Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 125-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել երեք լսում»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու նախագծի վերաբերյալ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125 հոդվածը սահմանում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց ցանկը, համաձայն որի, ի թիվս այլ անձանց լսումներ կարող է իրականացնել նաեւ խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով: Ընդ որում խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:
Ակնհայտ է, որ խմբակցությանը վերապահված խորհրդարանական ընդամենը մեկ լսում հրավիրելու օրենսդրական հնարավորությունը բավարար չէ: Խմբակցության պատգամավորներից յուրաքանչյուրը մշտապես կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ինչի արդյունքում վերջիններիս կողմից ներկայացվում եւ բացահայտվում են բազմաթիվ հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող խնդիրներ, որոնք հաճախ հիմք են հանդիսանում հանրային լայնամասշտաբ քննարկման, արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար: Բացի այդ, բազմիցս խոսվել է այն մասին, որ ներկայիս պայմաններում շատ հարցեր պետք է լուծվեն ուղղակի ժողովրդավարության միջոցով, քաղաքացիների անմիջական ու ակտիվ մասնակցությամբ եւ ներգրավմամբ, ուստի որեւէ որոշում կայացնելուց առաջ այդ քաղաքացիներին առնվազն պետք է հնարավորություն տրվի արտահայտվելու եւ լսելի լինելու: Ուստի այս պայմաններում առավել քան ակնհայտ է, որ խմբակցության կողմից հերթական նստաշրջանի ընթացքում ընդամենը մեկ լսում հրավիրելու սահմանափակումն ակնհայտ աննպատակահարմար է: Ուստի եւ առաջարկում եմ խմբակցության համար սահմանել յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում խորհրդարանական երեք լսում իրականացնելու հնարավորությունը:
Ավելին, 2019թ. ներկայացրել եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն ներկայացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկել եմ խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ընձեռել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին: Սակայն ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել միեւնույն ժամանակ նշել է, որ ՛՛ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակն ընդլայնելու հնարավորությունը՛՛: Վստահ ենք, որ նման կարգավորումը իրապես կբխի լայն հասարակության շահերից:
Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում առավելագույնս կապահովվի քաղաքացիների լայն շրջանակներին մտահոգող եւ հասարակական հնչեղություն ու կարեւորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու ավելի լայն հնարավորությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ