Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաեւ` Օրենք) լրացնել նոր 15.1 հոդվածով.
«Հոդված 15.1. Տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը
1. Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
2. Կրեդիտավորման պայմանագրով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն շեմը գերազանցող տարեկան փաստացի տոկոսադրույք նախատեսվելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան առավելագույն չափը:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ
Գործող օրենսդրությամբ տրամադրված վարկի դիմաց վճարման ենթակա տոկոսագումարը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Ավելին, նշված գումարը գերազանցելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի, կարող է դիտվել որպես հանցագործություն` վաշխառություն: Օրենսդրի նման մոտեցումն ուղղված է սպառողների` վարկառուների, շահերի պաշտպանությանը, որպեսզի վերջիններս ծանր պայմաններից դրդված ստիպված չլինեն ստանձնել անհամաչափ տոկոսներ վճարելու պարտականություն, քանի որ դա վերջիններիս կարող է գցել ծանր ֆինանսական դրության մեջ: Միաժամանակ փորձ է կատարվել կանխել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից գերշահույթ ստանալու հնարավորությունը:
Սակայն փաստացի բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն սահմանել տարբեր տեսակի եւ չափի սպասարկման եւ այլ վճարներ, որոնք վճարելուց հետո կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Գործող կարգավորումների պայմաններում, երբ տարեկան փաստացի տոկոսադրույքը որեւէ կերպ սահմանափակված չէ բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակներով ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցվում է եւ վարկառուները ստիպված են անհամաչափ մեծ գումար վճարել ստացված վարկի դիմաց, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա` բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար ապահովելով գերշահույթ:
Հաշվի առնելով երկրում առկա տնտեսական ծանր պայմանները, նաեւ համավարակով պայմանավորված գործազրկությունը, արդեն իսկ տրամադրված վարկերի ծավալը եւ դրանց կարիքը ունեցող քաղաքացիների թիվը, ակնհայտ է դառնում, որ պետության կողմից պետք է հրատապ քայլեր ձեռնարկվեն` ոլորտում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ուստի այս օրենսդրական նախաձեռնությունն էլ ուղղված է այդ խնդիրներից մեկի կարգավորմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է`
ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Արման Աբովյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող Օրենքում լրացում կատարելու մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ