Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտուր՝ առեւտրի տեսակ, որը ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հատուցելի ձեռք բերումն է ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից, ներառյալ՝ ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառքի իրականացումը ֆիզիկական անձին, որի դեպքում վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով):»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-ին մասով.
«23.1. Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի գործունեությունը ենթակա է լիցենզավորման:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու եւ հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու եւ պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ՝
1) ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտուր է համարվում ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) հատուցելի ձեռք բերումը ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից, ներառյալ՝ ավտոտրանսպորտային միջոցը (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) մանրածախ վաճառքի իրականացումը ֆիզիկական անձին, որի դեպքում վաճառքի գնի մի մասի հատուցումն իրականացվում է այդ ֆիզիկական անձից ձեռք բերվող ավտոտրանսպորտային միջոցով (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայով)
2) ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը,
3) սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռք բերման Թրեյդ-ին առեւտրի իրականացման լիցենզիա ունեցող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ,
4) Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Trade-in համակարգի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման եւ վաճառքի ժամանակ ձեւավորվող՝ եկամտային հարկով եւ ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա նախագծերի ընդունման ազդեցությունը. Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրանց ընդունմամբ պայմանավորված պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: