Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2009թ. հուլիսի 10-ին  ընդունված  Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 12.1 կետով հետեւյալ բովանդակությամբ:

«12.1) դասարանի ղեկավար՝ իր դասարանի սովորողների շրջանում դաստիարակչական աշխատանք կատարող, սովորողների նկատմամբ միասնական մանկավարժական պահանջների կատարման ապահովմանը նպաստող մանկավարժական աշխատող»:

Հոդված 2.  Oրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 16.1 կետով հետեւյալ բովանդակությամբ:

«16.1) Սահմանում է ուսումնական հաստատության դասարանի ղեկավարին հավելավճար տրամադրելու կարգը»:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը սահմանված չէ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով, եւ այդ պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն՝ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Արդյունքում՝ նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են, մյուսներում՝ ոչ, իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր:

Կարեւորելով եւ վերաիմաստավորելով դասղեկի ինստիտուտը՝ համոզված ենք, որ նախագծի ընդունման արդյունքում խնդիրը կստանա իրավական կարգավորում՝ բացառելով մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:
 
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝        ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
                                           ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
                                           ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ