Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-940-19.04.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածի.

1) 4-րդ մասում «երեք» թիվը փոխարինել «երկու» թվով,

2) 6-րդ մասում «հինգ» թիվը փոխարինել «երեք» թվով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի.

1) 2.1 մասում «հնգօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով,

2) 4-րդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով,

3) 17-րդ մասի 3-րդ կետում «30» թիվը փոխարինել «10» թվով:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «15 օրվա» բառերից հետո լրացնել «(սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքում՝ 5 օրվա)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N65-Ա), ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների եւ միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Վերոնշյալ որոշումների կիրարկումն ապահովելու նպատակով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ շրջանառել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման ծրագրեր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում: Միավորման ծրագրերում ներգրավված է լինելու թվով 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 11 համայնք: Այդ համայնքների գերակշռող մասի ՏԻՄ-երի լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն? «Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում Կառավարության լիազոր պետական մարմինը պաշտոնապես ծանուցում է համապատասխան համայնքների ղեկավարներին:»: Ծանուցումը ստանալուց հետո՝ միավորվող համայնքներում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են նախաձեռնվել տեղական հանրաքվեներ՝ համայնքների միավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հարցին կարծիք արտահայտելու առարկայով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքների իրազեկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ ս.թ. հունիս ամսվա վերջին, իսկ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ներկայումս սահմանված ժամկետները (մոտ 200 օր) խնդիրներ կառաջացնեն  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը 2021 թվականի աշնանը ԱԺ կողմից ընդունելու եւ շահառու համայքներում ՏԻՄ-եր ձեւավորելու տեսանկյունից՝ մշակվել է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել որոշ ընթացակարգային ժամկետներ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է համատեղ՝ հեղինակի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրինագծի ընդունումն իրատեսական կդարձնի համայնքների միավորման հարցով հնարավոր տեղական հանրաքվեների անցկացումը մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջը, որից հետո՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը եւ միավորվող համայքնբերի ՏԻՄ-երի ձեւավորումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«19» ապրիլի 2021թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք  օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյան