Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 22-րդ հոդվածի «այդ հարկ վճարողի վաճառվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, իրացման փաստացի գների ամրագրմանը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտությանն ուղղված հսկիչ գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթավորված տվյալների վրա:
Սույն հոդվածով նախատեսված հսկիչ գնումների արդյունքները կիրառվում են գործարքների չփաստաթղթավորված մասի նկատմամբ» բառերը փոխարինել «օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 301-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքով սահմանվածից` սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող հարկատեսակի հաշվարկներ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:»:
Հոդված 3. Օրենքի 33 -րդ հոդվածում`
ա) 2-րդ մասում «գումարները» բառը փոխարինել «գումարները, ինչպես նաեւ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա այլ գումարները» բառերով.
բ) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտահարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաեւ օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի եւ վերջնական հարկային պարտավորության միջեւ առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը (այսուհետ` սույն մասով նախատեսված հավելվածի իմաստով՝ հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար) հաշվանցվում եւ (կամ) վերադարձվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:».
գ) ուժը կորցրած համարել 6-րդ մասը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-ին հավելվածով`
«Հավելված 1
«Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի
Հարկերի հաշվանցման եւ (կամ ) վերադարձման կարգն ու ժամկետները
1. Կարգի գործողության ոլորտը
1.1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող հարկերի գումարները օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի կամ հաշվանցման եւ (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի պետական բյուջեի հանդեպ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման կարգը:
1.2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում եւ (կամ) հարկ վճարողին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակների մասով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, հիմնարկների), դիվանագիտական ներկյացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների (այսուհետ` հարկ վճարող) կողմից պետական բյուջե վճարած այն գումարները, որոնց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը նախատեսված է օրենքով:
1.3. Օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման նպատակով սույն կարգը չի կիրառվում:
1.4. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում եւ (կամ) հարկ վճարողին վերադարձվում են`
ա) սահմանված չափից ավել վճարված շահութահարկը, եկամտահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, հարկերին փոխարինող հաստատագրված վճարները, պարզեցված հարկը, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գույքահարկը եւ հողի հարկը.
բ) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկը.
գ) որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման, ինչպես նաեւ ակցիզային հարկով հարկված հումքից պատրաստված` Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքերում` օրենքին համապատասխան հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ակցիզային հարկը.
դ) դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, նրանց մատուցված ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները.
ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում՝ վճարված հաստատագրված վճարի գումարը.
զ) օրենքով նախատեսված դեպքում ընդհանուր կարգով (շահութահարկով (եկամտահարկով) եւ ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով) հարկերը հաշվարկելու դեպքում՝ հարկ վճարողի կողմից մինչ այդ վճարված պարզեցված հարկի գումարները.
է) օրենքով սահմանված կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի կամ եկամտահարկի գումարները՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Կարգում կիրառվող հասկացությունները
2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստներով`
գերավճար` սահմանված կարգով հաշվարկվող որեւէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկատեսակի համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) հարկ վճարողին վերադարձման ենթակա գումար, կամ հարկատեսակի պարտավորությանը գերազանցող գումարով այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար.
գերավճարից տարբերվող գումար՝ գերավճար չհանդիսացող գումար, որն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց: Մասնավորապես՝ գերավճարից տարբերվող գումարներ են հանդիսանում սույն կարգի 1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում նշվածները.
հաշվանցվող գումար՝ փաստացի վճարման, այլ հարկատեսակից տվյալ հարկատեսակի դիմաց հաշվանցման կամ հարկատեսակի հաշվարկի ներկայացման արդյունքում, ինչպես նաեւ դատարանի վճռով պետական բյուջեի հանդեպ տվյալ հարկատեսակի պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար.
հաշվանցում` տվյալ կամ այլ հարկատեսակի պարտավորության պակասեցում կամ հարկ վճարողի հանդեպ պարտավորության ձեւակերպում (գրանցում): Ընդ որում, պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ հարկատեսակի մասով հարկ վճարողի հանդեպ պարտավորության գումարը ձեւակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի եւ հարկ վճարողի հարկային պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ` հարկ վճարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` հարկ վճարողի առաջարկած առեւտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումար` գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվից հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի համար հարկ վճարողի դիմումով պահանջված գումար.
հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա.
ապառք՝ սահմանված ժամկետում չկատարված՝ հարկի վճարման պարտավորություն.
գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) մնացորդ` գերավճարի (գերավճարից տարբերվող գումարի) այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում, մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ հարկային պարտավորությունների հաշվին.
հարկի չհաշվանցվող մնացորդ` հարկի դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորության դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման: Հարկի չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`
- հարկ վճարողի առաջիկա հարկային պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է որեւէ հարկատեսակի պարտավորության կատարման (այդ թվում` կանխավճարի, հարկատեսակի նվազագույն գումարների վճարման) կամ մատակարարներին, մաքսային մարմիններին վճարման արդյունքում,
- այն գումարները, որոնց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում՝ նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել է չհիմնավորված,
- այն գումարները, որոնց հաշվանցման եւ (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.
հարկի դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ հարկի չհաշվանցվող մնացորդի, գերավճարի եւ գերավճարից տարբերվող գումարի մնացորդների հանրագումարը:
3. Պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը
3.1. Որեւէ օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը, հարկի դեբետային մնացորդում գերավճարի, գերավճարից տարբերվող գումարի, չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով, հետեւյալ կանոններով`
- հաշվի առած գումարների մեծությունները` ավելի վաղ առաջացած հարկային պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած՝ հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,
- հերթական հարկային պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),
- որեւէ ամսաթվի դրությամբ պարտավորությnւնները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:
3.2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:
4. Ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկն ու վերահաշվարկը
4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, որեւէ հարկատեսակի ապառքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում է տույժ՝ մինչեւ այլ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին, սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներից որեւէ մեկի մասով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում՝ այլ հարկատեսակների գծով մինչ այդ հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը եւ մեծությունը:
4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (այլ վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի եւ այլն) հաշվին հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում՝ դրանց մասով ապառքների նկատմամբ տույժերը հաշվարկվում են մինչեւ փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4.4. Եթե հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված եւ (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը եւ (կամ) վերադարձը ստուգմամբ (վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով եւ չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր:
5. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը
5.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը իրականացվում են գերավճարի եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա:
5.2. Հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող հարկային պարտավորությունների հաշվին:
5.3. Հաշվանցման եւ (կամ) վերադարձման ներկայացված գերավճարից տարբերվող գումարը կամ դրա մասը համարվում է չհիմնավորված, եթե`
- այն սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում՝ հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու) արդյունք է,
- այն պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է մարված համարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին,
- այն ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից,
- այն առաջացնող` հաշվարկային եւ (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալներ կամ վավերապայմաններ:
5.4. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը եւ (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով : Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը եւ (կամ) վերադարձը` հաշվանցման եւ (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չէ:
6. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը
6.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`
ա) առանց ուսումնասիրության կամ ստուգման.
բ) կամերալ ուսումնասիրությամբ.
գ) հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ.
դ) պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ստուգմամբ:
6.2. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը եւ (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն մասում նշված եզրակացության ձեւերը սահմանում է հարկային մարմինը՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:
6.3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում եւ (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը եւ (կամ) վերադարձը մերժվում են):
7. Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը
7.1. Սույն կարգին համապատասխան հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ստուգում կամ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը եւ (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում՝ անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), հարկատեսակի հաշվարկները, հայտարարագրերը, հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, գնորդների եւ մատակարարների հետ կնքած պայմանագրերը, պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում՝ կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը) մատակարարների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, հարկային հաշիվներ եւ այլն), ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքում` իրավասու մարմնի տված` օրենքով նախատեսված տեղեկանքը եւ այլ փաստաթղթեր:
7.2. Դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից ավելացված արժեքի հարկով հարկված ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքերում այդ կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ապրանքներ մատակարարողների կամ ծառայություններ մատուցողների դուրս գրած՝ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ լրացված հարկային հաշիվները:
8. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը
8.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում եւ (կամ) վերադարձ իրականացվում է առանց ուսումնասիրության, եթե`
ա) գերավճարը կարող է արձանագրվել հարկի` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի եւ վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ.
բ) պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում.
գ) գերավճարի գումարը չի գերազանցում 100 հազ. դրամը եւ ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:
8.2. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների) մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում եւ (կամ) վերադարձ իրականացվում է կամերալ ուսումնասիրությամբ, եթե`
ա) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդն արձանագրելու համար.
բ) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեսչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտություն անցկացնել հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:
8.3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է հարկ վճարողի մոտ անցկացվող հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ՝ ուսումնասիրություն):
8.4. Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունն արձանագրվում է ուսումնասիրությամբ, իսկ այդ գումարի հիմնավորվածությունը՝ սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ՝ ստուգում): Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաեւ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:
8.5. Գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի նպատակով հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաեւ հարկ վճարողի դիմումով:
8.6. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
9. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը
9.1. Գերավճարի մնացորդի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի գրավոր դիմումով (այսուհետ՝ դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում՝ նաեւ առանց դիմումի:
9.2. Որեւէ հարկատեսակի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների մնացորդը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարների) կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց առանց հարկ վճարողի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300 հազ. դրամը, ապա հարկ վճարողը հաշվանցումների վերջնական ձեւակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500 հազ. դրամը գերազանցելու դեպքում՝ գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:
9.3. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումը եւ (կամ) դրանց վերադարձն իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով:
9.4. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ՝ հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա:
10. Հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի կանոնները
10.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց՝ նախ մարելով տվյալ հարկատեսակի մասով հաշվարկված տույժերը, տուգանքները, ապա՝ հարկի գումարը:
10.2. Հաշվի առնելով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի մեծությունը՝ այդ գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի մասով հարկային պարտավորությունների մարմանը: Առանց հարկ վճարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հարկ վճարողը դիմումի մեջ չի նշել հարկատեսակների մասով պարտավորությունների մարման հերթականությունը՝
ա) նախ մարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանքը.
բ) որեւէ հարկատեսակին չվերաբերող՝ օրենքով սահմանված այլ տուգանքները.
գ) այն հարկատեսակի մասով հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածները:
10.3. Հարկ վճարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք հարկային պարտավորությունների մարմանը:
11. Հարկ վճարողին գումարի վերադարձման կանոնները
11.1. Որեւէ հարկատեսակի գերավճարը կամ գերավճարից տարբերվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի մասով բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պա՟հին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, uակայն հարկ վճարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի uտացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկերի հաշվարկման համար հիմք հանդիuացող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հաշվարկները, հայտարարագրերը, ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) եւ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո: Սույն կետի կիրառման առումով շահութահարկի կամ եկամտահարկի մասով հաշվետու ժամանակաշրջանի ավարտ է համարվում հարկատեսակի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ժամկետը:
11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա կարող է ուղղվել հարկային մարմնի կողմից չհաշվառվող՝ հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը:
11.3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա հարկի գումարները (բացառությամբ ավելացված արժեքի հարկի գումարների) վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում:
12. Հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում կայացնելու եւ եզրակացություն կազմելու ժամկետները
12.1. Կամերալ ուսումնասիրություն, հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրություն եւ ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Առանց հարկ վճարողի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
12.2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու եւ (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետեւյալ ժամկետներում`
ա) հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում՝ կամերալ ուսումնասիրության ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
բ) հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում եւ (կամ) վերադարձ կատարելու դեպքերում` համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
12.3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում հարկ վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել հարկի գումարները:
13. Ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցումը
13.1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`
ա) վճարողի կողմից չեն uտեղծվել ուuումնաuիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել հարկերի հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).
բ) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիuացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուuումնաuիրություն` մինչեւ քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը:
13.2. Առանձին հարկատեսակի կամ գործարքի մաuով ոչ ամբողջական փաuտաթղթեր ներկայացնելու կամ ուuումնաuիրության անցկացումն անհնարին լինելու դեպքերում ուuումնաuիրության ժամկետի ընթացքը (հաշվանցման եւ (կամ) վերադարձման ժամկետի ընթացքը) հարկային մարմինը կաuեցնում է միայն այդ հարկատեսակի կամ գործարքի մաuով:
13.3. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում հարկ վճարողը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքի կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշում ընդունելու համար:
13.4. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման եւ (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են հարկի չհաշվանցվող մնացորդից:
14. Ստուգումների անցկացումը
14.1. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց հարկ վճարողի դիմումի, եթե հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են ավելացված արժեքի կամ ակցիզային հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր:
14.2. Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում եւ (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաեւ պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման արդյունքներով, եթե հարկ վճարողը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:
14.3. Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի եւ (կամ) ակցիզային հարկի հաշվարկման եւ ձեռքբերումների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են ավելացված արժեքի հարկի եւ (կամ) ակցիզային մասով հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարները:
14.4. Հարկային հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ կամ վերստուգմամբ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա գումարները, կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր, կամ հարկային պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը եւ (կամ) վերադարձը համարվել է չհիմնավորված):
15. Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի գումարների հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրությունների կամ ստուգումների անցկացումը
15.1. Ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի մասով տվյալ հարկատեսակի հաշվանցումները կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ հարկատեսակի հաշվարկի ներկայացմամբ: Նշված հաշվանցումների ուսումնասիրություններ կարող են անցկացվել, եթե`
ա) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով հայտնաբերվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում կամ տեղեկություններում արտացոլված տվյալների միջեւ անհամապատասխանություններ կամ անճշտություններ, եւ դրանց վերաբերյալ հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկներ կամ հիմնավորված բացատրություններ չեն ներկայացվել.
բ) հարկային մարմնի անցկացրած կամերալ ուսումնասիրություններով պարզվել է, որ հարկ վճարողի մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում աճում է պետական բյուջեից հաշվանցվող գումարի մեծությունը.
գ) հարկ վճարողի կողմից ներմուծումների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների ծավալը երկու տարուց ավելի ժամանակահատվածում գերազանցել է իրացված ապրանքներից հասույթը:
15.2. Հարկային հաշվանցումների եւ (կամ) վերադարձի ուսումնասիրության ընթացքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով հաշվանցումներ կատարելու փաստեր հայտնաբերելու դեպքերում հարկային մարմինն իրավասու է սույն կարգին համապատասխան անցկացնելու ստուգում:
16. Այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ վերադարձման ընթացակարգերը
16.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը, ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):
16.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում՝ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը` ոչ ուշ, քան որեւէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները եւ (կամ) վերադարձները օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու եւ հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն:
16.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:
16.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձեւակերպում:
16.5 Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին: Այն դեպքերում, երբ հարկ վճարողը չունի բանկային հաշիվ, գումարը փոխանցվում է հարկ վճարողի առաջարկած առեւտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:
16.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (այդ ժամկետների ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:
17.Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը
17.1. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: