Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 81-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետեւել սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:
Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների` ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կամ առեւտրային արբիտրաժի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առեւտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) Ընկերությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, եւ
2) հաճախորդի իրավունքի խախտման հետեւանքով հաճախորդը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է Ընկերությունը:
Սույն մասով նախատեսված հաճախորդի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունների կողմից խախտվել է սպառողի` սույն օրենքով սահմանված որեւէ իրավունք, սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում` առեւտրային արբիտրաժ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները, չնայած տեղի են ունեցել մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն հաճախորդի կողմից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դատարանին, առեւտրային արբիտրաժին կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել: