Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11363-04.04.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թվականի, Օրենսգիրք N ՀՕ-528-Ն, այսուհետեւ` օրենսգիրք) 58-րդ հոդվածի 1-ին մասում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասը «ազատազրկման» բառից հետո լրացնել «եւ կարգապահական գումարտակում պահելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 327.5-րդ հոդվածով.

«Հոդված 327.5. Ազատազրկման ձեւով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ  ներկայանալուց խուսափելը

1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձի կողմից պատժի կրումից  ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի  բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի եւ այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երկու տարի ժամկետով բառերը» փոխարինել «երեք տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 361-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի դիսպոզիցիայում «մեկից երեք օր տեւողությամբ» բառերը փոխարինել «մինչեւ երեք օր տեւողությամբ» բառերով:

2) 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը վեց ամիս ժամկետով» բառերով:

3) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:

 4) 4-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում են կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»:

 5) 7-րդ մասից հանել «կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը չորu տարի ժամկետով» բառերը փոխարինել «երեքից վեց տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 363-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

2) 2-րդ մասի սանկցիայում «երկուսից հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երեքից վեց տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 365-րդ հոդվածի

1) 1-ին մասի դիսպոզիցիայից հանել «անզգուշությամբ» բառը:

2) 1-ին մասի սանկցիայում «երկու տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 366-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի» բառերը փոխարինել «երեք տարի» բառերով:

2) 2-րդ մասի դիսպոզիցիայից հանել «անզգուշությամբ» բառը:

3) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 367-րդ հոդվածի

1) 1-ին եւ 2-րդ մասերի դիսպոզիցիաներից հանել «անզգուշությամբ» բառը:

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 368-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

3) 3-րդ մասի դիսպոզիցիայում «Նույն արարքը» բառերը փոխարինել «Uույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված արարքը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 370-րդ հոդվածի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 371-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով:

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 372-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկուսից հինգ տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 373-րդ հոդվածի

1) 1-ին մասի սանկցիայում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «երկու տարի ժամկետով» բառերով:

2) 2-րդ մասի սանկցիայում «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով» բառերով, իսկ «առավելագույնը չորս տարի ժամկետով» բառերը փոխարինել «մեկից չորս տարի ժամկետով» բառերով:

3) 3-րդ մասի սանկցիայում «երեքից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել «չորսից ութ տարի ժամկետով» բառերով:

4) 4-րդ մասի սանկցիայում «չորսից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեցից տասը տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Վերջին երկու տարիների դատական պրակտիկայի, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների նկատմամբ իրականացված պատժական քաղաքականության ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի առանձին հոդվածներ փոփոխությունների ու լրացումների կարիք ունեն:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հանցագործությունների կրկնակիությունն ու ռեցիդիվը տարածված է հատկապես ՀՀ քր.օր-ի 361, 362, 363 հոդվածներով դատապարտված զինծառայողների մոտ:

Գործող քրեական օրենսգրքով ընդհանրապես քրեական պատասխանատվություն չի նախատեսվում մինչեւ մեկ օր տեւողությամբ զորամասն ինքնակամ թողնելու համար եւ ստացվում է, որ զինծառայողը կարող է բազմաթիվ անգամ մինչեւ մեկ օր տեւողությամբ առանց հարգելի պատճառների թողնել զորամասը եւ դրա համար քրեական պատասխանատվության չենթարկվել: Այսպիսի արարքի համար քրեական պատասխանատվության սահմանումը անհրաժեշտ է, քանի որ այն բավականին տարածված է եւ դրանով իսկ որոշակի վտանգավորություն է ներկայացնում:

ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար օրենսդիրը պատիժ է սահմանել միայն ազատազրկման ձեւով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ուղղիչ հիմնարկում ազատազրկման ձեւով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո զինծառայողը կրկին ուղարկվում է զորամաս` ծառայությունը շարունակելու: Ինչպես է դա անդրադառնում զինված ուժերում զինծառայության կարգի վրա, ցույց է  տալիս առօրյան:

ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասը դասալքության համար պատիժ է նախատեսում ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով: Այս արարքի համար դատապարտված զինծառայողը կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի 1/3-ը` առավելագույնը 16 ամիս ազատազրկման վայրում պատիժ կրելուց հետո: Գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջների համաձայն այդ անձը պետք է ուղարկվի ծառայությունը շարունակելու: Սակայն, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ  անձը խուսափում է զինծառայությունից եւ նույն նպատակով կրկին ինքնակամ թողնում է ծառայության վայրը: Նման դեպքում այդ անձը չի կարող կրկին անգամ պատասխանատվության ենթարկվել նույն արարքի համար` ՀՀ քր.օր-ի 362 հոդ. 1-ին մասով: Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ առաջին անգամ ՀՀ քր.օր-ի 362 հոդ. 1-ին մասով դատապարտվողի նկատմամբ պատիժ է սահմանվում հիմնականում 2 տարի, իսկ առավելագույնը 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Ստացվում է, նման անձինք, ուղղիչ հիմնարկում առավելագույնը 10 ամիս պատիժ կրելով, պետք է ազատվեն զինվորական ծառայությունից:

Այսինքն, այսօր նախատեսված պատիժը չի ծառայում իր նպատակին, չի վերականգնում սոցիալական արդարությունը, չի կանխում նման հանցագործությունները:

Պատժական քաղաքականության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քիչ չեն այն դեպքերը, երբ զինծառայողները դատապարտվել են կարգապահական գումարտակում պահելու   3-ից 6 ամիս ժամկետով /օրինակ, ՀՀ քր.օր-ի 361 հոդ. 1-ին, 364 հոդ. 1-ին, 365 հոդ. 1-ին մասերով/: Նրանց մի մասն օրենքով սահմանված կարգով` ՀՀ քր.օր-ի 76 հոդվածի համաձայն, պայմանական վաղաժամկետ ազատվել են պատիժը կրելուց, փաստացի կրելով նշանակված պատժի 1/3-ը, այսինքն, 1-ից մինչեւ 2 ամիս ժամկետով: Ստացվում է, պատիժը չի վերականգնում սոցիալական արդարությունը:

Ազատազրկման վայրերում պատիժը կրած եւ պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու համար զորամասեր ուղարկված զինծառայողների եւ համածառայողների փոխհարաբերություններում հաճախ խնդիրներ են ծագում, որոնք առանձին դեպքերում պատճառ են հանդիսանում նոր հանցագործությունների համար: Համածառայողների փոխհարաբերություններում նման խնդիրներ գրեթե չեն առաջանում կարգապահական գումարտակում պատիժը կրած զինծառայողների մոտ:

Հաճախ ազատազրկման վայրերում պատիժը կրած եւ ՀՀ քր.  կատ. օր-ի 112 հոդվածով սահմանված հիմքերից որեւէ մեկով պատժից ազատված անձինք պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու համար բնակության վայրի տարածքային զինկոմիսարիատներ չեն ներկայանում կամ ներկայանում են 27 տարին լրանալուց հետո, ինչը բարդություններ է առաջացնում նրանց կարգավիճակը որոշելու կամ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցերում:

Քրեական օրենսգրքի` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված համասեռ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող առանձին հոդվածների դիսպոզիցիաներ հստակեցման կարիք ունեն /ՀՀ քր. օր-ի 365, 366, 368 հոդվածներ/, իսկ որոշ հոդվածների սանկցիաներով սահմանված պատժատեսակներն ու պատժաչափերը չեն համապատասխանում տվյալ հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանին, չեն ծառայում իրենց նպատակին, չեն վերականգնում սոցիալական արդարությունը եւ չեն կանխում նման հանցագործությունները:

Նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները նպատակ են հետապնդում հստակեցնել պատժային քաղաքականության սկզբունքները, նպաստել հանցագործությունների կանխարգելմանը եւ կանխմանը, վերականգնել սոցիալական արդարությունը: