Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածում լրացնել 3-րդ մասը հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ նախաձեռնության հեղինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է օրենքի նախագծի հանրային քննարկումը: Հանրային քննարկման կարգը սահմանվում է Աշխատակարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում վերհանված մի շարք խնդիրներով:
Հարկ է նշել, որ օրենքներում փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը ընդունվեց 2018 թվականի մարտի 21-ին, եւ իր բնույթով եւ կարգավորումներով տարբերվում էր երկար տարիներ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքից: Նոր օրենքի ընդունումից հետո, պարզ էր, որ հնարավոր է կիրառության ընթացքում վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար անհրաժեշտ կլինեն նոր օրենսդրական փոփոխություններ: Այս անհրաժեշտությունից ելնելով Արդարադատության նախարարությունը շարունակաբար գույքագրում էր այն խնդիրները, որոնք առաջանում էին տարբեր կիրառող մարմինների մոտ: Նույնիսկ իրականացվել են հանդիպումներ, որոք միտված էին գործող օրենքի կարգավորումների պարզաբանմանն ու խնդիրների վերհանմանը:
Բացի այն, որ նոր ընդունված օրենքը պրակտիկայում երբեմն խնդիրներ էր առաջացնում, առկա էր նաեւ միջազգային կազմակերպությունների դիտարկումները մեր օրենքի վերաբերյալ, ինչպես նաեւ նախարարության համապատասխան մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում էին լավագույն միջազգային փորձը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:
2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը
Բազմաթիվ քննարկումների արդյունքում վերհանված խնդիրները հիմնականում կարելի է բաժանել հետեւյալ խմբերի՝
1. Հանրային քննարկման հետ կապված խնդիրներ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային քննարմանը վերաբերող դրույթները չեն տարածվում պատգամավորական կամ խմբակցությունների նախաձեռնությամբ օրենդրական ակտերի նախագծերի վրա:
Այս խնդիրը բարձրաձայնվում է ոչ միայն հանրության կողմից, այլեւ դրա մասին էր վկայում միջազգային փորձը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր՝ 2016 թվականի «Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզ» զեկույցում: Զեկույցում մասնավորապես նշվում է՝
«Օրենսդրական նախագծերի եւ օրենսդրական հայեցակարգերի հանրային քննարկումներն օրինաստեղծ գործընթացի կարեւոր փուլեր են, քանի որ օգնում են օրենքներ գրողներին՝ փորձարկելու օրենքի նախագծի գործնական նշանակությունը եւ ապահովելու, որ ընդունումից հետո օրենքներն աշխատեն նաեւ պրակտիկայում: Հանրային քննարկումները կարող են կազմակերպվել տարբեր եղանակներով, եւ խիստ կարեւոր է, որ թե՛ գործադիր, եւ թե՛ օրենսդիր մարմիններն ապահովեն հանրային լայն ներգրավվածությունն ու պրոակտիվ կերպով հետամուտ լինեն հասարակության մասնակցությանը օրենքների մշակման գործընթացին: Առավելագույնս արդյունավետ լինելու համար քննարկումները պետք է կազմակերպեն համապարփակ, հետեւողական, իմաստավորված կերպով եւ ժամանակին: Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ստեղծեն իրականացված քննարկումների թվի վիճակագրական ցուցակներ՝ ներառելով մասնակիցների թիվը՝ ըստ սեռի, մարզի, տարիքային խմբի ու մասնագիտական/ թեմատիկ պատկանելիության, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի, թե արդյոք ներառվել են առնչվող եւ շահագրգիռ բոլոր շահակիցները: Քննարկման գործընթաց եւ/կամ հանրային լսումներ կազմակերպելիս Կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի Կառավարության եւ Ազգային ժողովի բոլոր ներքին շահակիցները եւ արտաքին շահակիցները տեղեկացված լինեն՝ այդ կերպ ստանալով տարբեր տեսակետները եւ գաղափարներն օրենքի նախագծի կամ քաղաքականության վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել համապարփակ լուծում գտնելու համար՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով նաեւ գործող միջազգային ստանդարտները, կատարողականները եւ լավ պրակտիկան: Կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի հանրային քննարկումներն ունենան հստակ նպատակներ եւ ճշգրտորեն նշեն, թե ինչ է փոխվում նոր քաղաքականությամբ եւ օրենսդրությամբ, որպեսզի չձեւավորեն կեղծ ակնկալիքներ:»:
Ինչպես երեւում է զեկույցից, հանրային քննարկման պահանջ սահմանվում է ոչ միայն Կառավարության այլեւ Ազգային ժոովի համար, մինչդեռ գործող օրենսդրական կարագավորումների համաձայն՝ նման պահանջ սահմանված է միայն Կառավարության համար:
2. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված եւ կազմակերպչական բնույթի գործնական խնդիրներ.
3. Կոլիզիանների լուծման հետ կապված խնդիրներ.
Գործնականում առաջացած խնդիրը վերաբերում էր հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերի միջեւ ավելի վաղ ուժի մեջ մտածին առաջնություն տալու հետ: Միջազգային փորձը վկայում էր, որ գործող կարգավորումը չի բխում ժողովրդաիշխանության սկզբունքի էությունից: Դրա էությունն այն է, որ ավելի ուշ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիրն է ներկայումս արտահայտում ժողովրդի կամքը, այլ ոչ թե ավելի վաղ ձեւավորված օրենսդիրը: Արդյունքում, ավելի ուշ գրված օրենքը պետք է գերակայի ավելի վաղ օրենքի նկատմամբ՝ ելնելով ժողովրդաիշխանության սկզբունքից:
Lex posterior derogat legi prior կանոնը ծագում է դեռեւս հռոմեական իրավունքից: Lex posterior derogat legi prior կանոնը լայնորեն կիրառվում է արտասահմանյան երկրների իրավունքում: Lex posterior derogat legi prior սկզբունքը կիրառվում է հավասար իրավական ուժ ունեցող ակտերի միջեւ հակասություն առաջանալու դեպքում: Նշված սկզբունքը լայնորեն ընդունված է արտասահմանյան երկրներում: Անգլիական իրավունքում եւս ամրագրված է այն սկզբունքը, որ ավելի ուշ ընդունված իրավական ակտը վերացնում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը՝ ելնելով պառլամենտի գերակայության եւ ինքնիշխանության սկզբունքից: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ մի շարք երկրների «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքերում, օրինակ՝ ՌԴ, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա:
4. Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը.
Ներկայիս կարգավորմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերը գործողության մեջ են դրվում օրենքով կամ կառավարության որոշմամբ: Մինչդեռ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունը այլ նպատակ է հետապնդում: Այսպես.
2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ Միություն): Տվյալ կառույցը իր բնույթով հանդիսանում է պետությունների՝ տնտեսական ոլորտում համագործակցության նպատակով ստեղծված վերպետական միջազգային կազմակերպություն, ինչն իր հերթին առաջ է բերում Միության շրջանակներում ընդունված իրավական ակտերը կիրառելու եւ անդամ պետությունների տարածքում դրանք գործողության մեջ դնելու որոշակի ընթացակարգային խնդիրներ:
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ Պայմանագիր) 6-րդ հոդվածի համաձայն Միության իրավունքի մաս են կազմում, ի թիվ այլոց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են ԵԱՏՄ Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում: Նույն պայմանագրի 2-րդ հոդվածը մեկնաբանում է «որոշումը» որպես Միության մարմինների կողմից ընդունվող, նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ, իսկ «կարգադրությունը»՝ որպես Միության մարմինների կողմից ընդունվող կազմակերպակարգադրական ակտ:
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածով սահմանվում է, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները: ԵԱՏՄ Պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ ԵՏՀ կողմից ընդունվող որոշումները, հանդիսանալով նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտեր, Միության անդամ պետությունների համար ունեն պարտադիր բնույթ: Նույն կետով սահմանվում է նաեւ, որ ԵՏՀ որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ եւ ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում:
Ստացվում է ստանձնած միջազգային պարտավորության ուժով ՀՀ-ում պարտադիր կատարման են ենթակա Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի որոշումները եւ բոլորվին անհրաժեշտություն չկա դրանց գործողության մեջ մտնելու մասին ընդունել առանձին ակտ: Հարկ է միայն ապահովել նշված որոշումների հասանելիությունը հանրությանը՝ դրանք ժամանակին թարգմանելով եւ հրապարակելով: Նշված կարգն էլ սահմանվել է նախագծով:
Գործնականում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի կիրառությունը բարդանում էր միայն այն պատճառով, որ այն բավարար կերպով հասանելի չէր հանրությանը: Հենց այս խնդրի լուծմանն էլ պետք է ուղղված լինի օրենքի կարգավորումը:
Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծով առաջարկվել են հետեւյալ լուծումները՝
1. Հանրային քննարկումն նախատեսվելու է նաեւ պատգամավորական եւ խմբակցությունների նախաձեռնությամբ նորմատիվ իրավական ակտերի համար.
2. Սահմանվել է, որ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց դրույթների միջեւ անհամապատասխանության դեպքում առաջնահերթ կիրառվում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց դրույթները.
3. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ նորմատիվ իրավական ակտերի մշակման տեսանկյունից նախատեսվել է հետեւյալ փոփոխությունները՝
1) Առաջարկվում է լրացնել փորձաքննության ոչ ենթակա ակտերի շրջանակը, մասնավորապես սահմանելով, որ փորձաքննության չեն ենթարկվում պետական եւ համայնքային բյուջեների վերաբաշխման եւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման նախագծերը: Պրակտիկան վկայում է այն մասին, որ նախարարություն ուղարկվող այս նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մեջ մեծ թիվ են կազմում այնպիսի դեպքերը, երբ միայն տեղի է ունենում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ճշգրտության ստուգում, այսինքն՝ տեխնիկական ստուգում, որը, ըստ էության, պետք է իրականացնեն ակտը մշակող մարմինները եւ եթե ակտը պետք է ընդունվի հենց մշակող մարմնի կողմից, ապա կարող է վերստուգվել մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից, իսկ եթե ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմ՝ ապա Վարչապետի աշխատակզմի կողմից:
2) Նախագծով առաջարկվում է բացի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային եղանակով հրապարակումից, 2020 թվականի հուլիսի 1-ից հետո նույնպես ունենալ պաշտոնական տեղեկագրերում դրանց հրատարակում:
Առաջարկը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերերը, ինչպես նաեւ հակերային հարձակումները՝ անհրաժեշտ է որպես սկզբնաղբյուր ունենալ նաեւ պաշտոնական հրատարակությունը՝ թղթային ձեւով եւ սահմանափակ քանակությամբ: Բացի այդ ռիսկերից խուսափելու համար որպես սկզբնաղբյուր պետք է ընդունել պարբերականում հրատարակված օրինակը:
4. Սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը դրանց ընդունվելուց հետո մինչեւ ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը պետք է թարգմանվեն եւ հրապարակվեն՝ դրանով իսկ հասանելի եւ պարտադիր դառնալով հանրության համար: Ընդ որում՝ հաշվի են առնվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումները: Մասնավորապես.
ԵԱՏՄ Պայմանագրի 111-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միության մարմինների որոշումներն ուղարկվում են անդամ պետություններին ոչ ուշ, քան որոշումը կայացնելու օրվանից հաշվարկված 3 օրացուցային օրվա ընթացքում:
ԵԱՏՄ Պայմանագրի Հավելված 1-ի 16-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով եւ Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով: Բացառիկ դեպքերում ընդունվող եւ արագ արձագանք պահանջող որոշումներով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, սակայն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 10 օրացուցային օր հետո:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում կվերացվեն նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացի հետ կապված՝ գործնականում առաջացող խնդիրները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 833 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 23
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 1180 - Ա
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 20
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1180-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ