Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-808-15.12.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1989թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:

Արձանագրությունը ստորագրել է 39 պետություն, ուժի մեջ է մտել 88 պետության համար:

Արձանագրության ստորագրմամբ Կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը եւ մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը:

Կողմերը վկայակոչում են 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը եւ 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը:

Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի եւ յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար: Արձանագրությունը բխում է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ին) 6-րդ հոդվածի տրամաբանությունից: Արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի, Արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի կարող առաջացնել:

Կողմերը համոզված են, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց:

Արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:

Ավելին, Արձանագրության վավերացումը բխում է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորություններից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության վավերացումը:
 
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1989Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

 Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների հիմքով:
 
Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

1989Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1989թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՀՀ արդարադատության նախարար

պարոն Ռուստամ Բադասյանին


Հարգելի պարոն Բադասյան

Ի պատասխան ՁԵր՝ 2020թ. մայիսի 12-ի թիվ 01/14.2/9873-2020 գրության՝ կից տրամադրվում է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին եզրակացությունը:

Առդիր՝ 1 էջ:
 
Հարգանքով` Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բադասյան

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ  «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
Հարգանքով`              ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

Արդարադատության նախարար

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բադասյան

Ի պատասխան Ձեր՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու առնչությամբ 12.05.2020թ.  01/14.2/9873-2020 գրության՝ հայտնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն Արձանագրության առնչությամբ նկատառումներ չունի:
 
 
Հարգանքով` Դ. ՏՈՆՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՊԱՐՈՆ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Բադասյան,

2020 թվականի մայիսի 13-ի թիվ 01/14.2/9873-2020 գրությանն ի պատասխան Ձեզ ենք ներկայացնում «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը:

Lրացուցիչ հարցերի դեպքում ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցները կարող են կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանի հետ (հեռ.՝ 010 53-88-42, էլ. հասցե՝  m_khachatryan@ombuds.am):

Փաստաթուղթը կցվում է:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

25 հունիսի 2020 թվականի  N  1071 - Ա
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ՝ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 26
        Երեւան
 

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ