Armenian ARMSCII Armenian
Կ-2175-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «լիազորությունները» բառից հետո լրացնել «, պատվիրակված գործառույթների իրականացումը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 65-րդ կետով.

«65) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝

ա. պետական սահմանի անցման կետերում իրականացնում են անձնագրային եւ ճանապարհային երթեւեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության գործառույթներ,

բ. օրենքով նախատեսված այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-6-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի իմաստով՝ սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացումը օրենքով պետական այլ մարմիններին վերապահված եւ օրենքով նախատեսված դեպքում ազգային անվտանգության մարմիններին փոխանցված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացումն է ազգային անվտանգության մարմինների կողմից պետական սահմանի անցման կետերում:

3. Ազգային անվտանգության մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:

4. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթն ազգային անվտանգության մարմիններն իրականացնում են գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

5. Ազգային անվտանգության մարմինները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթն իրականացնում են ազգային անվտանգության մարմնի անունից:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել  Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: