Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-980-24.05.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.

1) հանել «ինքնավար էներգաարտադրող» սահմանումը.

2) «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական եւ (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արեւային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի եւ այլն).»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետից հանել «վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող» բառերը:

Հոդված 3. Օրենքի հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը նախատեսված է 2021թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարության N 48-Լ որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչեւ 2040 թվականը) եւ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.5 կետով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայումս կարող են կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում: Այդ կայանները էլեկտրաէներգետիկական շուկա մրցակցային պայմաններով մուտք գործելու իրավունք չունեն, ինչպես նաեւ իրավունք չունեն էլեկտրաէներգիա արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինչով սահմանափակվում է վերջիններիս զարգացման հնարավորությունները:

Բացի այդ, ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները հնարավորություն չեն տալիս էլեկտրաէներգիա արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ինքնավար էներգաարտադրության ներկայիս մեխանիզմները սահմանափակ են, առկա չեն ինքնավար էներգաարտադրության խմբեր ձեւավորելու՝ դրանցում բնակիչներ եւ կազմակերպություններ ներառելու մեխանիզմներ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Իրականացվող օրենսդրական փոփոխությունների միջոցով կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման մեխանիզմները՝ հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաեւ ձեւավորել ինքնավար արտադրողներ խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

«Էներգետիկայի մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում: Բացի այդ, կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձեւավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների եւ կազմակերպությունների:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն