Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետում`
ա. «ավագ օպերլիազոր,» բառերից հետո լրացնել «ավագ պարեկ,» բառերով.
բ. «օպերլիազոր» բառից հետո լրացնել «, պարեկ,» բառով:
2) 5-րդ կետում «կրտսեր տեսուչ,» բառերից հետո լրացնել «-կրտսեր պարեկ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «35» թվով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի`
1) 6-րդ մասում` «պաշտոններում» բառից հետո լրացնել «` բացառությամբ պարեկի եւ ավագ պարեկի պաշտոնների,» բառերով:
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ մասով.
«6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների)` ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ վերջինիս կազմում գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացը ավարտելուց հետո:»
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Մինչեւ ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում նշանակվելը (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման` պարեկի նախնական մասնագիտական կրթական ծրագրով:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2) Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման` կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման` երեք տարին մեկ անգամ:»:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի եւ դասընթացների կազմակերպման եւ իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը եւ ներկայացվող չափանիշները սահմանում է ոստիկանության պետը` հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները:»:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 10-րդ մասում «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե վերջիններս նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի ընդունումից հետո Ոստիկանության` պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ծառայողների առաջին կազմին պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղության է ընտրվել ոստիկանության վերափոխման եւ հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու վերաբերյալ: Ռազմավարությունը օրենքների նախագծերի փաթեթի հետ միասին շրջանառվել եւ ներկայացվել է ընդունման համար: Որպես ռազմավարական հիմնական նպատակ է առաջադրվել մասնագիտացված, պատասխանատու եւ վստահելի ոստիկանի նոր կերպարի ստեղծումը:
Նշված նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է:
Ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը եւ պարեկապահակային ծառայությունը, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները եւ հասարակական կարգի պահպանությունը: Ոստիկանության նման կառուցվածքով եւ գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության արդյունավետ աշխատանքն առաջնային կարեւորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների ու Հանրապետության հյուրերի մոտ ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձեւավորման, վստահության եւ ապահովության զգացման համար:
Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին: Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը, գործառութային առումով նորամուծություն է եւ մեր երկրում չկան այս ծառայության փորձառուներ, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար: Հատկանշական է, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով:
Ուստի, այս նախագիծը լուծում է ոլորտի բարեփոխումների առաջին կարճաժամկետ նպատակը` «Պարեկային ոստիկանության» կազմավորման եւ դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում:
Համաձայն Ռազմավարության` նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից եւ ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երեւան քաղաքում, ապա Շիրակի եւ Լոռու մարզերում եւ ամբողջ հանրապետության տարածքում: Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը:
Պարեկային ոստիկանության կադրերի ամբողջական համալրման հետ մեկտեղ տեղի կունենա նաեւ ամբողջ Հանրապետության տարածքում ծառայության գործարկումը: Միեւնույն ժամանակ, մինչեւ պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները` համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների:
Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
Ներկայացված փաթեթում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման եւ նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար: Օրենքների նախագծերի փաթեթն ուղղված է Ռազմավարությամբ առաջարկվող բարեփոխումների նպատակներից մեկի` պարեկային ոստիկանության ստեղծմանը եւ դրա գործունեության կարգավորմանը:
Նախագծերով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:
Նոր գործարկվող ծառայության կազմում նշանակումներն ապահովելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվում է, որ ստորաբաժանման կազմում եւ դրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում, այսինքն հետագայում ստեղծվող «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է Ոստիկանության պետի կողմից: Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոններով:
3. Նախագիծը մշակող մարմինը
Օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2020 թվականի N 637 - Ա
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. ապրիլի 29
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մայիսի 4
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 637-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ