Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-974-14.05.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ենթատեսակների» բառը փոխարինել «տեսակների» բառով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հանել «բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի» բառերը:

Հոդված 3.  Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ եկած կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ, որից ելնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ  դարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի,  կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:

Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասրկման մասին» օրենքից (այսուհետ` Օրենք) հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունները տեխնիկական վրիպակների շտկումներ են: Մասնավորապես` Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «տեսակ» բառի փոխարեն վրիպակի արդյունքում նշված է «ենթատեսակ» բառը, իսկ 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի գործող խմբագրությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան (պացիենտ) զրկվում են իրենց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքից, մինչդեռ 15-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման նպատակը վերջիններիս համար այդ տեղեկատվությունը մատչելի դարձնելն է, իսկ գործող կարգավորման համաձայն հակասություն է առաջանում հոդվածի մասի եւ կետի կարգավորումների միջեւ:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ կիրականացվեն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն