Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-948-26.04.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ նոր բովանդակությամբ:

««Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող շինարարական աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում Կապալառու կազմակերպությունը շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն եւ տեսաձայնագրեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ պատվիրատուի կողմից նշված օգտատերերին: Սույն պահանջը տարածվում է գնումների բազային միավորի 70-ապատիկից բարձր, գաղտնիություն կամ հատուկ ռեժիմ չպարունակող բնակելի, հասարակական, արտադրական, էներգետիկ, տրանսպորտային եւ հիդրոտեխնիկական նշանակություն ունեցող նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա, բացառությամբ գծային ենթակառուցվածքների»:»

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի հոդված 26-ի Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության բնագավառում պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը: Տեսչական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով` տեսչական մարմնի ծառայողների միջոցով:

Կառուցվող օբյեկտների շինարարական- մոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ օգտագործվող շինանյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների եւ ինժեներական սարքավորումների համապատասխանությունը հաստատված նախագծին, գործող նորմերին ու ստանդարտներին ապահովելու համար պայմանագրային հիմունքներով իրականացվում է շինարարության նկատմամբ որակի տեխնիկական հսկողություն:

Այնուհանդերձ պետք է փաստել, որ առկա պրակտիկան բավական նվազ հնարավորություններ է ընձեռում հսկողական ընթացակարգերի կիրառության համար: Ի լրումն, գործնականում շինարարական գործընթացի փաստաթղթերի եւ ակտերի մեծամասնությունը լրացվում են շինարարությունից հետո, ինչը նաեւ ստեղծում է հավելյալ կոռուպցիոն ռիսկեր, ինչպես նաեւ նվազեցնում է վերահսկողության, այդ թվում նաեւ հանրային վերահսկողության հնարավորությունները:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով շինարարական օբյեկտների հարաճուն ավելացող քանակն ու վերահսկող մարմինների աշխատակազմերի սահմանափակ թվակազմը, իրական ու լիարժեք պետական տեսչական վերահսկողություն իրականացնելն առանց տեխնիկական հատուկ միջոցների կիրառման խնդրահարույց է եւ դժվար իրականանալի: Ավելին, բազմիցս խոսվել է Հայաստանում ստանդարտների պահպանման ու դրանց հետագա բարձրացման մասին, մասնավորապես շինարարության ոլորտում: Նախագծի ընդունումը, կարծում ենք, կմոտեցնի խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի խստացնել հսկողական ընթացակարգերը ստանդարտների պահպանման տեսանկյունից: Ըստ այդմ, որպեսզի հնարավոր լինի շինարարական աշխատանքների ողջ ընթացքում իրականացնել որակի տեխնիկական հսկողությունը եւ անընդհատ պետական տեսչական վերահսկողությունը, առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ Կապալառու կազմակերպությունը իր հաշվին շինարարական օբյեկտի տարածքը պետք է համալրի տեսախցիկներով, որոնք պետք է շուրջօրյա տեսանկարահանեն ամբողջ շինարարական հրապարակը՝ ընդգրկելով դրա վրա կառուցվող բոլոր տեսակի շինությունները, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է տրվի ինչպես պատվիրատուին, այնպես էլ գրանցված օգտատերերին: Սա նաեւ կմեծացնի հանրային հսկողության գործիքակազմերը, երաշխավորելով որակական ստանդարտների ապահովման գործընթացը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում տեսահսկման մշտադիտարկման եւ ամբողջական տեսանկարահանման կիրառումը հնարավորություն կտա լիարժեք ապահովել շինարարական հրապարակներում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը, նպաստելով նաեւ հանրային վերահսկողությանը: Ի լրումն, սա հնարավորություն կընձեռի աստիճանաբար անցում կատարել էլեկտրոնային հասարակությանը, նվազեցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք թերեւս առկա են ներկա փաստաթղթաշրջնառության կառուցակարգերում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՒ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ