Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) «իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք» բոլոր բառերը եւ դրանց բոլոր հոլովաձեւերը փոխարինել «իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենսգրքում 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53-րդ կետով.
«53) իրական շահառու՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձի դեպքում՝ ֆիզիկական անձ, որը՝
ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 10 եւ ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 10 եւ ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.
բ. իրավունք ունի նշանակելու կամ հեռացնելու իրավաբանական անձի կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը.
գ. իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացված շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ.
դ. իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով.
ե. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, եթե առկա չէ սույն կետի «ա»-ից «դ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:
«Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով այդպիսի անձանց ընտանիքի անդամ համարվող անձիք սույն կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով համարվում են իրավաբանական անձի իրական շահառու՝ անկախ ունեցած ձայների եւ ստացված օգուտների մեծությունից.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 54-րդ կետով.
«54) իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածք, որտեղ ներառված են իրավաբանական անձի իրական շահառուների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1.1-ին մասի 2-րդ կետում «իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը» բառերը փոխարինել «իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«5) օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ ներկայացրել է իրական շահառուների վերաբերյալ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ եւ չի վերացրել թույլ տված խախտումը դրա վերաբերյալ կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելուց կամ վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո 30 օրյա ժամկետում կամ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմնին չի ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:
Հոդված 5. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.2-րդ կետում «իրական սեփականատերերի փոփոխության» բառերը փոխարինել «իրական շահառուի փոփոխության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«6) իրական շահառուի փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելու պարտականությունը՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-ին կետում «իրական սեփականատերերի փոփոխության» բառերը փոխարինել «իրական շահառուի փոփոխության» բառերով:
Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ իրական շահառուների վերաբերյալ արդեն գրառված տեղեկությունների փոփոխություններ եւ համապատասխան պետական գրանցումից հետո 14 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 9. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 8-րդ կետում հանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված» բառերը.
2) 8.1-ին կետում «իրական սեփականատերերի փոփոխության» բառերը փոխարինել «իրական շահառուի փոփոխության» բառերով:
Հոդված 10. Օրենքի 59-րդ հոդվածում 3-րդ մասի 18.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ կամ իրական շահառուների վերաբերյալ արդեն գրառված տեղեկությունների փոփոխություններ եւ համապատասխան պետական գրանցումից հետո 14 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել լիազոր մարմնին՝ ներկայացնելով իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:
Հոդված 11. Օրենքի 80-րդ հոդվածի 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացված անձանց վրա սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից: