ՀՈԴՎԱԾ 1. «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լրատվական» բառից հետո լրացնել «կամ մարզական կամ հանգստի կազմակերպման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 7.1. ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Կառավարության որոշմամբ:
2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության խնդիրները, նպատակները եւ գործառույթները.
4) կանոնադրությունը.
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի եւ ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով եւ չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:
5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ հիմնարկի կանոնադրությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ (պարտադիր կամ պայմանագրային) գտնվող եւ սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակն սահմանելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործում է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանը, որը երկու տասնամյակից ավելի իրականացնում է զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից արտոնյալ պայմաններով (անվճար եւ (կամ) զեղչված գներով) հանգստի եւ որոշակի վերականգնողական առողջարանային գործընթաց: Հանգստյան տուն-առողջարանը գործում է զորամասի կարգավիճակով, ինչը սակայն որոշակիորեն սահմանափակում է նրա մասնակցության շրջանակը քաղաքացիաիրավական հարաբերություններին: Ներկայումս պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում ՀՀ զինված ուժերում ծառայություն են անցնում սպորտի բնագավառին առնչություն ունեցող բազմաթիվ զինծառայողներ, նրանցից շատերն ունեն լրջագույն ձեռքբերումներ, մինչեւ 2017 թվականը ՀՀ զինված ուժերում գործում էր բանակի մարզական ակումբ անվանումով զորամաս, որը սակայն լուծարվել է՝ դրա գործունեության իրավական վիճակը հստակեցված չլինելու պատճառով: Արդյունքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվել է սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու հնարավորություն, որի շրջանակներում ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 450-Ն որոշման հիման վրա 2018թ. հայտարարված երկու զորակոչերից արդեն իսկ տարկետում է ստացել շուրջ 50 քաղաքացի: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձեւերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, եւ թե միջազգային մրցաշարերում: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել տարբեր ուղղություններով զինված ուժերի գործունեության իրավական հիմքերը, պայմաններ ստեղծել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման եւ զինծառայողների ինքնադրսեւորման համար:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինվորական հաստատությունների շարքում ներառել զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկները, սահմանվում են դրանց ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների լիարժեք իրականացման գործընթացը, զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման պետական հիմնարկների բնականոն գործունեությունը:
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1631 - Ա
«ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. նոյեմբերի 26
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2019 թվականի N 1800 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. դեկտեմբերի 3
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումները, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1631-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ