Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-030-17.07.2007,06.08.2007-ՏՀ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մեղրատու մեղուների բուծման, խնամքի, գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման, մեղվաբուծական մթերքների ստացման, մեղրատու մեղուների  պահպանման եւ անասնաբուժական սպասարկման ապահովմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

մեղվաբուծություն - մեղրատու մեղուների բուծումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման եւ մեղվաբուծական մթերքների ստացման համար,

մեղվաբույծ - մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

մեղվաընտանիք - միեւնույն մեղվափեթակում կամ  փչակում /բնում/ ապրող մեղրատու մեղուների ընտանիք, որը կազմված է աշխատավոր մեղուներից, բոռերից /արու մեղու/ եւ մայր մեղվից,

փեթակ - մարդու կողից պատրաստված շինություն մեղվաընտանիքի կենսագործնեության ապահովման համար,

մեղվանոց - մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով եւ պարագաներով,

ամրակայված (ստացիոնար) մեղվանոց - ամբողջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց,

շարժական /քոչվորական/ մեղվանոց - նեկտարատու բույսերի կամ գյուղատնտեսական էնտոմոֆիլ մշակաբույսերի տարածքների շրջակայքում ժամանակավոր տեղափոխված մեղվանոց,

էկոլոգիական մեղվանոց - էկոլոգիապես մաքուր մեղվաբուծական մթերք արտադրելու համար գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի /այսուհետեւ` լիազորված մարմին/ կողմից սահմանված պահանջներին բավարարող եւ հավաստագրված մեղվանոց,

տոհմային մեղվանոց - ծագումով եւ հատկանիշներով տոհմային մեղվանոցներին ներկայացվող պահանջներին համապատասխանող մեղվանոց,

մեղուների պարս - բնական պայմաններում մեղուների բազմացման ձեւ, ձագատվության ճանապարհով հիմնական մեղվաընտանիքից ինքնուրույնաբար ձեւավորված նոր ընտանիք,

մեղվաբուծական մթերք - մեղրատու մեղուների ստեղծած  արտադրանքը /մեղր, մեղվամոմ, ակնամոմ, մայրակաթ, մեղվի թույն, ծաղկափոշի, պարսեր եւ այլն/, ինչպես նաեւ հենց մեղրատու մեղուները,

մոմաթերթ - մեղրահացի կառուցման համար հատուկ մշակման ենթարկված մեղվամոմի շերտեր,

մեղրատու մեղուների ցեղ - բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձեւավորված, սերնդեսերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խումբ,

մեղրատու մեղուների պոպուլիացիա - մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձեւավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձեւավորվել է որոշակի տարածքում եւ ունի ընդհանուր գենոֆոնդ,

մեղվանոցի անձնագիր - լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւի անձնագիր,

սերտիֆիկացման մարմին - էկոլոգիական արտադրանքի սերտիֆիկացման գործնեություն իրականացնող հավատարմագրված իրավաբանական անձ,

էնտոմոֆիլ բույսեր - միջատների կողմից փոշոտվող բույսեր,

մեղրաբերքի աղբյուրներ - մեղրատու մեղուների բնական սնունդ` նեկտար եւ ծաղկափոշի արտադրող բույսեր, որոնք ապահովում են մեղրաբերքը

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 3. Մեղվաբուծության մասին օրենսդրությունը

Մեղվաբուծության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 4. Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները

Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներն են` մեղվաբուծական հասարակական միավորումները, մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հոդված 5. Մեղվաընտանիքների եւ մեղվանոցների քանակը, հաշվառումը ու գրանցումը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների եւ մեղվանոցների թիվը չի սահմանափակվում` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքային համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել մեղվաընտանիքների եւ մեղվանոցների առավելագույն թիվը` ելնելով մեղրատու մեղուների խնամքի պայմաններից, անասնաբուժասանիտարական եւ քաղաքաշինական նորմերից: Մեղվաընտանիքների եւ մեղվանոցների գրանցման եւ հաշվառման կարգը, ինչպես նաեւ անասնաբուժա-սանիտարական նորմերը սահմանվում են ՀՀ Կառավարության կողմից` սույն օրենքն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Ոչ առեւտրային ընկերություններում մեղվաընտանիքներով փեթակների եւ մեղվանոցների քանակը կարգավորվում է ընկերության հիմնադիր փաստաթղթերով:

Հոդված 6. Մեղվանոցների տեղաբաշխումը

Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք մեղվանոցները տեղադրում են  սահմանված կարգով հատկացված հողատարածքներում`  պահպանելով համապատասխան  անասնաբուժասանիտարական նորմերը եւ մեղրատու մեղուներին պահելու կանոններ: Մեղվանոցները տեղադրվում են առողջապահական, կրթական, մշակութային եւ այլ հաստատություններից քաղաքացիների համար անվտանգ` առնվազն 0.5 կիլոմետր հեռավորության վրա:

Մեղվանոցները տեղադրվում են աղբանոցներից, թափոնների մաքրման, հավաքման, վերամշակման եւ օգտագործման /օգտահանման/ օբյեկտներից, աղտոտված ջրամբարներից եւ այդօրինակ այլ տարածքներից առնվազն 3 կիլոմետր հեռավորության վրա: Այդ պահանջը չի կիրառվում մեղուների ձմեռացման դեպքում: Մեղվանոցները տեղադրվում են հաշվի առնելով մեղրատու բույսերի աշխարհագրական դիրքը, որպեսզի մեղուները հնարավորինս չթռչեն բանուկ փողոցների, ճանապարհների  կենդանիների քշելու տանելու ուղիների, առողջապահական, կրթական, մշակութային եւ այլ հաստատությունների տարածքների, մարդկանց հանգստի կամ բնակվելու եւ մարդկանց կուտակումների վայրերի վրայով:

Մեղվանոցների տեղաբախշման եւ մեղվաընտանիքների տեղափոխման կարգը սահմանում է լիազորված մարմինը` սույն օրենքն  ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 7. Մեղվաընտանիքների տեղափումը

Մեղվաընտանիքների տեղափոխումն իրականացվում է լիազորված մարմնի տարածքային անասնաբուժական ծառայության կողմից նշված երթուղիներով` անասնաբուժական ուղեկցող /համապատասխան/ փաստաթղթերի առկայությամբ,

Փեթակի գերջերմացման ու օդի խոնավության կտրուկ բարձրացման հետեւանքով մեղվաընտանիքների անկումը  կանխելու նպատակով  պետական ավտոմոբիլային տեսչությանը արգելվում է մեղվի փեթակներ տեղափոխող  տրանսպորտային միջոցների շարժման կանգնեցումը 15 րոպեից ավելի, եթե դա պայմանավորված չէ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննությամբ:

Որպես շարժական մեղվանոց օգտագործվող կցասայլերը, հենահարթակները, տաղավարները համարվում են գյուղատնտեսական տեխնոլոգիական սարքավորումներ:

Հոդված 8. Տոհմային մեղվանոցները

Տոհմային մեղվանոցները տեղակայվում են այնպիսի տարածքներում որտեղ 3 կիլոմետր շառավղով` ութ ամսվա ընթացքում չեն ախտորոշվել ակարոս, ամերիկյան փտախտ, եվրոպական փտախտ, նոզեմատոզ եւ վարրոատոզ հիվանդությունները:

Այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքները մեկ տարի պահվում են կարանտինի մեջ:

Յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ տոհմային մեղվանոցները եւ բերված տոհմային մեղվաընտանիքները ակտիվ թռիչքից հետո եւ մեղուների սերնդի ակտիվ բազմացման շրջանում ստուգվում են անասնաբուժական պետական տեսչության կողմից` մեղվաբույծի մասնակցությամբ եւ վերցվում են համապատասխան նմուշներ հիվանդությունների առկայությունը պարզելու նպատակով:

Տոհմային մեղվանոցների սեփականատերերը կամ պատասխանատու անձինք պարտավոր են`

ա/ այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքների մասին եւ տոհմային կամ շրջակայքում գտնվող այլ մեղվանոցներում մեղուների վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը,

բ/ մեղվանոց չբերել այլ մեղուներ /այդ թվում մեղվի սերունդ/ կամ մեղվաբուծական մթերք` վարակված կամ անհայտ կարգավիճակի մեղվանոցներից:

Հոդված 9. Էկոլոգիական մեղվանոցները

Էկոլոգիական մեղվաբուծության մեղվաբույծները զբաղվում են կամավոր, իսկ էկոլոգիական մեղվանոցները հավաստագրվում են լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Էկոլոգիական մեղվաբուծությունը համապատասխանում է էկոլոգիական գյուղատնտեսության սկզբունքներին:

Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են էկոլոգիական մեթոդներով աճեցվող մշակաբույսերի կամ վայրի` բնական բուսածածկով տարածքներում որտեղ առկա է բավարար քանակի բնական նեկտարի մեղրացողի եւ ծաղկափոշու պաշար ինչպես նաեւ ջուր: Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են այնպես, որ 4 կիլոմետր շառավղով տարածքները լինեն էկոլոգիական կամ վայրի բնական եւ որտեղ առնվազն երկու տարի չեն կիրառվել հերբիցիտներ կամ պեստիցիտներ: Լիազորված մարմինը կարող է թույլատրել մեղվանոցների տեղադրումը նշված շառավղում` ոչ էկոլոգիական, սակայն ցածր ռիսկային տարածքների վրա, եթե այնտեղ չեն օգտագործվել տեստիցիտներ: Չորս կիլոմետրանոց տարածությունը պահպանվում է նաեւ քաղաքներից, ավտոմայրուղիներից, արդյունաբերական օբյեկտներից աղբանոցներից եւ աղբը այրելու վայրերից:

Փեթակները եւ մոմաթերթի շրջանակները պատրաստվում են բնական նյութերից, իսկ մոմաթերթերը էկոլոգիական մեղվամոմից:

Էկոլոգիական նոր մեղվաընտանիքները կազմավորվում են առկա մեղվանոցից ձագեր վերցնելով եւ նոր ընտանիք կազմելով կամ այլ էկոլոգիական միավորներից դրանց ձեռքբերմամբ: Մեղվաընտանիքները թարմացնելու համար թույլատրվում է օգտագործել մինչեւ 10 տոկոս ոչ էկոլոգիական  մայր մեղուներ եւ պարսեր, եթե դրանք դեղադրվում են էկոլոգիական մոմաթերթերի վրա: Եթե մեղվաբույծը նույն տարածքի վրա մի քանի մեղվանոց ունի, ապա բոլորը պետք է լինեն էկոլոգիական: Յուրաքանչյուր արտադրական փուլի վերջում փեթակներում թողնվում է մեղրի ու ծաղկափոշու որոշակի պաշար` ձմռան ամիսների համար:  Թույլատրվում է մեղուներին արհեստականորեն կերակրել, եթե դրանց գոյություն ունենալը վտանգված է կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Արհեստական կերը պատրաստվում է էկոլոգիական մեղրից /գերադասելի է, որ դա լինի նույն մեղվանոցի արտադրանքը/: Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել մեղրի փոխարեն օգտագործել էկոլոգիական եղանակով արտադրված շաքարի օշարակ կամ մաթ, եթե տվյալ կլիմայական պայմաններում մեղրը բյուրեղանում է: Արհեստական կերակրումը կատարվում է մեղրի վերջին բերքահավաքի եւ նեկտարի ու մեղրացողի հաջորդ սեզոնի սկսվելուց 15 օր առաջ ընկած ժամանակահատվածում: Մեղվաբույծները կատարում են համապատասխան գրանցում մեղուներին տրված կերի տեսականու քանակի եւ տրման ժամկետի վերաբերյալ:

Էկոլոգիական մեղվանոցներում մեղուների բուժման համար օգտագործվում է ֆիտոթերապեվտիկ կամ հոմեոպատիկ պատրաստուկներ: Եթե դրանց բուժիչ ազդեցությունը բավարար չէ եւ վտանգված է մեղվաընտանիքի գոյությունը, ապա անասնաբույժի պատասխանատվությամբ թույլատրվում է օգտագործել ալլօպաթիկ դեղամիջոցներ: Մեղուների բուժման համար թույլատրվում է միջամտություն` գոլորշիով  եւ /կամ/ բաց կրակով /բոցով/:

Անցումային շրջանում մոմաթերթերը փոխարինվում են էկոլոգիական մեթոդներով ստացված մոմաթերթերով: Եթե մոմաթերթերը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ փոխարինել էկոլոգիականով, ապա սերտիֆիկացման կամ լիազորված մարմինը կարող է երկարաձգել անցումային շրջանի ժամկետը: Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել ոչ էկոլոգիական մոմաթերթերի օգտագործումը, եթե դրանք վերցվել են այնպիսի տեղերից, որտեղ արգելված նյութեր չեն օգտագործվել: Եթե փեթակներում նախկինում արգելված նյութեր չեն օգտագործվել, ապա մոմաթերթերը կարելի է չփոխել:

Մեղվաբուծական մթերքը կարող է վաճառվել որպես էկոլոգիական այն դեպքում, եթե սույն օրենքում նշված պահանջները պահպանվել են առնվազն մեկ տարի:

Էկոլոգիական մեղվաբուծության համար մեղուների տոհմի ընտրության ժամանակ ուշադրություն է դարձվում տեղի պայմաններին, դրանց հարմարվողականությանը, կենսունակությանը եւ հիվանդությունների նկատմամբ դիմացկունությանը:

Հոդված 10. Մեղվանոցների ստուգումը

Տարվա ընթցքում մեղվաբույծը պարբերաբար ստուգում է մեղվաընտանիքները, գնահատում դրանց առողջական վիճակը եւ հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքերում վերցնում համապատասխան նմուշներ լաբորատոր հետազոտությունների համար մեղվանոցի ստուգումից հետո արձանագրված արդյունքները գրանցվում են մեղվանոցի անձնագրում: Մեղուների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում անհապաղ իրականացվում է մեղվաընտանիքների բուժումը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցներով: Արգելվում է հիվանդ մեղվաընտանիքներից ստացված մեղվաբուծական մթերքը մեղուների համար որպես կեր օգտագործելը:

Հոդված 11. Մեղվանոցների կարգավիճակը

Մարզային անասնաբուժական ծառայությունների կողմից համաճարակային իրավիճակի եւ հետազոտությունների արդյունքների հիման վրա մեղվանոցներին տրվում է մեղուների վարակիչ հիվանդություններից զերծ լինելու մասին գրավոր եզրակացություն /տեղեկանք/ եւ համապատասխան գրանցում է կատարվում մեղվանոցի անձնագրում:

Հոդված 12. Մեղվաընտանիքների վաճառքին, փոխադրմանը եւ արտահանմանը ներկայացվող պահանջները

Մեղվաընտանիքների վաճառքը, փոխադրումը եւ արտահանումը թույլատրվում է եթե`

ա/ դրանք առողջ մեղվանոցներից են,

բ/ տեղափոխված չեն ամերիկյան փտախտի հետ կապված սահմանափակումներում գտնվող տարածքներից,

գ/ դրանք ծագումով այնպիսի մեղվաընտանիքներից են, որտեղ սատկած մեղուների նմուշները վերջին 30 օրվա ընթացքում հետազոտվել են ակարոզի, նոզեմատոզի, ամերիկյան փտախտի եւ եվրոպական փտախտի հայտնաբերման նպատակով եւ ստացվել են բացասական արդյունքներ,

դ/ փոխադրման եւ արտահանման համար տրվել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր` «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի եւ անասնաբուժությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:

Մեղվաբուծության մեջ օգտագործելու համար նախատեսված մեղվաբուծական մթերքների վաճառքը թույլատրվում է այն դեպքում, եթե դա ստացվել է մեղուների վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանափակումների մեջ չգտնվող մեղվանոցներից եւ ունի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ:

Հոդված 13 . Մեղվաբույծների իրավունքներն ու պարտականությունները

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների թիվը չի սահմանափակվում:

Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի:

Մեղվաբուծությամբ զբաղվող անձինք իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակների մասին:

Մեղվաբույծները պարտավոր են ապահովել`

ա/ մեղրատու մեղուների օգտագործման եւ վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուծական սպասարկումը,

բ/ մեղրատու մեղուների կենսամիջավայիր պահպանությունը,

գ/ մեղրատու մեղուների խնամքի ու կերակրման անասնաբուժասանիտարական կանոնների ու նորմերի պահպանումը,

դ/ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումը:

Մեղվաբույծները պարտավոր են փեթակներն ու մոմաթերթի շրջանակները եւ մեղվաբուծական այլ միջոցները պատրաստել այնպիսի նյութերից որոնք չեն իջեցնում մեղվաբուծական մթերքների որակը եւ չեն ախտոտում շրջակա միջավայրը: Մեղվաբույծներին արգելվում է մեղրաքամի ժամանակ օգտագործել սինթետիկ հոտավետ նյութեր:

Հոդված 14. Մեղվաբուծության համար հողատարածքների տրամադրումը

Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնելու համար հողատարածքները տրամադրվում է ՀՀ հողային օրենսգրքին, ՀՀ անտառային օրենսդրությանը եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Շարժական մեղվանոցները տեղաբաշխվում են մեղրաբերքի հավաքման աղբյուրներից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ապահովվի մեղվաընտանիքների խնամքը եւ որը հնարավորություն կտա միաժամանակ իրականացնել նաեւ գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի արդյունավետ փոշոտումը:

Անձինք մինչեւ շարժական մեղվանոցի տեղադրումը պարտավոր են ստանալ հողի սեփականատիրոջ համաձայնությունը, տեղական ինքնակառավարման մարմնին եւ տարածքային անասնաբուժական տեսչությանը ներկայացնել անասնաբուժասանիտարական տեղեկանք /մեղվանոցի վարակիչ հիվանդություններից զերծ լինելու մասին անասնաբուժական փաստաթուղթ/:

Հոդված 15. Մեղվաընտանիքների օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար

Գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք դրանց բերքատվության բարձրացման նպատակով կարող են օգտագործել այլ անձանց պատկանող մեղվաընտանիքները` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան կնքված պայմանագրերի հիման վրա:

Հոդված 16. Մեղվաբույծների հասարակական միավորումները

Մեղվաբույծները իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մեղվաբույծների հասարակական  միավորումներ: Մեղվաբույծների հասարակական միավորումները իրավունք ունեն սահմանված կարգով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ մեղվաբուծությանը առնչվող գործողությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

Հոդված 17. Մեղվաբուծության զարգացման հիմնադրամը

Մեղվաբուծության զարգացման մեղվաբուծական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ստեղծվել մեղվաբուծության զարգացման հիմնադրամ:

Հոդված 18. Մեղվաբուծության ապահովագրումը

Մեղվաբուծական գործնեության անխաթարության ապահովման մեղվաընտանիքների պահպանման նպատակով մեղվաբուծության ոլորտում կարող են ստեղծվել ապահովագրական ընկերություններ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 19. Սեփականության առարկաները մեղվաբուծության ոլորտում

Մեղվաբուծության բնագավառում սեփականության առարկա են մեղվաընտանիքները (պարսը) եւ մեղվաբուծության համար անհրաժեշտ գույքը:

Հոդված 20. Թռած-հեռացած պարսի վերադարձման իրավունքը

Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի, եթե անընդհատ հետապնդվել է պարսը: Այդ դեպքում  ֆիզիկական կամ իրավաբանական  անձը, որը բաց է թողել մեղվի պարսը, իրավունք ունի  հավաքելու այն, եթե  մեղվի պարսը տեղակայվել է ուրիշի տարածքում  կամ այլ անձի դատարկ փեթակում:

Հոդված 21. Թռած-հեռացած մեղվի պարսի ընդհանուր սեփականությունը

Տարբեր ֆիզիկական եւ/կամ իրավաբանական անձանց ընդհանուր սեփականություն են հանդիսանում իրար միացած պարսերը (մեղուների միասնական պարսը) մինչեւ փեթակ մտնելը:

Եթե միասնական պարսը ինքնուրույն բաժանվում է պարսերի, ապա դրանց նկատմամբ սեփականությունը որոշվում է վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից` սույն օրենքն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Միասնական պարսը ինքնուրույն պարսերի չբաժանվելու դեպքում դառնում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականությունը, որն առավել բարձր արժեք է առաջարկում: Այդ գինը հավասար մասնաբաժիններով բաժանվում եւ վիճարկվում է մեղվի պարսի սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ: Եթե մեղուների միասնական պարսը մտել է  մեղուներ պարունակող փեթակ, ապա թռած-հեռացած մեղվի պարսի արժեքի  փոխհատուցումն իրականացվում է սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 22.  Թռած-հեռացած  մեղվի պարսի արժեքի փոխհատուցումը

Թռած-հեռացած մեղվի պարսի արժեքի  փոխհատուցման իրավունք ունեն  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք` պարսին անընդհատ հետապնդելու դեպքում, եթե մեղվի պարսը թռել է  /մտել է/  մեղուներ պարունակող  ուրիշ փեթակի մեջ, որը գտնվում է այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության, տնօրինման կամ օգտագործման ներքո: Թռած-հեռացած մեղվի պարսի  արժեքի փոխհատուցումը  իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

Հոդված 23. Մեղուների անվերահսկելի պարս

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից չհետապնդվող կամ անհայտ ծագում ունեցող պարսը համարվում է անվերահսկելի:

Անվերահսկելի պարսի նկատմամբ սեփականությունը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 24. Մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

ա/ Մեղվաբուծության զարգացմանը նպատակաուղղված հանրապետական եւ տեղական նշանակության նպատակային ծրագրերի հաստատումը,

բ/ Հայաստանի Հանրապետությունում բուծվող մեղուների ցեղերի կատարելագործման, օգտագործման եւ անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը,

գ/ մեղվաբուծության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը,

դ/ մեղվաբուծության զարգացման տնտեսական խթանումը,

ե/ մեղրի եւ մեղվաբուծական այլ մթերքների ներկրման եւ արտահանման կարգի սահմանումը,

զ/ մեղրի մեջ հակաբիոտիկների պեստիցիտների եւ աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունների սահմանումը,

է/ մեղվանոցների եւ մեղվաընտանիքների հաշվառման ու գրանցման կարգի սահմանումը ,

ը/ սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ

Հոդված 25. Մեղվաբուծության ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

Մեղվաբուծության ոլորտում լիազորված մարմինը  իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

ա/ մեղվաբուծության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարակական միավորումների եւ մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ,

բ/  մեղվաբուծության զարգացմանն նպատակաուղղված  հանրապետական եւ տեղական նշանակության նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը` համագործակցելով մեղվաբուծների հասարակական միավորումների եւ մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ,

գ/ Հայաստանի Հանրապետությունում բուծվող մեղուների ցեղերի կատարելագործման, օգտագործման եւ անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի եւ տոհմային մեղվաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումն ու իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարականա միավորումների եւ մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ,

դ/ մեղվաբուծության ոլորտում պետական ստանդարտների, նորմերի, կանոնների եւ կարգերի սահմանումը,

ե/ մեղրատու մեղուների պահպանման եւ մեղվաբուծական մթերքների որակի ապահովման նպատակով, անասնաբուժասանիտարական նորմերի ու կանոնների պահպանման եւ մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության պետական վերահսկողությունը,

զ/ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների անվտանգ եւ բնականոն կենսակերպի ապահովումը,

է/ մեղվաբուծության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությանը աջակցելը,

ը/ աջակցությունը մեղվաբուծության զարգացման հիմնադրամին, մեղվաբուծության ապահովագրական ընկերություններին` ելնելով նրանից, որ մեղուների միջոցով պտղատու այգիների եւ դաշտերի մշակաբույսերի մեղվափոշոտման շնորհիվ դրանց բերքատվությունը եւ որակը բարձրանում է,

թ/ մեղվաբուծության ոլորտում մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքների համակարգումը,

ժ/ մեղվաբուծության ոլորտում տոհմաբուծության, մայրաբուծության, մեղրատու մեղուների արգելոցների զարգացման աշխատանքներին աջակցությունը,

մեղրատու մեղուների հիվանդությունների, թունավորումների կանխարգելման, բուժման, այդ մեղուների գոյությանը սպառնացող  վնասատուների դեմ պայքարի իրականացումը,

մեղվաբուծական մթերքների  արտահանման եւ ներմուծման նկատմամբ վերահսկողության  ապահովումը

ի/ կեղծ մեղրի հայտնաբերման դեպքում դրա առգրավումը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացման ապահովումը:

լ/ մեղվաընտանիքներում հիվանդությունների կանխարգելման նպատակով անհապաղ միջոցների ձեռնարկումը` ընդհուպ մինչեւ վարակ տարածող մեղվաընտանիքների վերացումը:

խ/ մեղրատու մեղուների խնամքի եւ կերակրման անասնաբուժասանիտարական կանոների ու նորմերի հաստատումը,

ծ/ սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
 

ԳԼՈՒԽ 5.

ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Մեղրատու մեղուների պաշտպանության եւ մեղվաբուծության բնագավառում անասնաբուժասանիտարական հսկողության կազմակերպումը

Մեղրատու մեղուների պաշտպանությունը, ինչպես նաեւ մեղվաբուծության ոլորտում մեղուների խնամքի անասնաբուժասանիտարական կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազորված մարմնի կողմից`  «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Մեղրատու մեղուների պաշտպանության, ինչպես նաեւ մեղվաբուծության բնագավառում անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման միջոցառումները իրականացվում են` ապահովելով մեղվաբուծության ոլորտի հասարակական միավորումների անմիջական մասնակցությունը: Այդ նպատակով լիազորված մարմինը ստեղծում է մեղվաբուծության զարգացման խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են նաեւ մեղվաբույծների հասարակական միավորումների կողմից լիազորված անձիք:

Մեղվաբուծության ոլորտի վերաբերվող իրավական ակտերը եւ նորմատիվ փաստաթղթերը մինչեւ սահմանված կարգով ընդունվելը քննարկվում են մեղվաբուծության զարգացման խորհրդում:

Մեղվաբուծության զարգացման խորհրդի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

Մեղվաբուծության ոլորտում անասնաբուժասանիտարական հսկողությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 27. Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջները

Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջներն են.

ա/ մեղրատու մեղուների օգտագործման եւ վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուժական սպասարկումը,

բ/ մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը,

գ/ մեղրատու մեղուների անասնաբուժասանիտարական սպասարկման ապահովումը:

Հոդված 28. Մեղրատու մեղուների պաշտպանության ապահովումը

Մեղրատու մեղուների պաշտպանությունն ապահովում է լիազորված մարմնի եւ տեղական ինքնակառավարաման մարմինների կողմից:

Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձեւերն են.

ա/ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի անասնաբուժական եւ  սանիտարական նորմերի եւ կարգերի պաշտպանությունը,

բ/ բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը,

գ/ մեղվաընտանիքների անխափան տեղափոխումը,

դ/ մեղրատու մեղուների պաշտպանության նպատակով գիտահետազոտական ուսումնասիրությունների կազմակերպումը,

ե/ մեղվաբուծության պետական աջակցության եւ միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:

Դաշտերի, մարգագետիների, անտառների պաշպանիչ անտառաշերտերի եւ տնկիների մշակման նպատակով նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների օգտագործումը  իրականացվում է լիազորված մարմնի գիտությամբ:

Հոդված 29. Անտառօգտագործման ժամանակ մեղրատու մեղուների պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումը իրականացվում է ՀՀ բնապահպանության օրենսդրությանը համապատասխան:

Անտառների պահպանմանն եւ ընդարձակմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են հաշվի առնելով մեղվաբուծության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը

Նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների օգտագործումը դաշտերի, մարգագետինների, անտառների, պաշտպանիչ անտառաշերտերի եւ տնկիների մշակման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի գիտությամբ:

Արգելվում է մեղրահումքի հավաքման աղբյուր հանդիսացող ծառերի եւ թփերի /լորենի, թխկի, ուռենի, ակացիա եւ այլն/ հատումը, մեղվանոցների տեղաբաշխման վայրերից առնվազն 3 կմ հեռավորության վրա գտնվող ուռիների կեղեւի մթերումը` բացառությամբ անտառների սանիտարական վիճակի բարելավման եւ վերարտադրության խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների:

Հոդված 30. Մեղրատու մեղուների պաշտպանությունը դրանց բնակության բնական միջավայրում

Մեղրատու մեղուների օգտակար հատկությունների օգտագործումը ըստ դրանց բնակության բնական միջավայրի, մեղրատու մեղուների մեղվաբուծական մթերքների ստացումը իրականացնում է կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Արգելվում է փչակների եւ մեղրատու մեղուների բնակության բնական այլ վայրերի ոչնչացումը:

Բնակության բնական վայրում մեղվաընտանիքի առկայությունը մարդու կենսագործունեությանը խոչընդոտելու պարագայում, այդ մեղվաընտանիքների տեղափոխման անհնարինության դեպքում, դրա վերաբնակեցումը կամ ոչնչացումը իրականացվում է լիազորված մարմնի մեղվաբուծության բնագավառի  համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Հոդված 31. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը

Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը իրականացվում է լիազորված մարմնի կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք մեղվաընտանիքների հիվանդության կանխարգելման, բուժման ու մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքար իրականացնելիս ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող են ներգրավել անասնաբուժության ոլորտում լիցենզիա ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը եւ հանձնումը իրականացվում է լիազորված մարմնի կողմից:

Հոդված 32. Մեղվաընտանիքների առավել մեղրատու տեսակների բուծումը

Լիազորված մարմինը իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում բուծվող տեղական /աբորիգեն/ մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանման եւ բարելավման ուղղությամբ: Մեղվաբուծությունում սելեկցիոն տոհմային աշխատանքները եւ մեղուների առավել արժեքավոր տեսակների բուծմանը ու օգտագործմանը, ինչպես նաեւ մեղվաընտանիքների առավել արժեքավոր տեսակների բարելավմանն ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունն իրականացվում է տոհմային անասնաբուծության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տոհմային առավել արժեքավոր մեղուների պոպուլյացիաներով ապահովելու, ինչպես նաեւ մեղրատու մեղուների տեսակների բարձրացման նպատակով տարածքներում (բնակության բնական շրջակայքում) կարող են ստեղծվել սելեկցիոն մեղվանոցներ, մայրաբուծարաններ: Մայրաբուծարանների տոհմային վերարտադրիչների եւ սելեկցիոն մեղվանոցների շուրջ սահմանվում են պաշտպանիչ տարածքներ` ոչ պակաս քան 10-15 կմ շառավիղով: Այդ տարածքներում արգելվում է այլ տեսակի անհայտ ծագում ունեցող մեղվաընտանիքների, պարսամայրերի տեղակայումը:

Մեղվաբուծության զարգացման եւ մեղվաընտանիքների տոհմամթերատու հատկությունները բարելավելու նպատակով լիազորված մարմինը աջակցում է տոհմային մեղվանոցների եւ մայրաբուծարանների ստեղծմանն ու արդյունավետ գործնեությանը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել այլ ցեղերի մեղուներ, մայրապտուկներ` բացառությամբ գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով ներմուծումից:

Հոդված 33. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մեղրատու մեղուների համար վտանգավոր իրավիճակների մասին տեղեկացումը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ժամանակին ամբողջական ու հավաստի տեղեկատվություն ստանալ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին: Շրջակա միջավայրի, մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին իրազեկումը իրականացվում է լիազորված մարմնին սահմանված կարգով:

Թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ, անձամբ գրավոր կամ զանգվածային լրատվության միջոցների միջոցով մշակման ենթակա գյուղատնտեսական եւ անտառային բույսերի տարածքից 5 կմ-ից պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  եւ լիազոր մարմնին տեղեկացնել աշխատանքների սկզբի եւ ավարտի մասին: Իրազեկումը պարունակում է գյուղատնտեսական եւ անտառային բույսերի մշակման ամսաթվի, մշակման ձեւի, օգտագործվող թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների թունավորության աստիճանի մասին տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 6.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 34. Պատասխանատվությունը մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտման համար

Մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտումը հանգեցնում է վարչական կամ այլ պատասխանատվության` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: