Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը եւ վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Կառավարությունը հաստատում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը եւ ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաեւ այդ համակարգերից օգտվելու օրինակելի պայմանագրի ձեւը՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:

2. 2021 թվականի հունվարի 1-ից հետո ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության եւ այդ համակարգերից օգտվող սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը` «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ցամաքուրդային (դրենաժային) համակարգի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորության իրավական հիմքը ապահովելու  անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները` Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1695 կմ, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90%): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 մ3 /վրկ կամ 1145,0 մլն մ3 /տարի՝ ապահովելով ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան եւ վերջին հաշվով՝ Արաքս գետ: Ներկայումս տարեկան միջին հեռացվող ջերի ծավալը կազմում է շուրջ 50 մ3 /վրկ կամ շուրջ 1,6 մլրդ մ3 /տարի:

Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը ծառայում են նաեւ տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար: Ձկնաբուծական տնտեսությունների աճի հետ զուգահեռ մեծացել է նաեւ այդ տնտեսություններից ցամաքուրդային (դրենաժային) համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 մ3 /վրկ կամ 809 մլն մ3 /տարի): Դա է պաճառը, որ համակարգերի պահպանման եւ շահագործման համար հատկացված միջոցների, տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների գերակշիռ մասը ծախսվում է հենց Արարատյան դաշտում, մասնավորապես ձկնաբուծարանների հետադարձ ջրերի ազդման գոտում՝ կրճատելով համակարգի այլ հատվածներում պատշաճ պարբերականությամբ ամաքրման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը, առաջացնելով լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:

Պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով հանրապետության դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը վերջին տարիներին կազմել է միջինը 290 մլն դրամ, որով հնարավոր է լինում տարեկան մաքրել շուրջ 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց: Այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու, հողատեսքերը բացասական կենսաբանաքիմիական կազմի նյութերից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շուրջ 330 կմ (այդ թվում` 185 կմ ձկնաբուծական տնտեսությունների ազդման գոտի) ցամաքուրդային (դրենաժային) ցանցերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ գումարը կկազմի տարեկան շուրջ 480 մլն դրամ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Կոլեկտորադրենաժային ցանցի պահպանում եւ շահագործում, գրունտային ջրերի մակարդակների եւ որակի որոշման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվում են ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի մաքրման, նորոգման եւ պահպանման աշխատանքներ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը` Հայաստանի Հանրապետության խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի եւ հարակից տարածքներում գրունտային ջրերի մակարդակի իջեցման, ինչպես նաեւ հողերի գերխոնավացման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման եւ ալկալիացման ռիսկերը նվազեցնելու նպատակով սույն որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որը ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի համաձայն հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ընդունել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգ` համակարգերի սեփականատիրոջ, շահագործող կազմակերպության եւ դրանից օգտվող սուբյեկտների իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով հաշվառելու այդ սուբյեկտներին, համակարգերից օգտվելն իրականացնելու պայմանագրային հիմունքներով՝ սահմանելով շահագործող կազմակերպությունների համար ծառայությունների մատուցման օրինակելի պայմանագիր (օրինակ` համակարգով հետադարձ ջրերի տեղափոխման)?

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը` Առաջարկվող կարգավորման կիրարկումը կապահովի ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը համակարգի շահագործման ու պահպանման աշխատանքներին` նվազեցնելով պետության բեռը՝ ձեւավորելով լրացուցիչ միջոցներ, որոնք կուղղվեն մաքրման աշխատանքների ծավալների մեծացմանը, հնարավորություն կընձեռնվի նախաձեռնել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի մանրամասն ուսումնասիրման, գույքագրման եւ հաշվառման, համակարգերի վրա առկա անցումների, դիմհարների նորոգման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգի մաքրման պարբերականության մեծացման արդյունքում մինչեւ 330 կմ ընդհանուր երկարությամբ համակարգի մաքրում, արդյունքում` շահագործման եւ պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացում, համակարգի սպասարկման տակ ընկած խոնավ/գերխոնավ հողատարածքներում ջրային եւ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում եւ այլն:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում մշակել եւ ընդունել՝ «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու վճարների չափերը եւ օրինակելի պայմանագրի ձեւը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 հուլիսի 2020 թվականի  N1155 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 10
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1155-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
 

 Հարգանքով`
                                                                                                                    ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ