Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-835-30.12.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1 մասով.

«1.1 Սույն հոդվածով սահմանված երաշխավորված ավանդի չափերը ենթակա են վերանայման առնվազն հինգ տարին մեկ Հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից երաշխավորված ավանդի չափերը համարվում են գործող Կենտրոնական բանկի խորհրդի այդ որոշմամբ սահմանված չափերով: Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է երաշխավորված ավանդի չափերի հաշվարկման (վերանայման) չափանիշները:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 14-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ժե.1» կետում «սույն օրենքով» բառերից հետո լրացնել

«եւ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի «ե» կետում ` «սույն օրենքով սահմանված կարգով, չափերով եւ դեպքերում» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթները

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի համաձայն ավանդների չափերի առաջին անգամ վերանայումը կատարվում է 2025 թվականին, մինչեւ այդ տարվա դեկտեմբերի մեկը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ հինգ տարին մեկ անգամ ավանդների երաշխավորված չափերի վերանայումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:

Գործող կարգավորման համաձայն Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը առնվազն հինգ տարին մեկ քննարկում է երաշխավորված ավանդի` օրենքով սահմանված չափերի վերանայման հարցը` Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Դրանից հետո երաշխավորված ավանդների չափերը փոփոխվում են օրենքով:

Հաշվի առնելով, որ երաշխավորված ավանդների չափերի վերանայումն իրականացվում է հիմքում ունենալով մի շարք հաշվարկներ ու սահմանված չափանիշներ՝ այդ չափերը նպատակահարմար է, որ իրականացնի այն մասնագիտացված մարմինը, որը տիրապետում է այդ հաշվարկների համար հիմք հանդիսացող տեղեկատվությանը: Ի լրումն, մեր կարծիքով, նման որոշումները պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցությունից:

Նախագծի մշակման ժամանակ ուսումնասիրվել են միջազգային կառույցների՝  Ավանդներն ապահովագրողների միջազգային ասոցիացիայի եւ Միջազգային հաշվարկների բանկի կողմից ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման հիմնարար սկզբունքները: Սկզբունքներով նախատեսված է, որ ավանդների երաշխավորման ոլորտում քաղաքականություն մշակող մարմինները պետք է հստակ սահմանեն երաշխավորված ավանդներն ու դրանց չափը: Ընդ որում՝ սկզբունքը նաեւ նախատեսում է, որ երաշխավորված ավանդի չափերը կարող են սահմանվել ինչպես օրենքներով, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերով:    Հետեւաբար, նախագծով առաջարկվող իրավակարգավորումը բխում է միջազգայնորեն ճանաչված եւ կիրառելի սկզբունքների պահանջից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ