« Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ներկայումս գործող իրավանորմերը ամբողջապես չեն կարգավորվում գրավատուի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, գրավատուն ցանկացած պահի կարող է գրավադրված տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով գրավադրված տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորման բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաեւ մեր կողմից ներկայացված գրությանն ստացված պատասխանը, որով պարզ է դարձել, որ 15.02.2020թ. դրությամբ ժամկետանց թվով 1,443 ավտովարկերի դիմաց գրավադրված տրանսպորտային միջոցներից շուրջ 42%-ը՝ 607 ավտոմեքենաներ արդեն հատել են ՀՀ սահմանը, իսկ 836 հատ գրավի առարկա տրանսպորտային միջոցները (շուրջ 58%) գտնվում են ՀՀ-ում:
Միաժամանակ տիրապետում ենք այնպիսի տեղեկատվության, ըստ որի գրավի առարկա հանդիսացող եւ երկրից բացակայող ավտոմեքենաների 70-80%-ը տարհանվել է երկրից քրեական խմբավորումների միջոցով, որոնք էլ հետագայում կազմակերպել/ ձեւակերպել են մեքենաների շինծու վթարներ, փոխել են տրանսպորտային միջոցների նույնականացման համարները կամ ամբողջությամբ քանդել եւ մասնատել են այդ մեքենաները ու վաճառում որպես պահեստամասեր:
06.05.2020թ. ստացել ենք պատասխան գրություն մեր հարցմանը՝ ըստ որի հարցմանը պատասխան ներկայացրած կազմակերպությունում առկա են թվով 2370 խնդրահարույց ավտովարկեր, որից 1956-ը գտնվում են խնդրահարույց վարկերի գանձումն ապահովվող եւ դատական ակտերի հարկադիր կատարումը սպասարկող բաժնում, իսկ 414-ը՝ ավտովարկերի գանձումը եւ դրանց գրավերի հայտնաբերումն ապահովող բաժնում:
Նշված վարկատեսակով շուրջ 605 վարկային գործերով ի սկզբանե ընդհանրապես որեւէ վճարում վարկառուների կողմից չի կատարվել, ինչը փաստում է վարկառու/գրավատուների՝ ի սկզբանե հանցավոր միտումներ ունենալու մասին: Ըստ ձեռք բերած տեղեկությունների գրավի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից մոտ 655 տրանսպորտային միջոց /մոտ 30%/, որոնք գրավադրված են հարցմանը պատասխանած կազմակերպությունում, դուրս են բերվել ՀՀ-ից, որի արդյունքում՝ կազմակերպությանը պատճառվել է շուրջ մոտավոր 2.500 000 000 ՀՀ դրամի վնաս: Ակնհայտ է այն իրողությունը, որ այս գումարի վերականգնումը կավելացնի պետական բյուջեի եկամուտները՝ հարկային պարտավորությունների տեսքով:
Խնդրահարույց վարկերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ հաճախ լինում են դեպքեր, երբ ավտոմեքենաներն իրականում ձեռք են բերվում եւ գրավադրվում են ոչ թե ձեւակերպված վարկառուի, այլ երրորդ անձի համար վերջինիս ուղղորդմամբ, դրդմամբ, խաբեությամբ, ինչի հետեւանքով ձեւակերպված վարկառուները չեն կատարում իրենց վարկային պարտավորությունները եւ հետագայում հայտնվում են նյութական եւ իրավական ծանր վիճակում: Գումարների բռնագանձման պահանջներն ուղղվում են ընդդեմ ձեւակերպված վարկառուների, այլ ոչ թե վարկի եւ տրանսպորտային միջոցի իրական տիրապետողի:
Առավել կասկածելի եւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող գործերով ստեղծվել են նյութեր, որոնք ուղարկվել են հիմնականում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր եւ ուղարկվել են նախաքննության: Սույն թվականի մայիսի 6-ի դրությամբ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվում են թվով 55 քրեական գործեր՝ 135 դրվագներով, 10 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 3-ը կալանավորված են, 1-ի նկատմամբ կիրառվել է գրավ, 5-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Շուրջ 20 քրեական գործեր քննվում են ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Գործակալության կողմից ներկայացվել են թվով 5 հաղորդումներ՝ հանցագործության կատարման մասին, որոնցով դեռ եւս չունենք՝ քրեական գործը հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու մասին որեւէ որոշում»:
Նախագիծը լուծում է կարեւորագույն խնդիր, այն է՝ գրավադրված տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը. նախագծի դիսպոզիցիայի համաձայն՝ գրավատուին հնարավորություն է տրվում հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես գրավառուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով գրավադրված տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:
Վերոգրյալ խնդրով է պայմանավորված նաեւ ավտովարկերի համար սահմանված բարձր տոկոսադրույքը. գրավառուները, ավտովարկերի համար բարձր տոկոսադրույք սահմանելով, փորձում են հնարավորինս նվազեցնել Հայաստանի Հանրապետության սահմանից ավտոմեքենաների տարհանման արդյունքում առաջանալիք վնասի հնարավոր ռիսկերը:
Այսպիսով, Նախագծի ընդունման դեպքում, կկանխվեն առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը եւ որպես վերջնական արդյունք, կնվազի ավտովարկերի համար սահմանված տոկոսադրույքը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Միրզոյան.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի վերաբերյալ 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագիծը
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. Գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 5 թերթ:
Հարգանքով՝ Արթուր Դավթյան