «ՔՊ»  խմբակցության պատգամավորներ

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ