Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն» բառերը փոխարինել «կրթության եւ աշխատանքային ստաժի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, ստորաբաժանման ղեկավարի՝ այդ թվում՝ ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն, գլխավոր եւ առաջատար պաշտոններ արդեն իսկ զբաղեցրած անձինք՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում Օրենքում նախատեսվող՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար նոր չափանիշներին բավարարող:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության տեսակ է:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը.
«1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առնվազն բարձրագույն կրթություն:
2. Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային ստաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3. Պետական ծառայության պաշտոնի անձնագրում աշխատանքային ստաժի եւ փորձի չափանիշները կարող են փոփոխվել միայն այն դեպքում, եթե տվյալ պաշտոնը թափուր է:»:
«Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 16-ի ՀՕ-172-Ն օրենքի՝ դրա գործողության ոլորտին վերաբերող 2-րդ հոդվածով նախատեսված էր հետեւյալը (օրենքը ուժը կորցրել է 20.11.2019թ.)՝ «1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետեւյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.(...)»:
«Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 16-ի ՀՕ-172-Ն օրենքի՝ հանրային ծառայությանը վերաբերող 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական եւ համայնքային պաշտոնները:
2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը:
3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ ծառայություններ:(...)»:
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները, պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը, ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
«Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.
«1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.
1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:(...)»:
Այսպիսով՝ 2018 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը եւս համարվում է քաղաքացաիական ծառայություն: Սակայն, դեռեւս քաղաքացիական ծառայության պաշտոնների ներկայիս դասակարգմանը Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասկարգման համապատասխանեցումը իրականցված չէ:
Սույն օրենսդրական նախաձեռնության շրջանակներում, որպես ժամանակավոր լուծում, կատարվել է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված չափանիշների համապատասխանեցում «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 7-րդ հոդվածով քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված չափանիշներին: Համապատասխանեցման համար հիմք են ընդունվել «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հավելված 9-ով հաստատված պետական ծառայությանը եւ քաղաքացիական ծառայությանը վերաբերող աղյուսակներով նախատեսված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
Այսպիսով՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, ինչը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր լուծում՝ մինչ հանրային եւ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումների ամբողջական իրացումը: