Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները)՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
2. 1-ին մասի 6-րդ կետում «փաթեթը» բառից հետո լրացնել «եւ լրացման ցուցումները» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է՝
1) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը,
2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը եւ դրա կիրառման հրահանգը,
3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը,
4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը եւ լրացման ցուցումները,
5) կազմակերպություններում հողամասերի եւ շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները եւ մեթոդաբանությունը,
6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը,
7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների եւ սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները,
8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման եւ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.
9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:»
2. 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը,
3. 3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«5) կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի) կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտադիտարկումը եւ անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը, ինչի նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների հաշվապահական հաշվառման գրանցամատյանները (հաշվապահական հաշվառման գործառնությունների մատյանները), դրանց շրջանառության տեղեկագրերը եւ ֆինանսական հաշվետվությունները:».
4. 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը, իսկ «օրինակելի փաթեթը եւ» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը եւ լրացման ցուցումները, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթեր)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասում «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար» բառերով.
2. 3-րդ մասում «2019» բառը փոխարինել «2024» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Առաջին հերթին, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ոլորտում լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարություն) մի շարք իրավական ակտերի ընդունման իրավասություններ, որոնք ներկայումս սահմանված են ենթաօրենսդրական իրավական ակտերով (օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն հրամանով), սահմանել Օրենքով:
Մասնավորապես, այդ իրավասությունները ներառում են հողամասերի եւ շենքերի վերագնահատման անցկացման ժամկետների եւ մեթոդաբանության, նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքի, նոր հիմնական միջոցների եւ սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների, կազմակերպու-թյունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման եւ հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգի հաստատումը:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է հստակ սաhմանել ՀՀ ֆինանսների նախարարության պարտականությունը՝ իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում տրամադրելու մեթոդական ցուցումներ:
Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) եւ ՀՀ՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները: Վերը նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվում են առանձին հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվու-թյունների մշտադիտարկման աշխատանքներ՝ այդ հաշվետվությունների որակի բարձրացման նպատակով, եւ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը տեղին կլինի առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ ունենալու դեպքում: Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է «Նախարարությունների մակարդակով միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու մեթոդաբանություն եւ համախմբման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանքի մեթոդական բաղադրիչ» փաստաթուղթը, որի գործնական արդյունավետությունը նախատեսվում է գնահատել կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի մշակման շրջանակներում, քանի որ ֆինանսական հաշվետվությունների համախմբումն իրենից ներկայացնում է նշված համակարգի առանցքային մոդուլներից մեկը:
Միաժամանակ, նախատեսվում է Օրենքում կատարել որոշ խմբագրական բնույթի շտկումներ:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ներկայումս ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 24-Ա որոշմամբ Օրենքի շրջանակներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Լիազոր մարմնի կողմից մի շարք իրավական ակտեր ընդունելու իրավասությունը սահմանված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, բացի այդ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու համար անհրաժեշտ է առանձին հանրային հատվածի կազմակերպությունների մակարդակով ֆինանսական հաշվետվողականության բավարար մակարդակ:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Օրենքի նախագծի ընդունմամբ հիմնականում առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն, սահմանել օրենքով, ինչպես նաեւ հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կարգավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 69-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ