Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ վերապատրաստման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է ոլորտը համակարգող նախարարը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վերապատրաստման կարգը սահմանող՝ ոլորտը համակարգող նախարարի հրամանն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-օրյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն»:
Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ. «Պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում»:
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոններում, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումների եւ շտաբի պաշտոններում պետական ծառայության հարաբերությունները, հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջները, ենթակա են կարգավորման «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սահմանված ընդհանուր 2081 հանրային ծառայության պաշտոններից 1939-ը ընդգրկված չէ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, ուստի եւ հիմք ընդունելով հիշատակված իրավական ակտերի պահանջները՝ համարվում են առանձնահատկություն ունեցող պաշտոններ եւ դրանց պետական ծառայության հարաբերությունների կարգավորման դրույթները հիմնականում նախատեսված են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վերոհիշյալ տրամաբանության շրջանակներում առանձնահատուկ իրավական կարգավորման պետք է ենթարկվի նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պաշտոններում քրեակատարողական ծառայության այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք են ծառայողների վերապատրաստումն ու աշխատանքի կատարողականի գնահատականը, այնինչ դրանց կանոնակարգումն ընդգրկվել է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տիրույթ՝ իրավակազմակերպչական առումով հանգեցնելով կատարման անարդյունավետության եւ անհնարինության («Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդված)»:
Այսպես.
ա) Քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ միջազգային մի շարք հեղինակավոր փաստաթղթերով ամրագրվել է քրեակատարողական ծառայողների պարտադիր ու շարունակական վերապատրաստումների պահանջը (Եվրոպական բանտային կանոնների 81.2 կետի համաձայն՝ «Բանտային աշխատակիցներն իրենց ողջ կարիերայի ընթացքում պետք է մասնակցեն շարունակական վերապատրաստումների, որպեսզի կատարելագործեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները:», իսկ ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 47.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ «3) Աշխատանքի ընդունվելուց հետո եւ հետագա ամբողջ գործունեության ընթացքում այդ աշխատակիցները պետք է պահպանեն ու բարձրացնեն իրենց որակավորումը՝ համապատասխան պարբերականությամբ աշխատանքից չկտրված վերապատրաստման դասընթացներ անցնելով»), այնինչ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը կարող է իրականացվել կամ կատարողականի գնահատականի հիմքով (որպես պարտադիր պահանջ) կամ կամավորության սկզբունքով (մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման համար): Հետեւաբար, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերապատրաստման ինստիտուտի ներկա կարգավորումներն ընդունակ չեն պատշաճ եւ ամբողջական ապահովելու քրեակատարողական ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային սկզբունքների կատարման երաշխիքները:
բ) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների վերապատրաստման գործընթացն ու ծրագրերը «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով համարվում են գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկություններ եւ փաստաթղթեր, հետեւաբար, օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատականն ընդունող, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացները վարող մասնագետները (նաեւ դասախոսները) պետք է ունենան համապատասխան տեղեկություններին առնչվելու թույլտվություն, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներով հնարավոր չէ իրականացնել:
գ) Հարկ է նկատել, որ տարբեր ծառայությունների օրենսդրական կարգավորումները վերապատրաստումների կարգը սահմանող մարմնի եւ վերապատրաստման հաճախականության առնչությամբ միատեսակ չեն: Այսպես՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մաքսային բոլոր ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ?
«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատական կարգադրիչ պարտավոր է վերապատրաստվել Արդարադատության ակադեմիայում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաեւ անցնել հատուկ ուսուցում:
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
«Փրկարար ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի համաձայն՝ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները հինգ տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) համապատասխան նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում: Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանում է կառավարությունը:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում: Վերապատրաստում կարող են անցնել նաեւ ոստիկանության բարձրագույն եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները: Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ: Վերապատրաստում անցնելու կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:
Հարկ է նկատել, որ Նախագծով քրեակատարողական ծառայողների համար սահմանվել է վերապատրաստման հաճախականության միջինացված ժամկետ: Հաշվի առնելով քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները, մասնավորապես՝ քրեակատարողական ծառայողների հերթափոխային ծառայությունը, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի եւ այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգության ապահովումը, կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ իրականացվող աշխատանքների բնույթի յուրահատկությունները՝ առաջարկվում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պաշտոններում պետական ծառայություն իրականացնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման իրավահարաբերությունների վերաբերյալ սահմանել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տրամաբանությունից բխող, բայց, միեւնույն ժամանակ, քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները հաշվի առնող առանձին կարգավորումներ:
Ընդ որում, Նախագծով սահմանվել է վերապատրաստումների հետեւյալ կառուցակարգը.
Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է ոլորտը համակարգող նախարարը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է համապատասխան նախարարի կողմից սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:
3. Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պաշտոններում պետական ծառայություն իրականացնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաեւ աշխատանքի կատարողականի գնահատման իրավահարաբերությունների վերաբերյալ կսահմանվեն քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները հաշվի առնող, իրավակազմակերպչական առումով արդյունավետ եւ համակողմանի կարգավորումներ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման հավելված N 2-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջից, համաձայն որի՝ վերանայվել են կադրերի ընտրության (պատրաստման) եւ տեղաբաշխման, ինչպես նաեւ կադրերի առաջխաղացման մեխանիզմները, որի շրջանակներում կարեւորվում է նաեւ համապատասխան վերապատրաստումների իրականացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում