Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-559-13.04.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«3) Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներկա իրավիճակը

Գործող օրենսդրության համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:
Սակայն այդ ծախսագրումը (եկամտից նվազեցումը) տնտեսվարողները կարող են ոչ թե միանգամից ծախսագրել տվյալ հարկային տարում, այլ որոշակի ժամանակահատվածում` յուրաքանչյուր միավորի գծով: Այդ ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով: Օրինակ` շենքերի եւ շինությունների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 20 տարի է, արտադրական սարքավորումներինը` 5 տարի եւ այլն:

Նվազագույն ամորտիզացիոն ժամկետի տրամաբանությունը հարկաբյուջետային կանխատեսելիության տեսանկյունից հասկանալի է, սակայն մյուս կողմից` զրկում է ներդրողներին ճկունությունից եւ բացասաբար է ազդում նրանց իրացվելիության վրա: Հատկապես ներկայիս պայմաններում, երբ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսվարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, անհրաժեշտություն է առաջացել թեկուզ ժամանակավորապես հնարավորություն տալ տնտեսվարողներին ավելի ճկուն գործել ամորտիզացիոն ծախսագրումների առումով:

Առաջարկվող կարգավորումը

Հարկային օրենսգրքում արդեն կա բացառություն` ամորտիզացիոն մասհանումների հետ կապված: Մասնավորապես, կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:

Այս նախագծով առաջարկում ենք նույն հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:

Ակնկալվող արդյունքը

Ամորտիզացիոն ժամկետները ինքուրույն որոշելու հնարավորությունը լրացուցիչ խթան կլինի այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին (ունեին) կատարել կապիտալ ներդրումներ, եւ կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: Ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում` այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը եւ կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում, ինչը առավել քան կարեւոր է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում:

Նշենք նաեւ, որ նկարագրված մեխանիզմը` արագացված ամորտիզացիայի գործիքը, հաջողությամբ կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն, մասնավորապես` (Գերմանիա, Ֆրանսիա):



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
Պարոն Ա. Միրզոյանին

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցում եմ.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` Բաբկեն Թունյան