Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-592-28.04.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում շարադրել նոր` 7-րդ պարբերություն.

«Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչեւ արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ:»

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնապես հրապարակվելուց հետո` անմիջապես:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Արտակարգ դրության եւ դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս եւ կամ իրենց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջնային է դառնում առաջին անհրաժեշտության մթերքների ու այլ իրերի ձեռբերումը: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար:

«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` ընդհուպ Բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը` ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում:»

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` «1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը»

Հղում կատարելով վերոնշյալ իրավական ակտին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 17 նոյեմբերի 2011 թ N 1242-Ն հրամանին, մասնավորապես դրա Հավելվածի 3-րդ հոդվածի 3-րդ մասին, պարզ է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողը հեռացվում է հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում», մինչդեռ արտակարգ դրության պայմաններում սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելը պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելուն ուղղված սահմանափակումների առկայությամբ:

Սույն նախագիծը ուղղված է նման դեպքերը կանխարգելելուն: Միաժամանակ նախագծով սահմանված իրավակարգավորման ընդունման դեպքում ուսանողը պարտավոր է գրավոր դիմել իր ուսումնական հաստատությանը այս արտոնությունից օգտվելու համար, իսկ ուսման վարձի չվճարված մասը կամ այն ամբողջությամբ պետք է վճարված լինի արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը:

Հատկանշական է, որ սույն արտոնությունը կգործի բացառապես այն դեպքերում, երբ արտակարգ դրություն հայտարարվել է արտակարգ իրավիճակի հիմքով:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը եւ գրությունը